Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւան քաղաքի ավագանու ընտրության ընթացքում իշխանության կողմից լծակների կիրառում եւ կեղծիքներ կատարելու հնարավորության դեմ պայքարելու նպատակով ստեղծվող խմբի մասնակից «Կամավորականների, աշխարհազորայինների եւ պահեստազորի զինվորականների միավորում» կառույցի համակարգող Ալբերտ Բազեյանն Aravot.am-ին ասաց․ «Երեւանի ավագանու ընտրության ընթացքը, ցավոք սրտի, դարձել է տարանջատիչ գործոն, որովհետեւ 13 քաղաքական կուսակցություններ եւ մեկ դաշինք հայտ են ներկայացրել։ Ընդդիմադիր որոշ ուժեր պայքարելու են միմյանց դեմ, մեկը տանելու է 2 տոկոս, մյուսը՝ 0,1 տոկոս, երրորդը՝ 3 տոկոս։ Եվ իշխանությունը, ունենալով իրեն կողմնակից քաղաքական կառույցներ, որոնք իրենց մասնակցությունը դրել են նրա համար, որ եթե ընդդիմադիր ուժերն ընտրությունները բոյկոտեն, իրենց մասնակցությամբ ընտրությունները կայանան։ Իշխանությունն օգտագործելու է իր վարչական լծակները, ֆինանսական միջոցները, լրատվամիջոցները, ընտրակեղծիքների տեխնոլոգիաները, ընդ որում ԿԸՀ նախագահը ՔՊ կուսակցության անդամ, նախկին լրագրող Վահագն Հովակիմյանն է, որը Տիգրան Ավինյանին դարձնելու է քաղաքապետ։ Սա մեր ենթադրությունն է։ Դրա համար մեր կազմակերպությունը դեռեւս որեւէ որոշում չունի, թե ում ենք պաշտպանելու այս ընտրություններում»։
Ալբերտ Բազեյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը ներկայումս ավելի շատ կենտրոնացած է Երեւանի բոլոր վարչական համայնքներում գրասենյակներ ստեղծելու վրա, որից հետո տարածվելու են մարզեր։ Հզորանալով նրանք օրինակ են ծառայելու մյուս ազգային ուժերի համար, որպեսզի բոլորին համախմբեն մեկ, համահայկական միասնական դաշինքի մեջ։ Եվ ժողովրդին ոտքի հանելով՝ անհնազանդություն են հայտարարելու այսօրվա իշխանությանը, պարտադրեն Նիկոլ Փաշինյանի հրաժարական, նրա կառավարության հեռացում եւ ԱԺ լուծարում, որից հետո ձեւավորելու են կարճաժամկետ ժամանակավոր կառավարություն, որը կիրականացնի արդար, օրինական ԱԺ ընտրություններ։
«Մեզ հաճախ հարցնում են․ իսկ ո՞վ է լինելու հաջորդ ղեկավարը։ Պատասխանում եմ՝ ո՛չ Նիկոլը, ո՛չ Լեւոնը, ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ Սերժը։ Նրանց ժամանակն անցել է։ Հայ ժողովրդի մեջ կգտնվի 100-ից ավելի մարդ, որոնք ավելի լավ կղեկավարեն երկիրը։ Ազգի մի մասը արեւմտամետ է, մյուսը՝ ռուսամետ։ Պետք է մի կողմ դնենք այդ ամենը եւ վարենք մեր ազգային, պետական շահերից բխող հավասարակշռված, բազմավեկտոր արտաքին քաղաքականություն»,-ասաց մեր զրուցակիցը։
Ալբերտ Բազեյանի դիտարկումով Երեւանի ավագանու ընտրությունները ընդդիմադիրների կողմից բոյկոտելը չէր աշխատելու, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի արբանյակ կուսակցությունները մասնակցելու են, ընտրությունը լինելու է լեգիտիմ ու նրանք Տիգրան Ավինյանին դարձնելու էին քաղաքապետ։ «Մասնակցության առումով, ցավոք, ընդդիմադիր ուժերը չկարողացան միավորվել, գտնել մեկին, որի շուրջ կարող էին համախմբվել»,-ասաց պարոն Բազեյանը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ