Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը դարձել է վերաարտահանող երկիր. Սուրեն Պարսյան

Օգոստոս 18,2023 21:40

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից հրապարակված հերթական (2023թ. օգոստոսի) ամսական մակրոտնտեսական վերլուծության համաձայն, 2023թ. հունիս ամսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը էապես նվազել է և կազմել 6.8%՝ մայիսի 13.7%-ի դիմաց, ավելին՝ ԵԱԶԲ փորձագետները 2023թ. համար կանխատեսում են ՀՀ տնտեսական աճի դանդաղում մինչև 7.5%։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանին խնդրեցինք գնահատել, թե որ ոլորտների ցուցանիշները կամ ի՞նչ գործոններ են ազդել տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազման վրա:

-Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով, Հայաստանն էապես շահեց՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստան եկած ռուսներն իրենց հետ բերեցին ոչ միայն իրենց խնայողությունները, այլ նաև իրենց աշխատանքը, բիզնեսը: Պաշտոնական տվյալներով, միայն անցած տարվա ընթացքում, Ռուսաստանից բանկային համակարգի միջոցով Հայաստան է փոխանցվել շուրջ 3.6 մլրդ. դոլարի չափով գումար: Սա աննախադեպ թիվ է:

Դրան գումարած նաև այն, որ անցած տարի Հայաստանում ստեղծված մոտ 7 հազար ռուսական ընկերություններ ակտիվ գործունեություն են ծավալում: Ռուսների հիմնական հոսքը Հայաստան սկսվել է 2022թ. ապրիլից և այդ ժամանակաշրջանից սկսած արձանագրվեց տնտեսական երկնիշ աճ: 2022թ. փակվեց 12.6 տոկոս տնտեսական աճով, որը բավականին բարձր է, այս տարածաշրջանի համար ամենաբարձր ցուցանիշն է: Մինչև 2023թ. մայիս ամիսը, որը անցած տարվա այն ժամանակաշրջանն էր, երբ ռուսները դեռ չէին եկել, այսինքն անցած տարվա ցածր ցուցանիշների հիման վրա արձանագրվեց բավականին լուրջ տնտեսական աճ, օրինակ՝ մայիսին 13.6 տոկոս էր:

Հունիսին, ըստ էության, տնտեսական աճի տեմպը կիսվել էր՝ կազմելով 6.8 տոկոս, քանի որ ցուցանիշի վրա ազդել էր հունիսից տրանսֆերտների, ինչպես նաև ռուսների հոսքի կտրուկ ավելացումը: Դրան գումարած նաև հունիսին արձանագրված արդյունաբերության ոլորտում մոտ 7.2 անկումը, ինչը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերությամբ, մասնավորապես՝ Սոթքը 2023թ. հունիսին դադարեցրել է իր գործունեությունը, ինչպես նաև այս տարվա ընթացքում տուժել են կաթնամթերքի, մսամթերքի արտադրությունները, օրինակ՝ կաթնարտադրության դեպքում, Ռուսաստանն արգելեց կաթնամթերքի արտահանումը և սրանով պայմանավորված արձանագրվեց կաթնարտադրության ծավալների կտրուկ անկում:

Վերոնշյալ հետազոտության համաձայն, վերջին շրջանում ՀՀ տնտեսական աճին առավել մեծ նպաստում ունեցած երկու ոլորտներում՝ ծառայություններում և առևտրում, աճը զգալիորեն դանդաղում է։ Արդյոք միայն ա՞յս գործոնով է պայմանավորված տնտեսական ակտիվության ցուցանիշը, թե՞ այլ գործոններ էլ կան, ասենք, դրամի արժեւորումը և այլն:

-Հայաստանի տնտեսական աճը հիմնականում շարունակում են ապահովել ծառայությունների և առևտրի ոլորտները, որոնցից առաջինում ունենք մոտ 20 տոկոս աճ:, Ծառայությունների ոլորտում աճը հիմնականում ապահովում են ֆինանսաբանկային համակարգի, հանրային սննդի, կեցության, ապահովագրության, տրանսպորտային ծառայությունների, ոլորտները: Հիշեցնեմ, որ անցած տարի բանկային համակարգը գրանցեց աննախադեպ 255 մլրդ դոլարի չափով զուտ օգուտ: Այս տարվա առաջին եռամսյակին համակարգի օգուտը դարձյալ շատ բարձր էր, որը պայմանավորված էր նրանով, որ բանկային համակարգը դարձել է ռուսների եկամուտների հիմնական շահառուն: Այս տարի, առևտրի ոլորտը ևս գրանցել է երկնիշ աճ, որը պայմանավորված է մեծածախ առևտրով, այսինքն Հայաստանը դարձել է վերաարտահանող երկիր՝ մեծ թվով ապրանքներ գալիս են Հայաստան և այստեղից արտահանվում Ռուսաստան: Այդ վերաարտահանումն իր դրական ազդեցությունն է թողել մեծածախ առևտրի ծավալների աճի վրա, մանրածախ առևտրի աճը շատ համեստ է՝ 2-3 տոկոսի շրջանում է: Հայաստանն անցած տարի գրանցել էր 5.3 դոլարի չափով արտահանում, որի մի զգալի մասը կամ մոտավորապես 1/3-ը վերաարտահանումն էր դեպի Ռուսաստան:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031