Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի ավագանու ընտրությունը հնարավորություն է ինչ-որ չափով զսպումների եւ հակակշիռների համակարգ ստեղծելու․ «Առերեսում»

Օգոստոս 19,2023 22:00

«Եթե մնում է այս իշխանությունն՝ այն որդեգրել է Երեւան քաղաքի հանդեպ նեոլիբերալ՝ ինչպես հիմա ընդունված է ասել, ամբողջովին ազատական՝ վատ առումով, մի քաղաքականություն, ըստ որի՝ ամեն ինչ, ինչ հնարավոր է վաճառել՝ պետք է վաճառել։ Աննախադեպ քանակությամբ շինթույլտվություններ են տվել․․․ Շարունակվելու է այդ գիծը»,– ասաց «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ Իզաբելլա Սարգսյանը։

Հաղորդման մյուս հյուրը՝ ճարտարապետ-քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանը, մեկնաբանելով «GALLUP International Association»-ի հետազոտության տվյալները, որի՝ «Ձեզ համար Երեւանի քաղաքապետի պաշտոնը քաղաքակա՞ն պաշտոն է, թե՞ Երեւանի կառավարչի պաշտոն» հարցին ի պատասխան՝ հարցվածների 48.5%-ը նշել է՝ կառավարչի, 41.5%-ը՝ քաղաքական պաշտոն, ասաց․ «Պետք է աշխատանք տարվի այդ ուղղությամբ, որ ներկայացվի, թե ինչ դեր կարող է ունենալ Երեւանի քաղաքապետը։ Քանի որ Երեւանի քաղաքապետերը վերջին գոնե 10 տարիների ընթացքում՝ չնչին բացառություններով (Կարեն Կարապետյանի ժամանակ ու սկզբնապես, շատ քիչ նաեւ Հայկ Մարությանի դեպքում) ԺԷԿ–ի (ռուս․՝ ЖЭК՝ Жилищно-эксплуатационная контора՝ բնակարանային շահագործման տեղամաս․– Ա․ Ի․) վարիչի դերում հանդես եկող քաղաքապետեր ենք ունեցել։ Եվ նրանք հիմնականում սահմանափակվել են կանաչապատման ու տանիք նորոգելու հարցերով, ու որեւէ մեկը հիմնարար փոփոխություններ անելու խնդիր չի դրել իր առջեւ ու չի էլ լինելու հիմա, քանի որ արդեն տեսնում ենք, թե Հայկ Մարությանից հետո Երեւանի քաղաքապետարանում ինչ է կատարվում։ Շարունակվում է այն, ինչ եղել է նախկինում՝ համայնքային գումարները վատնվում են պոպուլիստական ինչ որ քայլերի համար, գործողություններ են արվում, որ ընդհանրապես քաղաքային գործառույթ չեն, բայց ծախսվում են այդ գումարները»։ Ավելի ուշ՝ որպես դրա մի օրինակ նշեց բակերի բարեկարգումը, որը պետք է համատիրությունների խնդիրը լիներ՝ ոչ համայնքի։

Իզաբելլա Սարգսյանը համառոտ ձեւակերպեց խնդիրը․ «Մեջբերում եմ՝ «Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյումն» ամբողջովին, բոլոր լիազորություններով, բոլոր պատկան մարմիններով՝ այսօր իշխանական ուժի հագին է։ Հիմա Երեւան ընտրությունները հնարավորություն են քաղաքում ինչ-որ չափով զսպումների եւ հակակշիռների համակարգ ստեղծելու։ Ինչո՞ւ են մարդիկ այդ հարցումներում ասում, թե հիմնական հարցն աղբահանությունն է, տրանսպորտը եւ այլն։ Որովհետեւ ընդհանուր տեղեկատվական ֆոնը, ընդհանուր քարոզչությունը, որ տարվում է տարբեր տեղերից՝ ընտրողին դաստիարակում ու դնում է այդ պարադիգմի մեջ․․․ Ես եկել եմ այստեղ հենց սա ասելու համար՝ սա քաղաքական գործընթաց է։ Եթե մենք ուզում ենք, որ ոչ միայն Երեւանում, այլ երկրում լինի զսպումների եւ հակակշիռների մեխանիզմ՝ շատ կարեւոր է, շատ լավ ու բարեհաջող կլիներ ողջ երկրի համար, եթե Երեւանի քաղաքապետը եւ ավագանին լիներ այլ քաղաքական ուժից կամ ուժերի դաշինքից»։

Երևանը պետբյուջեից 60-70 տոկոսով սուբսիդիաներ է ստանում, կոնկրետ 2023 թվականի բյուջեն, որը մոտավորապես 272 միլիոն դոլար է, 63 տոկոսով համաֆինանսավորվել է կառավարության կողմից։ Հարցին ի պատասխան՝ արդյոք քաղաքի կառավարման առումով խնդիրներ չե՞ն ծագի ընդդիմադիր քաղաքապետի պարագայում՝ Սարհատ Պետրոսյանը մասնավորապես հիշեցրեց, թե ինչ են արել բոլոր այն համայնքներում, որտեղ չի անցել իշխանական թեկնածուն՝ Վանաձորում, Գյումրիում եւ այլն․ «Ես չեմ կասկածում, որ եթե անցնի որեւէ ոչ իշխանական թեկնածու՝ էլի նման ճնշումներ լինեն։ Եվ այդ ժամանակ երեւանցին պետք է գնա՝ մի հատ էլ տեր կանգնի իր քվեին եւ այդպես շարունակ՝ մինչեւ մաքրվի այս դաշտը։ Իսկ պետական բյուջեից համայնքներին տրվող մասհանումներն ըստ օրենքի են՝ նվազագույնը 25-30 տոկոսն ըստ օրենքի են տրվում։ 2023 թվականին ավելացած մնացած գումարների պատճառը հիմնականում կապված է նախընտրական շրջանի հետ․․․ Որ ափալ–թափալ, մինչեւ ընտրությունները կարողանան ցույց տալ ավտոբուսների քանակ եւ այլն»։

Իզաբելլա Սարգսյանը կարեւորեց, որ քարոզարշավի ընթացքում քաղաքական հստակ ուղերձներ լինեն․ «Որեւէ մեկը, որ գա՝ ասի, թե ես ավելի լավ ավտոբուս կբերեմ, քան Ավինյանը, կամ ես ավելի լավ ծառ կտնկեմ, քան Ավինյանը՝ այս պայքարում որեւէ շանս չունի։ Պետք է լինի շատ հստակ ուղերձ Երեւանի բնակչությանը, որ դուք հիմա կարող եք այս ընտրությամբ ինչ որ չափով փոխել երկրի զարգացման ընթացքը»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031