Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք ասացին՝ բացառվում է, «Կարմիր խաչը» չի հայտարարելու, որ Ադրբեջանն է խոչընդոտել աճյունի տեղափոխմանը»․ քաղաքացիները գործողություն են պահանջում «Կարմիր խաչից»

Օգոստոս 18,2023 20:35

«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակի շենքը շրջափակած երիտասարդները հայտարարեցին, որ չեն հեռանալու։ Նրանք պահանջում են, որպեսզի «Կարմիր խաչը» հայտարարությամբ հանդես գա եւ պարզաբանի, որ Ադրբեջանն է մերժել արցախցի Հելեն Դադայանի աճյունը Արցախ տեղափոխելու դիմումը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունը Բաքուն թույլ չի տալիս տեղափոխել Արցախ։

Ցույցի մասնակիցներին ընդունեցին «Կարմիր խաչի» գրասենյակում։ Հանդիպումից հետո մասնակիցներից մեկը մանրամասներ ներկայացրեց․«Իրենք ասացին՝ բացառվում է, «Կարմիր խաչը» չի հայտարարելու, որ Ադրբեջանն է խոչընդոտել։ Ասացին, որ եթե մի քիչ էլ շարունակվի սա, իրենք հայտարարություն կտարածեն, որ գերեվարված են»։ Ի պատասխան ցույցի մասնակիցներն ասացին․ «Թող գերեվարված մնան, 120 հազար մարդ գերեվարված է Արցախում»։

Վարդան Հարությունյանն ասաց․ «Եթե «Կարմիր խաչը» այսքանը չի բարձրաձայնում, որպեսզի համայն աշխարհին ցույց տա, որ Ադրբեջանը վարում է ցեղասպան քաղաքականություն, ուզում է հայտարարեն, որ իրենք գերեվարված են, ուզում է հայտարարեն, որ շրջափակման մեջ են, մեզ չի հուզում, որովհետեւ իրենք ուղիղ աջակցում են ցեղասպանությանը»։

Ցույցի մասնակիցները հայտարարեցին, որ «Կարմիր խաչն» ըստ իր մանդատի՝ պարտավոր է հանրային իրազեկում իրականացնել, իհարկե, պահելով չեզոքությունը։ Բայց այս պարագայում, երբ կոնֆլիկտի կողմերից մեկը խոչընդոտում է իրենց գործունեությանը, իրենք պարտավոր են նախ հանրային իրազեկում իրականացնել, ապա այլ կազմակերպությունների ներառել, որպեսզի բանակցություններ վարվեն։ «Մենք իրենց մանդատից դուրս ոչ մի բան չենք պահանջում։ Նրանք այլ գործիքակազմ էլ ունեն՝ բանակցություններ վարել։ Մենք պահանջում ենք, որպեսզի իրենք ներկայացնեն, թե ինչպես են վարում այդ բանակցությունները։ Սա արժանապատվության ոտնահարում է եւ սա ուղիղ մարդասիրական առաքելություն է։ Մենք ապօրինի ոչինչ չենք պահանջում, մենք հանրային իրազեկում ենք պահանջում եւ ներգրավել բոլոր հնարավոր միջազգային կառույցներին, որպեսզի այդ բանակցությունները տեղի ունենան։ Մեր պահանջն արդար է, մենք չենք գնալու, քանի դեռ իրենք հայտարարություն չեն տարածել, որ Ադրբեջանը չի կատարում պայմանավորվածությունը։ Իրենց լռությունը խրախուսում է, որպեսզի նման գործողությունները կրկնվեն»,- հայտարարեց ցույցի մասնակիցներից մեկը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031