Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում օգոստոսի 18-ին վերստին դասականության տոնահանդես էր. կայացավ «Թաքուն… Անխոս» երգի երևանյան պրեմիերան և հանդիպում երգի խոսքի հեղինակի՝ բժիշկ, ազգային հասարակական գործիչ, բարերար, բանաստեղծ, հրապարակախոս, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ Յակոբ Այնթապլեանի հետ, որը հանդես եկավ նաև «Հայոց լեզուն և հայրենատիրությունը» թեմայով բանախոսությամբ:
Թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը ողջունեց ունկնդիրների՝ աշխատանքային շաբաթվա վերջին օրը թանգարանային մթնոլորտում եզրափակելու և բացառիկ հայ մտավորական-բժշկի խոսքը վայելելու պատրաստակամությունը: Այնուհետև ներկայացվեց «Թաքուն… Անխոս» երգի տեսահոլովակը, որը հանդիսատեսն արժանացրեց ջերմ ընդունելության: Երգի երաժշտության հեղինակը Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Մարգարիտ Սարգսյանն է, իսկ տեսահոլովակում երգը հնչում է հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, բարիտոն Անդրանիկ Մալխասյանի մեկնաբանությամբ: Մարգարիտ Սարգսյանի խոսքով՝ ամեն մի երգահանի համար բառի հետ գործ ունենալը մեծ պատասխանատվություն է և ամեն մի բանաստեղծություն իր յուրահատուկ շունչն ունի, որը պետք է կարողանալ զգալ ու երաժշտության միջոցով բացահայտել. «Յակոբ Այնթապլեանի բանաստեղծությունները խորն են, միանգամից չեն բացվում, ինչպես, օրինակ, Իսահակյանի բանաստեղծությունները, որոնք ծաղկի պես են: Այնթապլեանի բանաստեղծությունների դեպքում կամաց-կամաց ես սկսում զգալ դրանց ներքին հոսքը՝ էներգետիկան: Ես շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց զգալ այդ հրաշալի տողերը և գտնել դրանց ներդաշնակ մեղեդի»:
Յակոբ Այնթապլեանը նշեց, որ ինքը բանաստեղծություններ սկսել է գրել դեռ Մուրատ-Ռափայելյան վարժարանում ուսանելու տարիներին, երբ ապրում էր ժամանակին Դանիել Վարուժանին հատկացված սենյակում ու դա չէր կարող հետք չթողնել իր ներաշխարհի վրա: Այնթապլեանը հրատարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու՝ սիրային և ազգասիրական բովանդակությամբ, որոնք երբեմն ներկայացրել է իր մոտ բուժում ստացող հայտնի բանաստեղծների, ինչպես Գևորգ Էմինը, Համո Սահյանն ու Վահագն Դավթյանը: «Թաքուն… Անխոս»-ը լույս աշխարհ է եկել 40, լույս ընծայվել 20 տարի առաջ, և հեղինակի կարծիքով՝ տիկին Մարգարիտի գրած երաժշտությունն ավելի տպավորիչ ու կենդանի է դարձրել խոսքը:
Կարդացեք նաև
Մարինե Օթարյանը «Թաքուն… Անխոս» երգը բնորոշեց որպես դրամատիկ փիլիսոփայությամբ հագեցած ստեղծագործություն, որում հրաշալիորեն ներդաշնակվել են խոսքն ու երաժշտությունը, իսկ գործիքավորման մեջ թավջութակի հնչողության դոմինանտությունը խորություն է հաղորդել մեղեդուն:
«Հայոց լեզուն և հայրենատիրությունը» բանախոսությամբ պարոն Այնթապլեանը շարադրեց հայապահպանության և Հայաստան պետության զորացման իր տեսլականը: Հայության երկփեղկված վիճակը՝ որպես Հայաստանաբնակ և սփյուռքահայ, է՛լ ավելի է խորանում աշխարհաբարի երկճյուղ լինելու և աբեղյանական ու դասական ուղղագրությունների պատճառով, և պարոն Այնթապլեանի խոսքով՝ հայությունը, որը «Մեկ ազգ-մեկ հայրենիք» գաղափարախոսությունն է որդեգրել, պետք է ունենա նաև մեկ հայերեն, որովհետև հայրենատիրությունը հենց ազգատիրությունն է, իսկ ազգը կայանում է ժողովուրդ-հողատարածք-կրոն-լեզու-մշակույթ-ավանդույթ հենքով: Պետությունը որպես ազգի պահապան և պաշտպան, պետք է ամեն բան անի՝ տեր լինելու և աշխարհասփյուռ տասը միլիոն հայությանը հայաստանաբնակ դարձնելու համար, միայն որով էլ հնարավոր կդառնա ազգային պահանջատիրությունն ու հզոր պետության կայացումը:
Հայաշունչ և հայերենաշունչ մթնոլորտով հագեցած երեկոն եզրափակվեց համերգով. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, սոպրանո Դիանա Հարությունյանը և Մարգարիտ Սարգսյանը կատարեցին հայ դասական կոմպոզիտորների երկներ: Իսկ վերջում երեկոյի առիթ դարձած «Թաքուն… Անխոս» երգը կրկին հնչեց՝ այս անգամ՝ Դիանա Հարությունյանի մեկնաբանությամբ:
Նյութը պատրաստեց Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտաշխատող Սիրարփի ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ