«Անընդհատ մեզ առաջարկում են այսպես ասած Աղդամի (Ակնայի) այլընտրանքը։ Բայց մենք Աղդամի ճանապարհը չենք ընդունում հենց նրա համար, որ հարցը միայն հումանիտար ճանապարհով չսահմանափակվի, որ որպես այլընտրանք Աղդամը չդիտարկվի և մնացած հարցերը երկրորդային չդառնան»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Մենք Արցախն ենք» նախաձեռնող խմբի անդամ, «Դիզակ ԱՐՏ» մշակութային ՀԿ նախագահ Լիաննա Պետրոսյանը։
Լիաննա Պետրոսյանը 2008-ից՝ ուսումն ավարտելուց հետո, տեղափոխվել էր Հադրութ և նույն թվականին արդեն նշանակվել Հադրութի հայրենագիտական թանգարանի տնօրեն, որից հետո 2014-ից նշանակվել էր «Դիզակ» թերթի խմբագիր․ «Մինչև 2022-ը փաստացի եղել եմ թերթի խմբագիրը։ 2022-ի դեկտեմբերին բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները, որոնք բռնազավթված տարածքներում էին, լուծարվեցին, և թերթի գործունեությունը դրանով ավարտվել է։ 2020-ի պատերազմի պատճառով ստիպված եղանք հեռանալ Հադրութից և տեղափոխվեցինք Երևան։ Հիմա ժամանակավոր բնակվում ենք Երևանում։ 2021-ից երեք համախոհ ընկերներով հիմնադրեցինք «Դիզակ ԱՐՏ» մշակութային երիտասարդական կենտրոնը, որի հիմնական նպատակն է՝ պահպանել Հադրութի շրջանի բնակիչների կապը՝ որպես համայնք, որ բնակիչների միջև շփումը շարունակվի։ Այդ թվականի սեպտեմբերից էլ սկսեցինք մշակութային կրթություն տալ տեղահանված շրջանների երեխաներին։ Շուրջ 70 երեխա այժմ ստանում է մշակութային կրթություն ազգային հիմքի վրա՝ ազգային երգ, պար, կերպարվեստ, ասեղնագործություն և թատերարվեստ, որը Հադրութի բարբառի հիմքի վրա է։ Կրթությունն անվճար է, մեր նպատակներից է նաև Հադրութի բարբառի պահպանումը, որ այն մնա երեխաների մեջ, քանի որ նրանք են կրողները, որ չկորչի ու կարողանանք փոխանցել այնքան ժամանակ, մինչև կվերադառնանք Հադրութ»։
Խոսելով իր՝ հասարակական- քաղաքական գործունեության մասին, Լիաննա Պետրոսյանն ասաց․ «Պատահական չէ, որ հայտնվեցի այդ նախաձեռնության մեջ, քանի որ իմ հայրը՝ մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանակիր Գագիկ Պետրոսյանն իր անձնական օրինակով 1990-ականներին պայքարեց, թողեց Հադրութի միջնակարգ դպրոցի տնօրենի գործունեությունը, անդամագրվեց ինքնապաշտպանական ջոկատներին, 1994-ին, ցավոք, զոհվել է։ Ես՝ որպես իմ հոր գենի կրող, չէի կարող պարզապես նստել ու սպասել, որ մեկ ուրիշը բարձրաձայնի Արցախի շրջափակման խնդիրը, 120 հազար բնակչի՝ ծանր պայմաններում գտնվելու խնդիրը։ Ինձ հաճախ ասում են ՝ ինչո՞ւ մինչ այս եղած տարաբնույթ ցույցերի չեք մասնակցել։ Սա առաջին մասնակցությունն էր նրա համար, որ դա նեղ անձնական խնդիր չէր, որի համար պետք էր հրապարակ դուրս գալ, այլ՝ ամբողջ Արցախինը։ Պետք էր աշխարհին ցույց տալ, որ Արցախը 120 հազարը չէ, Արցախը նաև հենց բռնի տեղահանվածներն են, որոնք ժամանակավորապես ապաստանել են ՀՀ-ում, 90-ականներին պատերազմի պատճառով տարագիր դարձած մեր հայրենակիցներն են, և, ընդհանրապես, պետք էր հիշեցնել Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության մասին։ Արցախն առանց Հայաստանի չի կարող լինել։ Մենք ասում ենք, որ ՀՀ-ն միշտ եղել է Արցախի համար անվտանգության երաշխավոր, միշտ եղել է մայր Հայաստան։ Մենք այսօր էլ դա դիտարկում ենք՝ գտնվելով այստեղ՝ պարտավոր ենք մայր Հայաստանից բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործելով՝ կանգնել Արցախի կողքին»։
Կարդացեք նաև
Լիաննա Պետրոսյանն իր հասարակական-քաղաքական գործունեությունն սկսել է՝ նաև խորքային ծանոթանալով փախստականների, բռնի տեղահանվածների խնդիրներին․ «2023-ի ապրիլին առաջին անգամ կազմակերպվել է փախստականների համաժողով ՀՀ-ում՝ բոլոր ժամանակների՝ Ադրբեջանից, Նախիջևանից և Արցախից փախստակաների համաժողով, որի կազմկոմիտեի անդամն էի։ Ներկայացրել եմ Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները։ Ուստի պատահական չէր, որ ես իմ մշակութային գործունեությանը զուգահեռ անցում կատարեցի նաև հասարակական-քաղաքականին»։
Խոսելով «Մենք Արցախն ենք» նախաձեռնության մասին՝ Լիաննա Պետրոսյանն ասաց․ «Մեր հիմնական մեխը Լաչինի՝ Բերձորի միջանցքի բացումն է։ Բայց դա ոչ թե պետք է դիտարկվի՝ որպես հումանիտար միջանցք, որպես հացի խնդիր, այլ նաև Արցախի ինքնորոշման քաղաքական հարցի լուծում»։ Մեր հարցին՝ այսինքն՝ այն, որ շեշտադրում է կատարվում հումանիտար խնդրի վրա, ճիշտ ուղղություն չէ՞, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Նաև իմ անձնական կարծիքն է, որ դա չպետք է դիտարկվի՝ որպես հումանիտար խնդիր։ Փաստացի այդ միջանցքը ճանապարհ չէր, այլ միջանցք էր, և նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված էր միջանցքի լինելիությունը, անվտանգությունը։ Մենք Աղդամը չենք դիտարկում նաև այն բանի համար, որ չի կարող մի երկիր, որը քեզ սպանում է փաստացի, քեզ գողանում է այն ճանապարհից, որը իբր երաշխավորված է, կարողանում է միջազգային կառույցից մարդ առևանգել, ինչպե՞ս կարող է իր ամբողջական վերահսկողության տակ գտնվող տարածքն անվտանգ լինել հայի համար, երբ մենք գիտենք, որ Ադրբեջանի հիմնական նպատակը էթնիկ զտումն է և բոլոր հնարավոր միջոցները գործադրում է, որ հայերը դուրս գան Արցախից»։
Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կգնահատեք այն փաստը, որ Հայաստանի կողմից ուղարկված մարդասիրական օգնությունն այդպես էլ չհասավ արցախցիներին, Լիաննա Պետրոսյանն ասաց․ «Ամեն դեպքում ակնկալելի էր, որ չեն թույլատրելու անցնի, բայց նաև կարծում եմ, որ դա արվել է զուտ՝ որպես ճնշում, նաև միջազգային հանրության համար տեսանելի դարձնելու համար, որ հասել են այնտեղ՝ որպես առկա ապացույց։ Մենք էլ ցույցեր էինք կազմակերպում, տարբեր նախաձեռնություններ են արվում հենց ճնշում գործադրելու նպատակով, դա էլ մի քաղաքականություն էր, որպեսզի նաև ցույց տրվի, հաստատվի, որ եթե Ադրբեջանը տարբեր հարթակներում հայտարարում է, որ ճանապարհը բաց է, դրան կարողանանք հակասել կոնկրետ օրինակներով»։
Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցածը, Լիաննա Պետրոսյանը պատասխանեց․ «Սպասելիքներ կային, որ գոնե այս անգամ կլիներ հայտարարություն կամ կընդունվեր բանաձեւ, բայց էլի անորոշ ավարտ ունեցավ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ