Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասել, որ միջազգային հանրությունում ոչ մեկը չի պաշտպանում ինքնորոշման իրավունքը, ոչ միայն խաբեություն է, հատուկ մանիպուլյացիա է». Արտակ Ապիտոնյան

Օգոստոս 20,2023 00:00

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվեց Արցախի շրջափակման հարցը:  Aravot.am-ի «Կարմիր գիծ» հաղորդմանը Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Արտակ Ապիտոնյանը հարցին՝ Հայաստանի ներկայացուցիչները՝ վարչապետը ասում է՝ Բաքուն ու Ստեփանակերտը թող իրար հետ բանակցեն, ձեռքերը լվացել է, հետեւաբար ինչո՞ւ պետք է ՄԱԿ-ի ԱԽ-ում ձեռքերը չլվանան Արցախից՝ պատասխանեց. «Առնվազն նախկինում միշտ հայտարարվել է, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավոր: Հիմա նման հայտարարություններ այլեւս չեն հնչում: Փաստորեն, Հայաստանի մասնակցությունը տեղափոխվում է բարոյաքաղաքական ինչ-որ հարթակ, որը ողբերգական է, եթե դիտարկենք: Ի՞նչ ասել է՝ Ստեփանակերտը պետք է բանակցի: Նախ կազմալուծվել են բոլոր այն ինստիտուտները կամ առնվազն պարալիզացվել են, որոնց ներքո պետք է կայանային այդ բանակցությունները: Խոսում ենք Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտից:

Երկրորդը՝ մենք ունենք լուրջ ընկալման խնդիր: Բանակցությունները արտահայտում են ուժային բալանսի դիվանագիտական ձեւակերպումը: Դա կարող է լինել թղթի վրա, կարող է չլինել: Եթե մենք ուժային բալանսում ունենք թուլություն, հետեւաբար գնալ մեկ առ մեկ բանակցությունների՝ չունենալով ապահովությունը, չունենալով նաեւ միջնորդական առաքելությունը, որը թույլ է տալիս բալանսավորել երկու  կողմերի խնդիրները, եւ այդ միջնորդը հանդիսանում է նաեւ լուրջ գարանտ, եթե մենք նման պայմաններով չենք գնում բանակցությունների, ունենում ենք լուրջ խնդիր, ինչպես ունենք օրինակ նոյեմբերի 10-ի փաստաթղթի հետ:

Նոյեմբերի 10-ի փաստաթղթում Հայաստանն իրականացրել է գրեթե բոլոր կետերը, Ադրբեջանից կախված էր կարծեմ 3 կետ, մի կետը՝ գերիների վերադարձը, կատարել է մասամբ, երկրորդ կետը՝ Լաչինը խախտում է այսօր, երրորդ կետը, որը համատեղ ճանապարհների բացումն էր, դեռ քննարկվում է: Այսինքն, մենք կատարել ենք, Ադրբեջանը չի կատարում եւ մենք որեւէ լծակ չունենք Ադրբեջանին պարտադրելու: Դա է իրականում միջազգային համաձայնագրի գինը: Դա դատարան չէ, որ գնաս դիմես, ասես՝ մեր պայմանագիրը խախտել է:

Միջազգային հարաբերություններում պայմանագրի կատարման համար անհրաժեշտ է ա) պայմանագրի կողմի հնարավորությունը պարտադրելու մյուս կողմին՝ կատարելու դա եւ բ) անհրաժեշտ է միջազգային ճնշում կողմի վրա: Եթե այդ երկուսը բացակայում են, երրորդ մնում է ուղղակի բարի կամքի դրսեւորում, իսկ հակամարտությունների պարագայում անսալ բարի կամքի դրսեւորմանը ծիծաղելի է ուղղակի»:

Թե ինչու կառավարությունը, տեսնելով, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չի կատարվում, բոբիկացավ եւ ջուրը մտավ` շտապելով հայտարարել, թե մենք ճանաչում ենք Ադրբեջանի 86.600 քկմ-ն, երբ Ադրբեջանը այդպես էլ չի ճանաչում մեր՝ անգամ 29.800 քկմ տարածքը, ինչի՞ արդյունք էր դա՝ քաղաքական կարճատեսությա՞ն՝ Արտակ Ապիտոնյանը պատասխանեց. «Չգիտեմ որն է երկուսից ավելին քիչ ցավալի: Բայց խնդիրը տեսեք ինչում է՝ որեւէ կարգավորում պետք է հիմնված լինի փոխզիջումների վրա: Ես ուզում եմ հասկանամ՝ ո՞րն է փոխզիջումը Ադրբեջանի կողմից նրա դիմաց, որ Հայաստանը հայտարարել է՝ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նշելով քկմ-ն, ո՞րն է զիջումը Ադրբեջանի: Եթե բանակցությունները վարվում են սպառնալիքի ուժի ներքո, դրանք բանակցություններ չեն: Ավելին՝ այդ բանակցությունները միջազգային իրավունքի տեսանկյունից առոչինչ են, հետեւաբար պետք է հստակ ասել՝ դա սպառնալիքի՞ ուժի ներքո է, թե՞ սպառնալիքի ուժի ներքո չէ:

Եվ երկրորդ խնդիրը կա նաեւ՝ կարգավորման հիմքում դրված են 3 սկզբունքներ: 3 սկզբունքները հայտարարվել են ԵԱՀԿ-ի բոլոր նախարարների մակարդակով: Աթենքի ԵԱՀԿ-ի նախարարական համաժողովում հռչակվել են 3 սկզբունքները՝ որպես կարգավորման հիմք: Այսինքն, դա է եղել միջազգային դիրքորոշումը: Ասել, որ միջազգային հանրությունում ոչ մեկը չի պաշտպանում ինքնորոշման իրավունքը, դա ոչ միայն խաբեություն է, դա հատուկ մանիպուլյացիա է հասարակական կարծիքի: ԵԱՀԿ բոլոր երկրները պաշտպանում էին 3 սկզբունքները միասին: Դրա մեջ մտնում է տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը, որը, ցավոք սրտի, ոչ մի ելույթում, ներառյալ, տարօրինակ էր ինձ համար, բայց Հայաստանի ելույթում չհնչեց: Երրորդը՝ ուժի չկիրառման եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքն է: 3 սկզբունքները ընդունվել են որպես կարգավորման հիմք ԵԱՀԿ բոլոր երկրների կողմից, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից:

Եթե մենք հիմա հրաժարվում ենք մեր կարեւոր կռվաններից, ինչի՞ համար ենք գնում բանակցությունների: Ի՞նչ ենք ակնկալում այդ բանակցություններից ստանալու: Եթե մենք չենք կարողանում պարտադրել կամ առնվազն չենք կարողանում հասնել նրան, որ պարտադրվի Ադրբեջանին այդ պայմանագրերի իրականացումը, եթե մենք չենք կարողանում հասնել մեր ընդունված իրավունքների վերահաստատմանը, այդ դեպքում ինչի՞ մասին ենք խոսում, ինչի՞ն են միտված այս բանակցությունները»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031