15 օր է՝ Գյումրին հյուրընկալել է աշխարհի 26 երկրներից 150 երիտասարդ ճարտարապետների ու դիզայներների, որոնք չնայած շոգին ու կիզիչ արևին՝ ստեղծագործում են քաղաքի տարբեր անկյուններում՝ ուշագրավ աշխատանքներ ներկայացնելով ու իրենց պարզաբանմամբ՝ տվյալ հատվածներն ավելի գրավիչ դարձնելով։
Այսօր շրջայց ենք կատարել՝ ծանոթանալով նրանց ստեղծագործություններին։
«Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ երիտասարդները մի կառույցի վրա են աշխատում, որ պիտի դառնա հայելապատ, կոչվում է «Արտացոլանք»․ արտացոլելու է շրջակայքը։
Ազգությամբ լեհ Ալիսա Մալիցան տեղեկացրեց՝ սարքելու ենք այնպիսի բան, որը կլինի տպավորիչ ու կզարմացնի անցորդներին։
Նիժնի Նովգորոդից ժամանած մասնակից Թիմուր Բայգուզինն էլ հավելեց՝ փոքրիկ կառույցներով կարելի է փոփոխություն մտցնել՝ տարածքին թարմություն հաղորդել։
Այդ նույն հատվածում նաև պլաստիկ բաժակներից լուսամփոփ էին ստեղծել, տարածքում հանգստացողների համար մեկ այլ հետաքրքիր տաղավար հավաքել, որը հետագայում կներկվի սև գույնով։
Գյումրու կենտրոնական «Գորկու» զբոսայգում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դիմաց էլ փայտից փոքր բեմ հիշեցնող նախագիծ էր, որտեղ երաժշտական գործիքներ են տեղադրվելու։
Մանուշյան փողոցի շենքերից մեկ բակում էլ ճարտարապետները խաղահրապարակն են տեսքի բերում՝ դիզայներական գեղեցիկ լուծումներով սեղաններ սարքելով, երեխաների հանգստի համար՝ ճոճանակներ։ Հյուրերը 10 նախագծեր են իրականացնում։
Երիտասարդ ճարտարապետները հյուրընկալվել են «Մեդս» միջազգային ծրագրի շրջանակում, որը 2010 թվականից գործող աշխատարան է, ամեն տարի իրականացվում է եվրոպական որևէ երկրում։ 2019 թվականին անցկացված մրցույթում հաղթել է Հայաստանի թիմը, որը որպես հաջորդ մրցույթի անցկացման վայր՝ ընտրել է Գյումրին։
«Մեդս Գյումրի 2023» միջազգային ճարտարապետական ծրագրի կազմակերպչական թիմի ղեկավար, ճարտարապետ Մարիամ Արշակյանն Aravot.am-ին զրույցում ասաց, որ նրանք իրենց նախագծերով կնպաստեն Գյումրիի հանրահռչակմանը։
«Բացի նրանից, որ այս նախագծերը հետագայում կծառայեն համայնքին, ավելի կարևոր է, որ 150 հոգին ամբողջ աշխարհից եկան, տեսան Գյումրին, ճանաչեցին այս քաղաքը, աշխատեցին։
Այս երկու շաբաթվա ընթացքում խորքային ընկալեցին և՛ կոլորիտը, և՛ մշակույթը, և՛ հայկական ճարտարապետությունը։ Այսինքն՝ իրենք Գյումրիում եղան ոչ թե որպես տուրիստներ, այլ շատ խորքային ընկալեցին, յուրացրեցին, զգացին հայկական մշակույթը։ Ես կարծում եմ՝ դա ավելի կարևոր է, քան նյութական նախագծերը։ Ամենակարևորն այն տպավորությունն է, որ Գյումրին թողեց այս մարդկանց վրա։ Նրանք այդ տպավորություններով կվերադառնան իրենց երկրներ և վստահաբար կարելի է ասել, որ անպայման նորից կգան Գյումրի», -ասաց մեր զրուցակիցը։
Մեր հարցին՝ ինչո՞ւ հատկապես Գյումրին ընտրվեց, Մարիամ Արշակյանը պատմեց, որ 2019 թվականին Շվեյցարիա են մեկնել թիմով՝ առաջարկելու Հայաստանի մասնակցությունը
ծրագրին, նախապես մտադրվել էին ընտրել Գյումրին, քանի որ հարկավոր էր քաղաքային միջավայր ներկայացնել, իսկ Երևանը շատ ծանրաբեռնված է ու դժվար կլիներ այս ֆորմատի միջոցառում կազմակերպելը։
«Քանի որ ճարտարապետական-մշակութային ծրագիր է, որոշեցինք՝ Գյումրին հենց այն քաղաքն է, որ մեզ պետք է, և որ մասնագիտական միջազգային հանրությունը Հայաստանի մշակույթը, ճարտարապետությունը ճանաչի հենց Գյումրիի միջոցով»,-ասաց զրուցակիցը։
Ծրագիրը մոտ 50 միլիոնի դրամի բյուջե ունի։
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքային իշխանությունն ամեն ինչով օգնում է երիտասարդ ճարտարապետներին, անգամ համայնքային բյուջեից գումար են հատկացրել։
«Քաղաքի բնակչության և զբոսաշրջիկների համար հետաքրքիր առարկաներ են սարքում, նաև պատմություն է կերտվում, վրան կգրենք, որ այսինչ թվականին Գյումրին է ընտրվել՝ որպես ճարտարապետների հավաքավայր, որոնք կհեռանան՝ իրենց գեղեցիկ ստեղծագործությունները նվիրելով մեր քաղաքին»,- ասաց Վարդգես Սամսոնյանը։
https://www.youtube.com/watch?v=FLvXX2MGJyw
Նա հպարտ է, որ աշխարհի ողջ քաղաքներից ընտրվել է Գյումրին, կարևորել են այս քաղաքի առավելությունները։
Հյուրընկալված ճարտարապետներն ու դիզայներներն առանձնահատուկ են սիրել Գյումրին, նրանցից շատերի կարծիքով՝ այն աշխարհի ամենաջերմ վայրերից է, որտեղ մարդիկ մոտենում, շփվում, օգնում, հյուրասիրում են իրենց։
Լեհ մասնակիցը՝ Ալիսա Մալիցան, որը դեռ սովորում է, ասաց․ «Սքանչելի վայր է, առաջին անգամ եմ Հայաստանում, այնքան տպավորված եմ Գյումրիի ճարտարապետությամբ։ Շատ մանրուքներ են ինձ զարմացնում՝ դռները, որոշ կառույցներ, որոնք եզակի են»։
Գյումրու ճարտարապետությամբ հիացած է նաև Նիժնի Նովգորոդից եկած մասնակից Թիմուր Բայգուզինը, որն ասում է․ «Շատ հաճելի է զբոսնել այս քաղաքում, այնպես է կառուցված, որ կողմնորոշում է անցորդներին։ Դեռ չենք հասցրել զբոսնել ողջ քաղաքով, զբաղված ենք եղել , բայց շրջել ենք քաղաքի կենտրոնական հատվածներում, համտեսել հայկական ուտելիքը, որը շատ համեղ է»։
Գյումրու Մանուշյան փողոցի շենքերից մեկի բակում խաղահրապարակը դիզայներական լուծումներով նորոգող երիտասարդ մասնագետներ՝ Հեդիան, որը ներկայացնում է՝ Եգիպտոսը և Գերմանիան, և Մարիսան, որը ներկայացնում է Բելգիան և Ֆիլիպինները, ապշած են բնակիչների հյուրընկալությամբ։ Նրանք պատմում են, թե ինչպես են շենքի բնակիչները գալիս, օգնում իրենց, ուտելիք բերում, հյուրասիրում։
Ճարտարապետների նպատակը նաև խաղահրապարակին նոր գույներ հաղորդելն է։ Ի դեպ, մասնակիցներից շատերը երկու շաբաթվա ընթացքում բավականաչափ հասցրել են ուսումնասիրել մեր մշակույթը, փորձել են հայերեն բառեր սովորել։
Վաղը այս ծրագրի փակման արարողությունն է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ