Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավիտյան հիլիվըր ու խոխա»․ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը բացահայտել է ալեւոր Կապանի երիտասարդ ու հմայիչ լինելու գաղտնիքը (ֆոտոշարք)

Օգոստոս 19,2023 21:31

Թե քանի՞ տարեկան է Կապանը՝ ոչ մեկը չի կարող ասել, բայց Սյունյաց մարզկենտրոնի ծննդյան օրը կայուն է՝ օգոստոսի նախավերջին շաբաթ օրը։ Եվ այսօր՝ օգոստոսի 19-ին Կապանում տոնակատարությունները  սկսել էին վաղ առավոտից․ ջրցան մեքենաներով փողոցների լվացում, խորհրդանշական տոնական տորթի կտրում եւ բաժանում քաղաքի տարբեր թաղամասերի միջեւ, սպորտային խաղեր։

Կապանի մասին պատմական առաջին հիշատակությունները վերագրվում են հինգերորդ դարին։ 10-րդ դարից սկսած մատենագիրները Կապանը հիշատակում են որպես քաղաք, իսկ 10-րդ դարի վերջից արդեն՝ որպես Սյունիքի թագավորության մայրաքաղաք։ Ըստ 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ այս տարածաշրջանում քաղաքակրթությունը  գոյություն է ունեցել դեռևս Ք.ա. 5-րդ դարում։ Սյունիքի մարզկենտրոն Կապանը հնում ունեցել է սահմանները տեղանշող յոթ բերդեր ու կոչվել Յոթնաբերդ, իսկ թե ինչո՞ւ է կոչվում Կապան՝ տարբեր կերպ է ստուգաբանվում։ Կան պնդումներ, որ Կապանը հնդեվրոպական բառ է ու նշանակում է կիրճ կամ լեռնանցք։ Մեկ այլ տեսակետի համաձայն «կապ» նշանակում է «փակ». քաղաքը, իրոք, պարփակված է լեռնաշղթաներով։ 15-րդ դարի սկզբում Կապանն ավերվել է, անունը, թուրքական աղավաղմամբ, արտասանվել Ղափան, իսկ Հայաստանի անկախացումից հետո նորից դարձել Կապան։

Կապանցի երկարամյա մանկավարժ, բանասեր  Լեւոն Մարգարյանը շատ է սիրում իր «բախտավոր քաղաքին»։ Իսկ Կապանը  բախտավոր է, որ հերոս է, բախտավոր է, որովհետեւ մենք ունենք իրեն, ինքը՝ մեզ, որ մենք ունենք իրեն կամ ինքը մեզ։ «Բախտավոր է միայն մեզ հասկանալի յուրահատուկ բարբառով, անշփոթելի երեւելի, նրբակիրթ ու հյուրընկալ մարդկանցով, երանավետ է քաջանուն Գարեգին Նժդեհով, Սմբատ Մելիք–Ստեփանյանով, Պողոս Տեր-Դավթյանով, բոլոր ժամանակների պատվելի արիակուռ  ղեկավարներով,  մերօրյա հերոս տղերքով»,-ասաց Լեւոն Մարգարյանը, որի տղան նույնպես զոհվել է 44-օրյա պատերազմում։ Հուզվում է հանդիսավոր նիստի ժամանակ եւ շարունակում թվարկել, թե ինչու է կապանցին բախտավոր։

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետն էլ Ամենայն Հայոց կաթողիկոսի մաղթանքները փոխանցում կապանցիներին եւ նշում, որ Սյունիքի սիրտ համարվող Կապանը շատ նշանավոր մարդկանց է տվել՝ այդ թվում հայոց սրբերից մեկին՝ Մովսես Տաթեւացուն՝ Խոտանան գյուղից։

«Արցախում ապրող մեր զավակները, քույրերը, եղբայրները աշխարհին ցույց են տալիս թե ո՞րն է իսկական հայրենասիրությունը։ Գնում են    ցեղասպանվելու,  բայց չեն լքում իրենց սրբավայրերը, հայրենիքը, հողը, այդպես է նաեւ Սյունիքը, սյունեցին։ Վստահ եմ, որ Աստծո օրհնությամբ էլ ավելի հզորանալու է մեր երկիրը ու գալու է այն սահմաններին, որ մեր հայրերը մեզ փոխանցել են»,-համոզված է  Մակար վարդապետ Հակոբյանը։

Անցած տարի Կապանի օրվա միջոցառումներին մասնակցել էր նաեւ Արցախի պատվիրակությունը՝ Ստեփանակերտի  քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ։ Այս անգամ Արցախի ճանապարհի փակ լինելու պատճառով Դավիթ Սարգսյանը ուղերձ է հղել՝ կապանցիներին մաղթելով խաղաղություն ու բարօրություն։ «Բարձրյալը թող բոլորիդ հովանի լինի, նժդեհյան գաղափարները՝ մշտարթուն, դավիթբեկյան սուրը՝ հատու։ Ամուր եղեք եւ մեր ընդհանուր հայրենիքի տեսլականին հավատարիմ»,-նշված է Ստեփանակերտի  քաղաքապետի ուղերձում։

Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը շնորհակալ է, որ բոլորը կիսում են կապանցիների ուրախությունը։ Դարերի ակունքներից եկող կապանցին ոչ թե անցյալով ապրող ու անցյալով մխիթարվող է, այլ ներկայով ապրող ու արարող ժողովուրդ, որի վկայությունը, ըստ Գեւորգ Փարսյանի՝ Կապանի  ներկա ընթացքն է։ Համայնքապետի դիտարկմամբ՝ ով մեկ անգամ գալիս է Կապան՝ սիրահարվում է հավերժ երիտասարդ այս քաղաքին։

Գեւորգ Փարսյանը փորձել է բացահայտել, թե որն է ալեւոր Կապանի երիտասարդ ու հմայիչ մնալու գաղտնիքը։ «Հավերժ գեղեցիկ ու երիտասարդ մնալու հիմնական գրավականը հենց կապանցիներն են։ Իրենց  վեհանձնությամբ,  հյուրասիրությամբ ու մարդկայնությամբ, հող ու ջրի հանդեպ անսահման նվիրվածությամբ, հայոց պետականության մինչեւ վերջ նեցուկ լինելու պատրաստակամություն։ Հոգեբաններից մեկը տարիներ առաջ ուսումնասիրել է կապանցու բնավորությունը եւ այս հատկանիշներին ավելացրել ՝ ընկերասիրություն, հանդուրժողականություն, անմիջականություն, վերլուծող միտք, համարձակություն»,–իր խոսքում նշեց Կապանի համայնքի ղեկավարը։

Կապանի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Չարենցի անվան փողոցում լուսանկարների ցուցադրության էր, հարգանքի տուրք մատուցվեց Սյունիքի՝ 1918-1920թթ․ ազատամարտի զորահրամանատար, ծնունդով Վերին Խոտանան գյուղից Պողոս Տեր-Դավթյանի հիշատակին։ Միաժամանակ Կապանի համայնքապետարանի եւ Մոսկվա քաղաքի Հարավային վարչական շրջանի աշխատակազմի միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրած համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանն ու  եւ Մոսկվա քաղաքի Հարավային վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Ալեքսեյ Երոշինը պատրաստակամություն են հայտնել զարգացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, մշակել եւ իրականացնել տարաբնույթ նախագծեր։

Կապանի օրվա միջոցառումներին մասնակցեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչակազմի ներկայացուցիչներ, համայնքապետեր, բազմաթիվ այլ հյուրեր։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031