Հայաստանի պահանջով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի արդյունքում որեւէ բանաձեւ չընդունվեց, եւ Ադրբեջանում սա հաղթանակ են համարում։ Հայկական կողմը, սակայն, բանաձեւ չէր էլ պահանջել, եւ այն, որ ռեզոլյուցիա չկա, ըստ ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի, Հայաստանի ձեռքբերումն է։
– Նիստի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչը ցույց էր տալիս ծնունդ նշող, քեֆ անող արցախցիների նկարները՝ փաստելու համար, որ ոչ մի ճգնաժամ էլ Ղարաբաղում չկա։ Ձեր կարծիքով, այդ նյութերը տպավորե՞լ են մասնակից երկրներին։
– Ոչ, սա բացարձակ բլեֆ է, դա քարոզչական շոկ է, որը հաշվարկված է նախեւառաջ ադրբեջանական հանրության համար։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր կոմպետենտ անդամները, մշտական եւ ոչ մշտական, ունեն եւ ստացան բավականաչափ տեղեկատվություն Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ, այդ պատճառով էլ բոլորը պահանջեցին բացել Լաչինի միջանցքը, կոնֆլիկտը լուծելու մեխանիզմներ փնտրել։ Կոչերն առայժմ ուղղված էին հակամարտող կողմերին, բայց օրակարգում է արդեն միջազգային մեխանիզմների ստեղծման հարցը։ Առաջին քայլը, առաջին թայմը հայերը հաղթեցին, երկրորդ քայլը միջազգային մեխանիզմներ ստեղծելու պահանջն է լինելու հայերի կողմից։ Ադրբեջանն այս «գոլը» բաց թողեց։
– Այսինքն՝ հասանք նրան, որ աշխարհը հասկացա՞վ, որ Ղարաբաղում իրոք ծանր, աղետալի վիճակ է, եւ պետք միջոցներ ձեռնարկել:
Կարդացեք նաև
– Այո։ Եվ ղարաբաղյան անկլավի հարցը լուծելը` մեխանիկորեն, ճնշումների, պատերազմի միջոցով, Ալիեւի մոտ չի ստացվելու։
– Տեսեք, տարբեր երկրների ներկայացուցիչները կոչեր են անում, իսկ սայլը տեղից չի շարժվում՝ 400 տոննա բեռը, որը հասել է Լաչինի մատույցներ, կանգնած էր եւ կանգնած է։ Դուք խոսում եք խաղաղապահների կարգավիճակի մասին։ Արդյո՞ք հնարավոր չէ գոնե այս հարցում ՌԴ միջամտությունը։
– Երեւանը պետք է դա պահանջի Ռուսաստանից, բայց Երեւանը դիմում է ՄԱԿ-ին։
– Երեւանը չի՞ դիմում Ռուսաստանին, չի՞ դիմում ռուս խաղաղապահներին` սա նորություն էր ինձ համար։
– Չի դիմում։ Երեւանն ասում է՝ «Արեւմուտքը մեզ կօգնի»։ Սա կործանարար բանաձեւ է՝ դիլետանտների համար նախատեսված։ Բայց հայերը կարողանում են ժամանակ շահել, թույլ չեն տալիս Ալիեւին պատերազմում տարած հաղթանակը կոնվերտացնել եւ խաղաղության պայմանագիրն իր պայմաններով ստորագրել։ Իսկ պահն այսպիսին է՝ ուկրաինական իրադարձություններում ճգնաժամ է, շատ բարդ իրավիճակ, Թուրքիան սկսում է կորցնել իր հովանավորներին, Հայաստանն էլ ընտրում է գործընկերների, աշխատում է Արեւմուտքի հետ` հեռանալով Ռուսաստանից։ Իմ կարծիքով, սխալ է թույլ տալիս։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում