Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխայի սեռական բռնության մասին իմանալով՝ ծնողները դպրոցում դժգոհում էին, թե իրենց երեխաները չեն ուզում սովորել նման երեխայի հետ»․ Տաթեւիկ Աղաբեկյան

Օգոստոս 18,2023 22:00
dproc

Մոր կողմից դաժան բռնության ենթարկված անչափահաս աղջկա քույրը, ինչպես լրատվամիջոցներին պատմել է ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը, հոր կողմից սեռական բռնության է ենթարկվել։ Ընտանիքն այն ժամանակ բնակվել է Գավառ համայնքում։ Աղջկա՝ սեռական բռնության ենթարկվելու մասին լուրերը համայնքում տարածվելուց հետո, նրա համադասարանցիների ծնողները հավաքվել են դպրոցում եւ պահանջել աղջկան հեռացնել դպրոցից։

Aravot․am-ի հետ զրույցում «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ի նախագահ Տաթեւիկ Աղաբեկյանը դեպքի մասին որոշ մանրամասներ է ներկայացնում։ Ասում է՝ ՀԿ-ն երբ իմացել է անչափահասի սեռական բռնության մասին, գնացել է հետքերով․«Մի իրավիճակ էր, երբ սեռական բռնության փաստն իմանալով, ծնողները հավաքվել էին դպրոցում, դժգոհում էին, թե իրենց երեխաները չեն ուզում սովորել նման երեխայի հետ։ Մենք մեր առաջին քայլերը սկսեցինք դպրոցից, խնդրել էինք ներկա լինեն սոցիալական ծառայության աշխատակիցները, որպեսզի հասկանանք երեխայի կրթության շարունակությունը, աջակցությունն ու չթիրախավորված կյանքի շարունակությունն ինչպես պետք է կազմակերպվի։ Սեռական բռնության դեպքերով շատ հաճախ է լինում, երբ համայնքը որոշում է երեխային տեղափոխել որեւէ կառույց։ Այսինքն, իրենք խառնվում են իրար, փորձում են հասկանալ ինչ անել, որ երեխային համայնքից հանեն։ Այդ ժամանակ հայրն իր մեղքն ընդունել էր, եւ վստահ էինք, որ պատիժը կրելու է։

Համայնքը որոշեց, որ երեխան այլ կառույց պիտի տեղափոխվի։ Ու այստեղ մեր աշխատանքը կանգ առավ այս երեխայի հետ։ Ես խոսել եմ մարզպետարանի ներկայացուցիչների հետ, բացատրել, որ երբ երեխաներին հեռացնում ենք համայնքից եւ չենք աշխատում նրա հետ, համայնքի հետ, որոշ ժամանակ հետո միեւնույն է վերադառնում են նույն միջավայր։ Երբ երեխաներին ուղղակի ֆիզիկապես հեռացնում ես, խնդիրը չի լուծվում, նրանց հետ աշխատանք պետք է տանեն համայնքապետարանը, մարզպետարանը։ Չգիտեմ՝ ինչքան ժամանակ այդ երեխան մնաց հատուկ կառույցում, նրա հետագա կյանքի համար ինչ որոշում է կայացվել, բայց այսօրվա տարածված դեպքից հետո հասկացանք, որ նույն ընտանիքն է, որտեղ հայրը սեռական բռնության ենթարկել իր աղջկան։ Այն ժամանակ, երբ երեխան սեռական բռնության դեպքի մասին խոսում էր, մայրը տանը չէր եղել։ Երբ մայրը եկավ դպրոց, շատ ակտիվ չէր, չխոսեց։ Դե ենթադրվեց, իբր շոկային վիճակում է։ Ցավոք, մենք ընտանիքի հետ կապը կորցրեցինք, երբ համայնքը որոշեց նրանց տեղափոխել փակ կառույց, ժամանակավոր կացարան։ Այսօր մոր վարքը հասկանալի է, թե այն ժամանակ ինչու էր այդպես իրան պահում»։

Տաթեւիկ Աղաբեկյանն ասում է՝ հիմա շատ կարեւոր է խոսել, բարձրաձայնել, թե մյուս երեխաների հետ ինչ է արվելու, ընտանիքում հինգ անչափահաս կա, ինչ որոշում են կայացնելու պատասխանու օղակները․«Բռնության ենթարկված երեխայի հետ հիմա ինչ-որ հպանցիկ որոշումներ կկայացվեն, աշխատանք կարվի, մյուսների հետ ի՞նչ է լինելու։ Մենք ոչ խորքային ենք նայում այս հարցերին։ Այն երեխաները, որոնք մասնակից են բռնությանը, իրենց հետ չեն զբաղվելու։ Աստված գիտի, թե այդ ընտանիքում ինչ է կատարվել երեխաների հետ, երբ վերադարձել են ընտանիք»։

Չնայած, համայնքապետարանից վստահեցնում են, որ հոգեբանը, սոցիալական աշխատողը պարբերաբար այցելել են ընտանիքին, աջակցություն են ցուցաբերել, սակայն, որեւէ արտառոց բան չեն նկատել մոր կամ երեխաների վարքագծում։ Այդուհանդերձ, այսօր բացահայտված այս դաժան դեպքը փաստում է, որ պատասխանատու օղակները կամ աշխատակիցները թերացել են։

Տաթեւիկ Աղաբեկյանը պետության պատասխանատվությանն ու իրավասությանն անդրադառնալով, ասում է՝ սոցիալական աջակցության եւ ներգրավվածության մասով մեծ բաց կա․ «Սոցաշխատողի հո մի քանի զանգով կամ այցով չի ավարտում պարտականությունը, այդ երեխան արդեն ռիսկային խմբում է, պետք է հսկողության տակ լինի։ Հետո՝ ովքեր են սոցիալական աշխատողները, արդյոք լավ վերապատրաստված են։ Բազմաթիվ դասընթացներ են անցնում, բայց չկա մոնիթորինգ, թե ստացած գիտելիքն ինչպես են գործարկում։ Բացի այս, այդ աշխատակցի վրա հազարից ավելի բնակչություն է, այսինքն այնքան մեծ ծավալի պարտականություններ ունի, որ չի կարող լիարժեք ծածկել այդ ծավալը։ Բայց եթե տվյալ սոցաշխատողը չի հասցնում, ուրեմն պետք է դիմի նախարարությանը, հավելյալ աշխատակից ընդունելու համար։ Բազում դեպքեր են լինում, երբ կամ ծնողն է մասնակից, կամ ծնողի կողմից է բռնությունը եղել, կամ ծնողը տեղյակ է եղել, բայց լռել ։ Լռող եւ մասնակից ծնողի նկատմամբ չունենք դեպքեր, երբ փորձել են հասկանալ՝ ինչքանով է տեղյակ եղել, մյուս ծնողն ինչու է լռել։

Արդյոք լռելու համար չպետք է պատասխանատվության ենթարկվի, լռելով հնարավորություն է ստեղծում բռնության շարունակականությանը։ Պատկերը հետեւյալն է՝ կա մեղադրյալ, դատ եղավ, դատապարտվեց ազատազրկման ու վերջ։ Պատասխանատու կառույցները, մենք բոլորս ձեռքերս լվանում ենք այդ ընտանիքից, ոչ ոք հետո չի հետաքրքրվում, չի զբաղվում նրանց խնդրով։ Հիմա այս դեպքով մամային կպատժեն, երեխաների խնամքի հարց է առաջանալու, կտեղավորեն որեւէ կառույցում կամ ինչ-որ բարեկամի մոտ ու վերջ։ Մեր երկրում պահի լուծումներ են կատարում, իսկ ինչպես են շարունակելու ապրել այդ երեխաները, ոչ ոքի չի հետաքրքրվում։ Սեռական բռնության ենթարկված երեխայի կյանքը ուղղակի տասը հոգեբանի հետ աշխատանքի արդյունքում չի լավանում, չի փոխվում իր կյանքի ամբողջ ընթացքը։

Նա ունի լուրջ աջակցության կարիք իր հետագա կյանքը կազմակերպելու համար։ Մեր երկրում չկա նման մեխանիզմ։ Անգամ չունենք պետական աջակցություն, եթե ասենք ՀԿ-ները դեպքը բացահայտել են, հնարավորություն է եղել երեխային մարզից հասցնել հոգեբանական աջակցության, ՀԿ-ն ցուցաբերեց աջակցություն, բայց շատ հաճախ մյուս ծնողն ընդառաջ չի գնում, երեխային չի բերում աջակցություն ստանալու, ու այս դեպքում ոչ մի լծակ չկա, որին մենք հղում անենք, ասենք՝ մայրը դիմադրում է, բայց օրենքով կամ որեւէ նորմով երեխային պարտադիր պետք է տանել այդ աջակցության կենտրոն։ ՀԿ-ների իրավասությունները սահմանափակ են։ Մեխանիզմ չկա, չկա աջակցության հստակ ձեւակերպված համակարգ, թե նման դեպքերում երեխային պետք է կոնկրետ այս բաները։ Եթե լինի՝ հնարավորություն կլինի վերահսկել ընթացքին եւ եթե թերացում լինի, հնարավորություն կլինի նշել, թե որտեղ թերացան ու պարտադրել լավ կատարել աշխատանքը։

«Սեռական բռնության ճգնաժամային աջակցության կենտրոն»-ի տվյալներով, 2008 թվականից մինչ օրս կենտրոնում վարվել է 10-ից ավելի դեպք անչափահասների նկատմամբ սեռական բռնության, 7 անչափահաս հղիի դեպք։ Աղաբեկյանն ասում է՝ 90%-ից ավելի դեպքերում սեռական բռնությունն անչափահասի նկատմամբ կատարում է ընտանիքի անդամը կամ ընտանիքի մտերիմ անձը։

Աղաբեկյանի դիտարկմամբ՝ շատ կարեւոր բաց կա՝ երեխայի նկատմամբ բռնության, հատկապես՝ սեռական բռնության դեպքի մասին որեւէ մեծահասակ, երբ իմանում է, չունի որեւէ պարտավորություն համապատասխան մարմիններին հայտնելու, այնպես, ինչպես բժիշկներն են իրենց դիմած բռնության ենթարկվածի մասին հայտնում իրավապահներին, չկա պատասխանատվություն այլ խնամք ստանձնած կառույցների վրա նույնպես։

«Այսօր տարածված տեսանյութում երեխայի ձայնն այնպիսին էր, որ հնարավոր չէր հարեւանը չլսեր։ Լավ, ինչքան հանդուրժող ենք բռնության նկատմամբ»,-ասում է Աղաբեկյանը։

Քննչական կոմիտեն այսօր հայտնել է, որ անչափահաս աղջկան բռնության ենթարկած մայրը ձերբակալվել է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031