Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԳ նախարար․ Ինչ-որ հանդիպումներ, հատկապես առանց միջազգային միջնորդների, առանց երրորդ կողմի ներկայության, Ադրբեջանի տարածքում, անհնար են

Օգոստոս 19,2023 10:47

ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի պատասխանները լրագրողների հարցերին օգոստոսի 17-ին տեղի ունեցած արտակարգ ասուլիսի ժամանակ

Հարց. Ինչպե՞ս կնկարագրեք հումանիտար իրավիճակն Արցախում:

Պատասխան. Ինչպես գիտեք` այսօրվա մեր ասուլիսի ձևաչափը փոխվել է, քանի որ րոպեներ առաջ ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ, և իմ գործընկերները չեն կարողացել Ստեփանակերտից միանալ ասուլիսին:

Ինչպես տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, արդեն ունենք սովամահության դեպք: Մենք տեսնում ենք, որ, ցավոք սրտի, այդ վտանգը գնալով ավելի է լուրջ դառնալու` հաշվի առնելով, որ շատ սահմանափակ կարողություններ ունենք։

Միևնույն ժամանակ, հաշվի առնենք, որ վառելիքի պակասությունը շատ ծանր վնասներ է հասցնում կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներին՝ սկսած առողջապահության համակարգից մինչև գյուղատնտեսություն։

Ինչպես նշվել է պարոն Օկամպոյի զեկույցում, այո, Ադրբեջանը շատ գիտակցաբար է սովի մատնելու գործիքն ընտրել, և միայն ու միայն միջազգային հանրության կողմից կոնկրետ քայլեր ձեռնարկելու պարագայում հնարավոր կլինի զսպել ադրբեջանական կողմին։

Հարց. Ի՞նչ կարող են անել միջազգային կառույցները, կոնկրետ ՄԱԿ-ը՝ կանխարգելելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։ Կա՞ մի բան, որ ակնկալում եք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերից

Պատասխան. Ստեղծված իրավիճակին անդրադարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, և սա արդեն ողջունելի է։

Առիթից օգտվելով՝ ուզում եմ մեր շնորհակալությունը փոխանցել այն երկրների ներկայացուցիչներին, որոնք հստակ ձևակերպումներ են տվել Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությանը և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը։ Միևնույն ժամանակ մտահոգություն ունենք մի շարք երկրների կողմից Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների, ինչ-որ տրանսպորտային կոմունիկացիաների միջև հավասարության նշաններ դնելու փորձերի առնչությամբ, ինչն անթույլատրելի է և չի համապատասխանում Լաչինի միջանցքի՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանված պարամետրերին։

Այստեղ պետք է նշենք, որ ՄԱԿ-ի ԱԽ այս արտահերթ նիստի հրավիրումը միայն մեկնարկն է, և այս գործընթացը շարունակվելու է:

Կարողությունների առումով նշեմ, այո՛, ՄԱԿ-ի ԱԽ-ն այն կառույցն է, որն ունի և՛ նման իրավասություն, և՛ լիազորություններ` կանխարգելելու այն ցեղասպան քաղաքականությունը, որը մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից։

Հարց. Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ Արցախի վերաբերյալ տարածած փաստաթուղթը և երեկվա հայտարարությունը որևէ կերպ կմեկնաբանե՞ք:

Պատասխան. Այդ հարցի վերաբերյալ կնշեմ, որ պաշտոնական խողովակներով Արցախի ԱԳՆ-ն նման փաստաթուղթ չի ստացել։ Հուլիսի 27-ի Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ անդրադարձ կատարվել է նման տեսլականի, որը նախատեսում է ազգային փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում մեր իրավունքների ապահովումը։

Մենք շատ հստակ նշել ենք, որ սա իրականությունից կտրված տեսլական է: Սա ոչ միայն մեր կարծիքն է, սրա մասին փաստում են այն իրողությունները, որոնք մենք ունենք գետնի վրա: Եթե միջնորդներից որևէ մեկը նման հույսեր ուներ, ապա, տեսնելով Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության հետևանքները՝ այն պարագայում, երբ 120 000 մարդ միտումնավոր մատնված է սովի, ամենօրյա կտրվածքով ադրբեջանական կողմից հնչում են ռազմատենչ հայտարարություններ, սպառնալիքներ՝ այդ թվում և ուժի կիրառման մասին, տեսնելով` ինչպես է ոչնչացվում հայկական պատմամշակութային ժառանգությունը, որևէ միջնորդ որևէ հիմք չունի պնդելու, որ նման տեսլականների առաջարկները հնարավոր կլինի կյանքի կոչել։

Հարց. Ի՞նչ կարող են անել ԱՄՆ Կոնգրեսն ու Պետական դեպարտամենտը` օգնելու կանխարգելել ցեղասպանությունն ու լուծելու այս կոնֆլիկտը։ Կա՞ն արդյոք կոնկրետ քայլեր, որոնք պետք է արվեն։

Պատասխան. Ես շատ կարճ կանդրադառնամ։ ԱՄՆ-ն և ՄԱԿ-ի ԱԽ-ն, հատկապես մշտական անդամ երկրներն այն պետություններն են, որոնք ունեն կանխարգելման գործիքակազմ: Օգոստոսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի ուղերձում հստակ նշված է, թե ինչ ակնկալիքներ ունենք։ Առաջին հերթին պետք է հստակ քաղաքական գնահատական տան, հստակ իրավական բնորոշում տան ստեղծված իրավիճակին։ Արդեն իսկ նման գնահատականներ և բնորոշումներ ստանալուց հետո այդ գործիքակազմն ինքնին ի հայտ կգա, խոսքը և՛ պատժամիջոցների, և՛ այլ տեսակի դիվանագիտական, քաղաքական գործիքների մասին է։

Հարց. Պարոն Ղազարյան, ինչպե՞ս եք տեսնում Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունները:

Պատասխան. Արցախյան կողմն ամենաշահագրգիռն է, որպեսզի խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով մենք կարողանանք հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորմանը։

Այստեղ ուղղակի մի քանի կարևոր հանգամանք պետք է նշենք:

Առաջինը, նման բանակցությունները պետք է ընթանան միջազգային ձևաչափի շրջանակներում, ինչը թույլ կտա ներգրավված կողմերին տեսնելու, որ բանակցություններն ընթանում են միջազգային իրավունքի նորմերին ու պահանջներին համապատասխան։

Երկրորդը, պետք է ամրագրվեն հստակ երաշխիքներ, որ կողմերը ստանձնած պարտավորությունները կատարելու են` հաշվի առնելով, որ մենք ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որտեղ կա նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը, և որը չի գործում:

Ինչ վերաբերում է այն առաջարկներին, որ ստացել ենք երրորդ երկրի տարածքում հանդիպելու, այո՛, օգոստոսի սկզբին նախատեսվում էր նման հանդիպում, արցախյան կողմն ընդունել է առաջարկը, ադրբեջանական կողմը չեղարկել է մասնակցությունը, և մենք ստացել ենք Եվլախում հանդիպելու մասին առաջարկ։ Բայց, ինչպես տեղյակ եք, մեր հայրենակիցը՝ Վագիֆ Խաչատրյանը, ԿԽՄԿ-ի միջոցով Հայաստան տեղափոխվելու ընթացքում առևանգվել է ադրբեջանական ուժերի կողմից: Դրանից ելնելով՝ ինչ-որ հանդիպումներ, հատկապես առանց միջազգային միջնորդների, առանց երրորդ կողմի ներկայության, Ադրբեջանի տարածքում, անհնար են։ Ավելացնեմ նաև, որ արցախյան կողմը ռուսական խաղաղապահների միջոցով պարբերաբար փոխանցում է հանդիպումների մասին առաջարկներ, որոնք անտեսվում են ադրբեջանական կողմից։ Տեղյակ եք, որ վերջին այդպիսի հանդիպումը տեղի է ունեցել մարտի 1-ին, որի ընթացքում քննարկվել են տեխնիկական և հումանիտար բնույթի հարցեր, բայց ադրբեջանական կողմը փորձել է խեղաթյուրել այդ հանդիպման բովանդակային մասը, և մարտի 5-ին մենք տեսել ենք ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունը, որի հետևանքով երեք ոստիկան զոհվել է և մեկը վիրավորվել։

Հարց. Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է, որ Արցախ բեռների տեղափոխման համար առաջարկվել է ոչ միայն Աղդամ (Ակնա)-Ստեփանակերտ, այլև Ֆիզուլի-Շուշի երթուղու տարբերակը: Կխնդրեինք Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ:

Պատասխան. Պետք է նշենք, որ այդ իսկ քայլով կլեգիտիմիզացվի Ադրբեջանի կողմից Լաչինի արգելափակման ապօրինի գործողությունները։ Ադրբեջանը հստակ ուզում է, որպեսզի Հայաստանի և Արցախի միջև կապը կտրի՝ արգելափակելով Լաչինի միջանցքը: Եվ երկրորդը՝ որևէ միջազգային օգնություն չպետք է նսեմացնի մարդու արժանապատվությունը։ Հետևաբար, եթե Ադրբեջանը ստեղծել է նման ծանր իրավիճակ՝ միտումնավոր սովի մատնելով ավելի քան 120 000 մեր հայրենակիցների, կեղծ փորձերը՝ ներկայանալ մարդասիրական քողի տակ, անընդունելի են: Սա ոչ միայն Արցախի իշխանությունների, այլ նաև մեր քաղաքացիների դիրքորոշումն է։ Ինչպես տեղյակ եք, արցախյան մի շարք ՀԿ-ներ անդրադարձել են այս հարցին և նշել, որ սա ուղղակի անընդունելի է։ Հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի միջև անթույլատրելի է։

Արցախի ԱԳ նախարարության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031