Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելը բավականին ուշացած գործընթաց է, պետք էր վաղ դիմել, երբ դեռեւս վերահսկողություն կար Բերձորի միջանցքի վրա». Արտակ Ապիտոնյան

Օգոստոս 19,2023 23:09

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվեց Արցախի շրջափակման հարցը: Ակնհայտ է, որ արդյունքները չեն բավարարում, բայց մենք ինչպե՞ս կարող էինք օգտագործել այս հնարավորությունը եւ ի՞նչ ստացանք մեծ հաշվով:

Այս մասին Aravot.am-ի «Կարմիր գիծ» հաղորդմանը Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Արտակ Ապիտոնյանն ասաց. «Իրականում դժվար է միանշանակ գնահատական տալ այդ քննարկմանը, դա պրոցես է, որը շարունակվում է, պետք չի պրոցեսից որեւէ միջոցառում առանձնացնել՝ գերագնահատելով այն կամ թերագնահատելով: Պետք չի արհեստական սպասումներ գեներացնել մարդկանց մոտ, հետո դա բերել հանգեցնել հուսահատման եւ արդյունքում ստանալ վիճակ, որ տեսեք, միջազգային հանրությունն էլ էնպես չի: Իրականում բավականին կանխատեսելի քննարկում էր: Քննարկումը դեռեւս չի արտացոլում այն, ինչ կարող է տեղի ունենալ այդ քննարկումների արդյունքում: Թեպետ կարող եմ ասել՝ հաշվի առնելով Անվտանգության խորհրդի մշտական անդամների միջեւ եղած բավական նկատելի տարբերությունները, այնտեղ ընդհանուր դաշտ մշակել հայտարարության համար բավականին դժվար է լինելու: Բայց սրանով որոշակի ուշադրության կենտրոն բերվեց Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը եւ դրանով  որոշակի պատասխանատվություն է ստանձնում միջազգային հանրությունը, անկանխատեսելի զարգացումների վերաբերյալ հղում չի կարող լինել: Բայց դե նաեւ, իհարկե, պրոբլեմներ կային՝ հաշվի առնելով, որ մենք իրականում բավականին իջեցրել ենք մեր պահանջների նշաձողը, որը ամենեւին չեմ կարող ասել, որ լավ բանակցային տեխնոլոգիա է կամ լավ դիվանագիտություն է»:

Հարցին՝ կային նաեւ վատթարագույն սպասումներ եւ զգուշացումներ, որ ամեն ինչ կարող էր շուռ գալ մեր դեմ, օրինակ, ՄԱԿ-ում ընդունվեր բանաձեւ, որով Արցախը ճանաչվեր Ադրբեջանի մաս, քանի որ վարչապետ Փաշինյանն այն արդեն ճանաչել է, խնդրահարույց որեւէ բան չէին տեսնի, այդ սցենարները հնարավո՞ր էին՝ պարոն Ապիտոնյանը պատասխանեց. «Իհարկե, հնարավոր էին եւ պետք էր բավականին հաշվարկներ ունենալ՝ նման խնդիրները բարձրացնելուց առաջ: Կարծում եմ, ԱԽ դիմելը բավականին ուշացած գործընթաց է: Հայաստանը անցած տարվանից է դիմել, բայց կարծում եմ պետք էր ավելի վաղ դիմել, հատկապես այն շրջանում, երբ դեռեւս վերահսկողությունը կար Բերձորի միջանցքի վրա եւ նաեւ մենք ունեինք այնտեղ հայկական բնակչություն: Այսինքն, պետք էր որոշակիորեն ամրագրել այդ կարգավիճակը՝ պահպանելով բնակչությունը: Այսօր ունենք այն, ինչ արդեն ունենք: Կորցրած է ե՛ւ վերահսկողությունը Բերձորի միջանցքի վրա, հետեւաբար նաեւ շատ մեծ խնդիրներ են առաջանում Արցախում բնակչության ապահովության՝ կենսապահովության, բայց նաեւ անհատական ապահովության եւ անվտանգության համար»:

Հարցրեցինք՝ դուք ասում եք սա կորսված հնարավորություն է, բայց մենք չտեսանք այն տնային աշխատանքը, որը կատարել էր ԱԳՆ-ն, տեսանք ելույթներ, որոնք մեզ համար առնվազն տարակուսելի էին: Օրինակ, Բրազիլիայի ներկայացուցչի ելույթը, նախկինում պրոհայկական էր, հիմա դիրքորոշումը կարծես փոխել է, սա չի՞ վկայում այն մասին, որ ճիշտ աշխատանք չի տարվել այդ երկրների հետ՝ նա պատասխանեց. «Իրականում կային ե՛ւ լավ աշխատանքի օրինակներ, ե՛ւ ձախողումներ: Բրազիլիան այդ ձախողումներից մեկն էր, որովհետեւ անհասկանալի է: Մեծ համայնք, ազդեցիկ համայնք ունեցող երկրում բարեկամական երկրում ու նման ոչ ձեռնտու բան: Իրականում սա խոսում է այն մասին, որ աշխատանքի մեջ կան թերացումներ: Սակայն կային նաեւ լուրջ հաջողություններ, որոշ երկրների առումով անսպասելի՝ Մալթան, աֆրիկյան երկրները չէի ասի շատ հայամետ, բայց բավականին գրագետ եւ Ադրբեջանին որոշակիորեն դատապարտող հայտարարություններ արեցին: Ես չէի ցանկանա շատ հայտարարությունները քննարկեինք, որովհետեւ դա արդեն Եվրատեսիլն է հիշեցնում՝ սա մեզ լավ պաշտպանեց, սա չպաշտպանեց: Իրականում խնդիրը պետք է հանգեցնել նրան, թե ի՞նչ արդյունք ակնկալել սրանից: Եվ ամենակարեւոր շեշտերից մեկը, որի վրա պետք է դրվեր մեր հարցադրումը եւ ակնկալվող արդյունքը, այն է, որ գոյություն ունի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշում, որի վրա պետք էր ուժեղ շեշտադրում: Մի մասը ելույթ ունեցողների դա արեցին, բայց ակնկալվող արդյունքը պետք է լիներ հենց այդ որոշման ի կատար ածելու պարտադրումը: Եթե անկեղծ ասեմ, միջազգային հանրության եւ ընդհանրապես միջազգային կազմակերպությունների պրակտիկայում բավականին տարբեր մոտեցումներ կան եւ ակնկալել որոշումներ, որոնք բերելու են բեկումնային զարգացումների, շատ դժվար է: ՄԱԿ-ը ունի որոշումների պարտադրման երկու մեխանիզմ, առաջինը սանկցիաներն են, երկրորդը՝ խաղաղարար գործողությունները: Խաղաղարար գործողություների մասին այստեղ խոսք չի գնում, որովհետեւ նույնիսկ ռուսները խաղաղապահ են, ոչ թե խաղաղարար եւ մանդատի մեջ տարբերություններ կան, իսկ պատժամիջոցների մասին ոչ ոք չխոսեց: Հետեւաբար, մնում է ի՞նչ, նույնիսկ լավագույն արդյունքը կարող է լինել ինչ-որ մի բանաձեւ կամ հայտարարություն, որը բարոյական ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա: Եվ տվյալ դեպքում Ադրբեջանը ինչքանով կենթարկվի այդ բարոյական ճնշմանը կամ ինչքանով մեծ խաղացողները անդրկուլիսային զարգացումներով կստիպեն Ադրբեջանին կատարելու այդ որոշումը, շատ հարցականի տակ է՝ հաշվի առնելով, որ մենք չունենք միակամություն այդ մեծ խաղացողների մոտ: Հետեւաբար, արհեստական սպասելիքներ գեներացնելը շատ սխալ կլինի: Բայց պետք է ասել, որ սրանով Ադրբեջանի ձեռքերը, այնուամենայնիվ, կապվում են որոշ առումով: Պետք է կարողանանք օգտվել այս ձեւավորված իրավիճակից: Սա միայն չի վերաբերում դիվանագիտական միջոցներին, այլ ամբողջ գործիքակազմին, որովհետեւ իրականում դու որոշակիորեն սրանով ստանում ես արտոնություն գործելու: Եթե միջազգային հանրությունը պրոբլեմը տեսնում է, արձանագրում է, սակայն չի կարողանում լուծումներ թույլ տա, դա չի արգելում անհատական երկրներին գնալու լուծումներին: Բայց դա ենթադրում է լուրջ նախապատրաստություն եւ լուրջ, համարձակ քայլեր: Ես չգիտեմ ներկա կառավարությունը ինչքանով է պատրաստ նման քայլերի գնալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031