Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի գրառումը տարածված տեսանյութի առնչությամբ
1.Բացահայտված է ինքնությունը մայր կոչվածի, եկեք թողնենք ոստիկանությունը իր գործն անի
2.Խնդրում եմ չտարածել նյութը՝ նույն երեխաների սիրուն
3.Մենք գործ ունենք , ցավոք սրտի, հերթական ցնցող արարքի, բայց ոչ հազվագյուտ հանդիպող երևույթի հետ, ուստի գիշեր ցերեկ աշխատանք է պահանջվում
Կարդացեք նաև
4.Երեխաները կառույցների ուշադրության կենտրոնում հայտնվել են հոր կողմից սեռական բնույթի արարքների ահազանգով, սակայն մոր կողմից իրենց հանդեպ դաժան վերաբերմունքի վերաբերյալ նշաններ չկային, ոչ էլ՝ երեխաների կողմից նշումներ։ Որքան ինձ է հայտնի է, որևէ մասնագետ/ կառույց մոր վարքագծում չի նկատել որեւէ նման նշան։
Տարօրինակ, միաժամանակ հասկանալին այն էր, որ մայրը ամեն կերպ չէր ուզում հաշտվել այն մտքի հետ, որ իր երեխաների հայրը սեփական երեխաների հետ նման կերպ է վարվել
5․ Հանրության ռեակցիան հասկանալի է, սակայն ունենք այն՝ ինչ ունենք։ Հաշվի առեք, որ մեր երկրում ոչ մի կառույց իրավասություն և բավարար գործիքակազմ չունի, որ ընտանիքից երեխա հեռացնի՝ առանց կասկածները դատական կարգով հաստատելու։
Դա նույն անզեն զինվորն է՝ ուղղակի թիկունքում։
Ամեն դեպքում.
Պրոբլեմ 1.
Բոլոր իրավունքները ծնողներին են։ Սա է մեր գաղափարախոսությունը։ Ոչ մի տող չկա այն մասին, որ ծնողը իրավունքները կարող է իրացնել միայն այն պարագայում, երբ իր պարտականությունները իրականացնում է հանրային պահանջը բավարարող պատշաճ մակարդակով։ Ըստ այդմ, չկան գնահատող և ախտորոշող գործիքակազմեր, որոնք լակմուսի պես ցույց կտան, թե ծնողի կողմից իր պարտականությունների կատարման որակը որքանով է շեղված նորմայից, հետևաբար, ինչ միջամտություն է պետք։
Պրոբլեմ 2.
Ուղղորդման ընթացակարգ չունենալը. շատերը չգիտեն, թե ուր դիմեն նման դեպքերում, ում ահազանգեն, ով ինչ պետք է անի՝ որքան ժամանակում, ինչ գործողություններ կան, որ պարտադիր են, որ նման դեպքում ինչ է պետք անել
Ինչո՞ւ: Երկար է նկարագրել, կգերադասեմ մասնագիտական տիրույթում քննարկել։ Բայց կուզենամ, որ բոլոր նրանք, ովքեր մինչ այս անընդհատ բանավեճերի ժամանակ պնդում էին, որ մենք բոլոր կարգավորումներն ունենք, օրենքները իդեալական են գրված եւ պրոբլեմը միայն այն է, որ կիրառողը չկա, մի քիչ մտածեն իմ հակառակող փաստարկների շուրջ։ Ցավոք, անընդհատ այս մասով տպավորություն էր ստեղծվում, որ մշակումները արված են կոնդիցիոներային հարմարեցմամբ կաբինետներում՝ հեռու պրակտիկայի շնչից։ Եվ սա արդեն օրենքներ մշակողների կողմից քրոնիկ ձևով չարդարացված ինքնավստահություն է։
Պրոբլեմ 3
Չենք լսում պրակտիկներին, չենք քննարկում փաստերի վրա հիմնված իրողությունները, գնում ենք կազմակերպչական նպատակահարմարության ճանապարհով, հեշտ ճանապարհն ենք ընտրում, ցավոք…
ԱՆԿԱԽ ԱՅՍ ԴԵՊՔԻՑ
Պաթոսի փոխարեն հստակ ընթացակարգեր և գործիքակազմ է պետք . երբ մասնագետը հիմնավոր պատճառ ունի ճանաչելու իրավիճակը բարձր ռիսկային, դա պետք է հիմք լինի երեխային գոնե ժամանակավոր տնից հեռացնելու՝ մինչ իրավական որոշումներ ընդունելը։ Հարցը ունի երկու կարեւոր բաղադրիչ՝ իրավական և սոցիալական։ Միայն իրավական բաղադրիչով առաջնորդվելը՝ նման դեպքերում անհնարինության է հասցնում։ Դրան գումարեք պրոֆեսիոնալիզմի պակասը, ռիսկերի գնահատման գործիքակազմ չունենալը, կոլեկտիվ պատասխանատվության խորհրդային ժառանգությունը, որ ոչ մի կերպ չփոխարինվեց ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ և ցավալիորեն, նման իրողությունները տեղ կգտնեն շարունակաբար…
Ինչևէ, չմոռանանք, որ զուգահեռաբար 30.000 երեխա կոլեկտիվ խոշտանգման է ենթարկվում անընդհատ… արդեն քանի ամիս…