Օգոստոսի 19-ին Կապանի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար հրավիրված ներկայացուցչական պատվիրակության անդամները՝ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրինության անդամներ Կապան ժամանեցին օդանավով։ Մինչեւ ինքնաթիռի վայրեջք կատարելը, ադրբեջանական կողմը թիրախավորել էր «Սյունիք» օդանավակայանը, սակայն Երեւան-Կապան ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կատարեց։
Կեսօրին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, ներկայացուցչական պատվիրակության անդամները, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը, կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը, ԶՊՄԿ-ի վարչակազմի այլ ղեկավարներ, հյուրեր, կապանցիներ իրենց հարգանքի տուրքն են մատուցում արցախյան բոլոր պատերազմներում զոհված նահատակների հիշատակին։ Բաղաբուրջի հուշահամալիրում ծաղկադրման արարողությունից հետո նրանք մասնակցեցին օրվա գլխավոր միջոցառմանը՝ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում կայացած հանդիսավոր նիստին։
Կարդացեք նաև
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը վստահ է՝ ոչինչ չի խանգարի Կապանի զարգացմանը։ «Կապանի զարգացումը լինելու է միշտ եւ դրան ոչ մի խոչընդոտ չի կարող խանգարել։ Մենք Կապան այցելելու ենք ե՛ւ օդանավով, ե՛ւ մեքենաներով, եւ վստա՛հ եմ, շատ մոտ ապագայում՝ նաեւ գնացքով։ Կապանի բնակչությունը 45 հազարից կդառնա 100 հազար։ Կապանը պիտի ծաղկի, զարգանա, որովհետեւ բոլոր մեր եղբայրները իրենց կյանքն են տվել հանուն մեր պետականության, ուստի պիտի ձեռք-ձեռքի տանք եւ ուժեղանանք»,-ասաց Սյունիքի մարզպետը։
Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ Կապանը չսիրել չես կարող։ «Կապանը կապում է, շատ հաճախ կապկպում է մեր սիրտն ու հոգին ու ընդմիշտ պահում իր մոտ»,-ասում է Ռոբերտ Ղուկասյանը ու խոստովանում՝ երեկոյան Կապանում քայլելիս՝ «քեզ ներդաշնակ ես զգում, իսկ ներդաշնակությունը հենց կապանցիներից է գալիս»։
Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը շնորհավորելով կապանցիներին՝ նշում է՝ Սյունիքի մարզկենտրոնը բոլոր քաղաքներից առանձնանում է իր կոլորիտով; Կառավարության, մարզային եւ համայնքային իշխանության միասնական ու համատեղ աշխատանքի շնորհիվ միայն Կապանը կհասնի հաջողության։
«Մենք մեծ ծրագրեր ունենք եւ ճանապարհաշինարարության, եւ դպրոցների, մանկապարտեզների առումով, ջրագծերի, այլ ենթակառուցվածքների առումով․ եւ կարծում եմ, մենք հաջողությամբ կիրացնենք այդ ծրագրերը։ Իսկապես, մեծ ուշադրություն կա կառավարության կողմից Սյունիքին, Կապանին, եւ դա արդարացված է։ Մեր գործընկերների հետ համատեղ աշխատանքով խնդիրները քաղաքում, բնակավայրում կլուծվեն»,-հավաստիացրեց Գնել Սանոսյանը։
Կառավարության անդամները,պատգամավորները, մարզային եւ համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրինության անդամները, բազմաթիվ այլ բարձրաստիճան հյուրեր շրջեցին Կապանում։ Երեկոյան՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը բացեց նաեւ քաղաքում ստեղծված «Սյունիք» հարթաքանդակը։ Այն խորհրդանշում է Սյունիքի մարզի հինգ քաղաքային եւ երկու գյուղական համայնքները (հեղինակ` Անդրեաս Օհանջանյան, քանդակագործ Գագիկ Ալեքսանյան):
Արմեն ԴԱՎԹՅԱՆ