Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու է 13 կուսակցություն եւ 1 կուսակցությունների դաշինք։
Հանրության մեջ մտահոգություն կա, որ իշխող կուսակցությունը, օգտագործելով իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքակազմերը, կխոչընդոտի արդար ընտրությունների կազմակերպմանը, հնարավոր բոլոր միջոցներով կեղծելով արդյունքները՝ կապահովի իր «հաղթանակը» եւ կվերարտադրվի նաեւ մայրաքաղաքում։
Այս հնարավոր զարգացումները կանխելու նպատակով ստեղծվել է Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցող քաղաքական, հասարակական ուժերից կազմված նախաձեռնող մի խումբ, որն այսօր իր դիտարկումները եւ անելիքների ծրագրերը ներկայացրեց լրատվամիջոցներին։
«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, ՀՀ ԳԽ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանն ասաց․ «Մենք այնպիսի ողբալի իրավիճակում ենք հայտնվել, որ բոլոր քաղաքական ուժերը, Հայաստանի, հայ ժողովրդի ապագայով մտահոգ բոլոր ՀԿ-ները, անհատները ուղղակի իրավունք չունեն պասիվ անտարբերությամբ հետեւել, թե ինչ է կատարվում։ Եվ այսօր, երբ առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններն են, ռեալ հնարավորություն կա կազմակերպելու որոշակի միավորում, համատեղ ջանքերով հասնել այն բանին, որ այսօրվա անորակ, մեծ թերություններ ունեցող իշխանությունների ներկայացուցիչները գոնե մայրաքաղաքում պարտվեն եւ այս ընտրությունները դառնան ՔՊ-ին մերժելու հանրաքվե։
Կարդացեք նաև
Քանի որ իշխանությունը բոլոր դեպքերում լուրջ առավելություն ունի վարչական ռեսուրսների պարտադրման, հարկադրման մեխանիզմներով, ցավոք սրտի, այսպես կոչված «նորերը» արդեն լավ սովորել են չարաշահել այդ հնարավորությունները եւ առաջիկայում ակնկալվում է, որ կեղծիքի հարցով թեւերը քշտած կմասնակցի ընտրություններին, շատ կարեւոր է, որպեսզի միավորված ուժերը, որոնք դեմ են այս իշխանությանը, ավագանու ընտրությունները դարձնեն նրանց մերժելու հանրաքվե։ Այս միավորումը նրանց համար կարող է դառնալ շտաբ, ունենալ քվեարկությունների ընթացքում վերահսկման, հետեւելու, կեղծիքները ժամանակին հայտնաբերելու, հրապարակելու մեխանիզմ։ Այս առումով, կարծում ենք, որ միավորման շտաբը ստեղծելու խնդիրը առաջնահերթ կարեւորություն ունի։ Գաղտնիք չէ ու երեւի բոլորին էլ արդեն ակնհայտ է, որ սկզբնական, ես կասեի՝ տարօրինակ նվիրվածությունը, որ կար մարդկանց մեջ նիկոլականների նկատմամբ, վաղուց արդեն, թեկուզ մայրաքաղաքում, անցել է։ Եվ արդար, թափանցիկ ընտրությունների դեպքում Ավինյանի ղեկավարությամբ նրանց այդ խումբը ուղղակի կպարտվի։ Համենայն դեպս, միայն իր ուժերով չի հասնի հաղթանակի։
Եվ այստեղ շատ կարեւոր է դառնում մի ուրիշ հարց։ Քանի որ չհավաքելով մեծամասնություն, նրանք փորձելու են իրենց կողմն անել ընտրություններին մասնակցող եւ շեմը հաղթահարած մյուս ուժերին եւ նրանց հետ կոալիցիա կազմել, այդպիսով իշխանությունը նորից իրենց ղեկավարությամբ պահպանել, շատ ու շատ կարեւոր է, որ այդ 14 ուժերի այն մասը, որը ՔՊ-ական չէ, պաշտոնապես հայտարարեն, որ ոչ մի դեպքում, ինչ էլ լինի, ինչքան էլ գայթակղիչ առաջարկ լինի, չեն համաձայնի կոալիցիա կազմել ՔՊ-ականների հետ։
Այս կոչը անելու համար արտախորհրդարանական բոլոր ուժերին, մեր ապագայով մտահոգ հասարակական-քաղաքական բոլոր ուժերին, քիչ թե շատ հեղինակավոր բոլոր անձանց եւ, ինչու չէ, նաեւ ընտրողներին, մենք ծրագրում ենք օգոստոսի 26-ին ժամը 14։00-ին հրավիրել համատեղ հավաքի, որի ժամանակ կորոշենք՝ ինչպես ենք կազմակերպելու այն շտաբը, որը կբռնի կեղծարարների ձեռքը եւ այս «նորերին» չի թողնի հների պես նույն մեխանիզմներով կեղծել ընտրությունները։
Ես հույս ունեմ, որ այդ հավաքի ընթացքը լայնորեն կլուսաբանվի եւ մեր ժողովուրդը, առաջին հերթին մայրաքաղաքի ընտրողները, կիմանան՝ ով ով է եւ ինչ ուղղվածություն ունի, կհասկանան, որ հերիք է խաբվել։
Ընտրություններում ՔՊ-ականների տապալվելը շատ կարեւոր հարց է լուծելու։ Թե որքանով կփոխվի եւ որքան ազդեցիկ կլինի ոչ իշխանական ուժերի ձայնը, դրանից է կախված լինելու, թե ինչ հնարավորություններ կան գոնե փրկելու անդունդ գլորվող Արցախը կործանումից»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ