Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ցույցի ավարտին մի մանկահասակ տղա տանկով միացավ ցույցի մասնակիցներին: Նրա համար հավաքված քաղաքացիները ճանապարհ բացեցին ու ուղղություն տվեցին, թե որտեղ կանգնի:
«Ուղղությունը պահիր այս շենքի ու այս շենքում ծվարած դիվանագետների ուղղությամբ, հատկապես գլխավոր դիվանագետ Կոպիրկինի: Սա թող լինի ազդակ, որ ԼՂ-ում մեր հայրենակիցների վրա չսպառնաք, բետեէռներ հանել ու բետեէռներով տրորել: Հարկ եղած պարագայում այս մանուկներն էլ իրենց բետեէռից սկած մինչեւ Զինված ուժերի տրամադրության տակ եղած բետեէռները կհանեն ու առաջինը Գյումրիում տեղակայված, ծվարած 102-րդ ռազմաբազայից ձեզ կտշեն»,- սպառնաց ցույցի մասնակիցներից մեկը:
Հետո հավաքված քաղաքացիները սկսեցին քննարկել՝ ինչ անել, գնալ տներով, թե նստացույց սկսել դեսպանատան դիմաց: Բայց եկան այն մտքի, որ նստացույց չարժե:
«Ես էլ եմ այդ կարծիքին, որ իմաստ չկա: Եթե այստեղ տեսնեի առնվազն 10-15 արցախցի, նրանց հետ միասին նստացույց կանեի: Բայց քանի որ այդ հողի վրա ապրողը, թիվ մեկ շահառուն ցանկություն չունի, իրականում մեծ ցավ եմ ապրում, որ այս արձանագրումներն անում եմ, բայց պարտավոր ենք…58.000 քաղաքացի գնացել, հայաքվեի տակ ստորագրել է, ասում են՝ ով հայ է, պետք է ստորագրի, ուր եք բա դուք հայեր, 58.000 ստորագրած հայեր, բա դուք ուր եք, թե հրահանգը չկա»,- կրկին ստեղծված խնդիրներում նախկինների հասցեին մեղադրանքներ սկսեց հնչեցնել ակցիայի մասնակիցներից մեկը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները ՌԴ-ից պահանջում էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված անհապաղ միջամտել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը, վերջ տալ Արցախի հայերի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման՝ Ադրբեջանի վարած քաղաքականությանը նպաստելուն, տալ հստակ գնահատական Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամին, ապահովել ՀՀ ուղարկած ու այս պահին դեռ Կոռնիձորում սպասող հումանիտար բեռների մուտքը Արցախ՝ առանց նախապայմանների:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ