Լրահոս
Օրվա լրահոսը

Նորահայտ խաչքար՝ Սարսանգի ջրամբարի մոտակայքում

Օգոստոս 19,2023 13:36

Նորահայտ խաչքար․ գտնվում է Սարսանգի ջրամբարից շուրջ 700մ հարավ-արևմուտք: Հուշարձանին անմիջականորեն մոտ բնակավայր չկա: Շրջակա բնակավայրերից հեռավորությունը կազմում է՝ Մեծ շենից ուղիղ գծով 4,6կմ հարավ-արևմուտք, Մեհմանայից՝ 4,9կմ հարավ, Դրմբոնից՝ 6,3կմ հյուսիս-արևմուտք: Մարտակերտ տանող մայրուղու աջ կողմում է՝ ճանապարհից 50մ հեռավորության վրա:

Դատելով հուշարձանի տեղակայվածությունից (նկատի ունենալով նաև խաչքարին մերձ գտնվող սալաքարի առկայությունը)՝ կարելի է ենթադրել, որ այն դրվել է երբեմնի սրբավայրի վրա և ծառայել որպես սրբատեղի: Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 912մ:

Խաչքարը նորահայտ է (չափերը՝ 175×77×31), պատմական աղբյուրներում և այլ գրվածքներում տեղեկություններ կամ տվյալներ առկա չեն: Այն կերտված է կրաքարից, արտաքուստ ունի մոխրագույն տեսք: Աչքի է ընկնում XII-XIII դդ. բնորոշ ուշագրավ զարդաքանդակներով: Քիվը լայն է ու սրաձև՝ բուսական ու երկրաչափական դրվագազարդումներով (հմմտ. նմանատիպ խաչքար Դրմբոնում): Սալաքարի կենտրոնում մեծադիր գեղազարդ խաչն է, ստորին մասում՝ խոյաեղջյուր, եզրամասերում՝ բուսական, հյուսկեն-մանվածո քանդակներ: Արձանագրություն չի պարունակում: Ուշագրավ է նաև պատկերաքանդակներով՝ մեծադիր խաչի ներքնամասում, որի աջ ու ձախ կողմերին առկա են մեկական փոքր չափերի խաչեր: Այն որոշակիորեն հիշեցնում է Ասկերանի շրջանի Քարագլխի XIIIդ. զույգ խաչքարերից աջակողմյան կոթողին, որտեղ ներկայացված են կնոջ ու տղամարդու պատկերներ և նրանց կողմից բռնած մատուցարան իր պարունակությամբ:

Այսպիսով, ըստ էության կյանքի հարատևությունը խորհրդանշող գունդը (շրջանակը) այստեղ արտահայտվում է կենցաղային մոտիվների պատկերմամբ, որն Արցախում հազվադեպ երևույթ չէ: Ի դեպ, ասենք նաև, որ մարդու պատկերներով խաչքարեր առաջին անգամ հայտնաբերվել են Խաչենում՝ Հայաստանի այն մասում, որտեղ ընդհանրապես նախասիրված էր քանդակներով զարդարանքը, որտեղ վանքերի պատերին, սովորական դարձած կտիտորական խմբերի հետ միասին, հանդիպում են բարձրաքանդակներով պատկերներ:
Համադրելով նմանատիպ այլ հուշակոթողների հետ, Սարսանգի խաչքարը կարելի է վերագրել XIIդ. վերջերին կամ XIII սկզբներին:

Տեքստը՝ Սլավա ՍԱՐԳՍՅԱՆԻ

Artsakh Monuments

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031