Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դուք չկարողացաք դառնալ ո՛չ առաջնորդ, ո՛չ գլխավոր հրամանատար». Ռուբեն Վարդանյանը՝  Արայիկ Հարությունյանին

Օգոստոս 20,2023 00:52

Այսօր ես այստեղ եմ, ինձ հետ միասին տասնյակ մարդիկ շարունակելու ենք շատ կարևոր գործը՝ վերականգնելու ենք  մեր վանքը: Արցախի Հակոբավանքից ֆեյսբուքյան տեսաուղերձով դիմեց Արցախի նախկին պետնախարար, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»  հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը:

«Վանքը, միայն շենք չէ, վանքը հավատք է, սեր է, հույս է  և ես վստահ եմ, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հասարակության մեջ այդ արժեքները վերականգնվեն, այդ արժեքները լինեն մեր հիմքը՝ ունենալու հույս ապագայի նկատմամբ, ունենալու հույս և հավատ, որ մենք հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները: Այսօր այստեղ տասնյակ մարդիկ են՝ Ստեփանակերտից, այս ձորակի տարբեր համայնքներից: Ես շատ շնորհակալ եմ և ուրախ, որ իրար հետ միասին ենք այս գործը անում, դուք լսում եք երաժշտության և աշխատանքային պրոցեսի ձայները: Մեզ հետ աշխատող  ամենաերիտասարդը չորս տարեկան երեխա է, իսկ տարիքով ամենաավագը 84 տարեկան է, և այս հանգամանքն էլ է շատ ուրախալի, որ  4 սերունդ միասին անում ենք շատ կարևոր գործ: Մենք միասին ենք, և՛ սերունդները, և՛ տարբեր խավի մարդիկ, և մենք չենք հուսահատվում:

Այսօր ես ուզում եմ ասել, որ մենք ունենք լուրջ մարտահրավեր, և այդ մարտահրավերը ոչ միայն թշնամու հետ է կապված, այլ նաև ներսի իշխող վիճակն է: Ուզում եմ իմ անկեղծ խոսքը ասել մարդուն, որը տանում է ամենամեծ պատասխանատվությունը էս իրավիճակի համար, դա  այսօրվա նախագահ Արա Հարությունյանն է: Վեց ամիս առաջ, պաշտոնից դուրս գալու ժամանակ ես ասացի, եթե իսկապես նախագահը պատրաստ է պայքարելու, պատրաստ է դառնալ առաջնորդ և գլխավոր հրամանատար՝ մեր հայրենակիցների, որոնք  Արցախում են և Արցախից դուրս են՝ մենք բոլորս իրար կողք պետք է կանգնենք և ամեն ինչ պետք է անենք, որ ինքը մեզ տանի առաջ  և հաղթահարենք բոլոր դժվարությունները, բայց, եթե՝ ոչ…

Այսօր ես Հակոբավանքից ուզում եմ Արայիկ Հարությունյանին ասել, որ ինքն իր ուսերին  տանում է մեծ բեռ, մեծ պատասխանատվություն և այդ պարտության զգացողությունը, որ ինքն ունի իր մեջ, որ ցավոք, դուք չկարողացաք դառնալ, ո՛չ առաջնորդ, ո՛չ գլխավոր հրամանատար, և դա գալիս է ձեր պահելաձևից:

Մի հայտնի մարդ ասել է. դուք կարող եք  հասարակության մի մասին խաբել անվերջ, դուք կարող եք ամբողջ հասարակությանը խաբել, բայց դուք չեք կարող անվերջ  խաբել հասարակությանը: Ես այն մարդկանցից եմ, որ միշտ ինչ ասում եմ մարդու թիկունքում, պատրաստ եմ ասել դեմքին:

Արայիկ Հարությունյան, երեկ ինձ հետաքրքիր էր լսել, որ դուք մտածում եք, թե ես Միքայել Բադալյանին ինչ-որ ինֆորմացիա եմ տվել, ես ոչ ճանաչում եմ այդ Միքայել Բադալյանին,, ոչ էլ ուզում եմ խոսել նրա մասին: Այն, ինչ կուզենամ ասել, ես կարող եմ ասել ձեր երեսին և շատ անգամներ ասել եմ և այսպես եմ ասելու:

Ես վստահ եմ, որ մենք ունենք իրավիճակ, որում մենք միայն ուժեղանալու ենք, այս իրավիճակում մենք ավելի լավ ենք հասկանալու խոսքի արժեքը, հավատք իրար նկատմամբ, հավատք դեպի հայրենիք: Ես վստահ եմ, որ այս բառերը, որոնք ոչինչ չեն նշանակում ձեզ համար, որովհետև դուք միայն հավատում եք, որ փողով և պաշտոնով կարելի է ամեն ինչին իշխել: Դուք սխալվում եք, Արայիկ, դուք սխալվում եք, և զրկվել է խոսքի արժեքը։

Շաբաթվա սկզբին դուք հայտարարեցիք, թե հրաժարական եք տալու ու ձեզ պետք չէ համոզել, քանի որ այդ որոշումը կայացրել եք: Դա առաջին անգամը չէր, ութ հոգուց, որ ներկա էին այդ հանդիպմանը՝ մի մասն արդեն չէր հավատում ձեր խոսքին, մի մասը մտածում էր, որ գուցե ճիշտ եք ասում: Ցավալի է, որ առաջին դեմքի խոսքն արդեն հավատ չի ներշնչում: Դուք ոչ միայն չպահեցիք ձեր խոսքը, ձեզ ոչ ոք չէր ստիպել ու պետք չէ այլ կերպ ներկայացնել, դուք եք որոշել, դուք եք մեզ ներկայացրել որոշումն արդեն որպես կայացած, չփոխվող որոշում ու դուք եք փոխել այդ որոշումը:

Դուք այլ մարդկանց ասել եք, թե իբր ձեզ ճնշում են, դուք չեք ուզում պաշտոնը թողնել: Կարող  է մարդիկ ձեզ սխալ են հասկացել, կարող է այդպես չեք ասել, բայց մի բան կա. Ուշ, թե շուտ բոլորը նստելու են մի սեղանի շուրջ ու շատ հարցեր են տալու և պարզվելու է, որ շատ անգամներ միմյանց նկատմամբ թիրախավորվածությունը, միմյանց նկատմամբ  ասված սուտ խոսքերը, միմյանց նկատմամբ ատելությունը տարածվել է ձեր բերանից որովհետև դուք տարբեր մարդկանց մոտ տարբեր բաներ եք ասում:

Դա անընդունելի է, դուք չեք ուզում, որ մենք համախմբվենք, դուք չեք ուզում, որ մենք իսկապես բռունցքվենք, դա ցավալի է, քանի որ այս իրավիճակում գլխավոր հրամանատարը խնդիրների հաղթահարման  միակ ճանապարհը  պետք է տեսնի բոլորիս մեկ բռունցք դարձնելու ու համախմբելու մեջ․․․

Ցավալի է, ես խղճում եմ ձեզ, քանի որ դաժան կյանք եք ապրում: Հասկանում եմ , որ դուք ասում եք, նայեք Ռուբեն, անցել է,  10 անգամ խաբել եմ, կուլ եմ տվել, խոսքը տվել եմ, հետ եմ վերցրել, ոչ մեկը ոչ մի բան չի ասել, մարդկանց տարբեր բաներ ասել եմ, տարբեր ձևերով պահել եմ, ո՞վ է ինձ ինչ ասել, որովհետև իշխանությունը իմ ձեռքում է, փողոցն իմ ձեռքում է, ուժայիններն իմ ձեռքում են, փողն իմ ձեռքում է, ով կարող է ինձ ինչ-որ բան անել:

Այո, մեծ պատասխանատվություն կա մեր ժողովրդի նկատմամբ, այդ բոլոր մարդկանց, որ կուլ են տվել այդ ամենը, որ ձայն չեն հանել ու թույլ են տվել նորից ու նորից: Ես վստահ եմ, որ գալու է ժամանակ, երբ ամեն ինչ իր վերջն ունի, ինձ թվում է, այս վերջին շաբաթը դուք անցաք այն վերջին կարմիր գիծը, որ կար արդեն ոչ թե իմ հարաբերությունները ձեզ հետ, ոչ թե այն հարաբերությունները, որ ունեիք այլ մարդկանց հետ, այլ ազգի հետ:

Ինչ արեց աշխարհազորը, որ ուժով մտավ Ազգային Ժողով, ես չգիտեմ, դո՞ւք եք ուղղորդել, թե դո՞ւք եք հրամայել, դուք տեղյա՞կ եք եղել, թե՞ ձեր տեղակալներն են տեղյակ եղել ու ասել են, որ անենք, թե՞ իրենք են էդպես գուշակել ու ասել են անեն, միևնույն է, անընդունելի է: Որովհետև դուք քանդում եք պետական ինստիտուտները, դուք քանդում եք այն պետությունը, որ կառուցել են վերջին 35 տարում, դուք դրա իրավունքը չունեք:

Ես գիտեմ, որ առաջին օրվանից, երբ ուզում էիք, որ ես դուրս գամ պաշտոնից՝ դեկտեմբերի 9-ին է եղել, ոչ թե հունվարին կամ փետրվարին, միշտ անհանգիստ եք եղել, որ ես ժողովրդին դուրս եմ  հանելու,  ու ես ասել եմ, որ դա չեմ անելու:

Ես վստահ եմ. արցախցին է ձեզ հարցնելու էն, ինչ դուք արել եք, դուք նրանց պետք է պատասխանեք, ես իրենց կողքը կանգնած կլինեմ, եթե իրենք այդ հարցը չտամ, ուրեմն  դա իրենց որոշումն է։

Ես վստահ եմ, որ մենք ունենք սքանչելի, անկեղծ, աշխատող , հայրենասեր, մի քիչ նայիվ, մեկ-մեկ մի քիչ խորամանկ, բայց զոհաբերության պատրաստ ազգ, պատրաստ ամեն դժվարություն տանելու, որ իրենց երեխաները մեծանան Արցախում։ Դուք կոտրում եք այդ ազգի հույսն ու հավատը: Ես գիտեմ, դուք բացատրում եք, թե իբր ուզում եք, որ զոհ չլինի, որ ամենափափուկ ձևով, սրա-նրա հետ լեզու գտնելով, մի քիչ լեզու գտնելով, մի քիչ բանակցություններով, էս ամեն ինչին գտնեք լուծում։ Գուցե դուք անում եք անկեղծ, բայց ճանապարհին մարդկանց մեջ կոտրում եք ամենակարևորը՝ հավատքը իրար նկատմամբ, դեպի ազգային, մարդկային  արժեքներ: Դա անընդունելի է, դա ամենամեծ վնասն է, որ դուք կարող եք անել մեր սերունդների համար: Դու մենակ չեք արել, ստեղծվել է տասնյակ տարիների ընթացքում, անարդարության պայմաններում : Մենք, իհարկե մեղավոր ենք, որ ժամանակին չենք փոխել էդ ամենը:

Ես վստահ եմ, որ այս ճգնաժամը մեզ տալիս է այդ հնարավորությունը, ես վստահ եմ, որ այս ճգնաժամը մեզ տալիս է հնարավորություն հականալու, թե որն է ճիշտը, որը՝ սխալ: Վերադառնալ այդ սկզբունքներին ու դրանց վրա հիմնված մեր գաղափարախոսությունը, ռազմավարությունը կառուցել, և՛ գործ անել, և՛ վանքը վերականգնել , և՛ հավատքը, և՛ հիվանդանոցը, և՛ դպրոցը, և՛ ապաստարանը, և զենք գործածել սովորել, և երեխաներին օգնել ուսում ստանալ, և՛ հղի կանանց տանել հիվանդանոց, և՛ աղքատ մարդկանց օգնություն հասցնել, որ սովից չմեռնեն և ուրիշ շատ բաներ անել, որ մարդիկ զգան, որ իրենք մենակ չեն:

Այսօր այստեղ միասին աշխատում են մարդիկ, որ զգում են, որ մենակ չեն, իրենք միասին շատ կարևոր գործ են անում, իրենք կառուցում են հայ Արցախի ապագան՝ իրար հետ, այսօր և դա ամենակարևոր  մեծ ուժն է, իսկ դուք դա չեք հասկանա ու չեք հասկանալու կյանքում»,-ասաց Ռուբեն Վարդանյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031