«Ես ուզում եմ այստեղ արցախցիներ տեսնել… չկան, դա էլ գիտեմ, առիթը բաց չեն թողնում նաեւ Արցախի մեր հայրենակիցները, որոնք Արցախի ԱԳ նախարարի պնդմամբ՝ տասնյակ հազարներ են ու առավոտից մինչեւ երեկո իր դռներն են ջարդում, որ իրենց զենք տան, իրենք վերադառնան Արցախ, բացեն Լաչինի միջանցքը, գտնեն մեղավորներին ու պատժեն: Բայց նախարարը բարեհաճ է գտնվում մեր ու նրանց նկատմամբ ու թույլ չի տալիս: Հարգելի՛ արցախցիներ, եթե մեղավորներ եք փնտրում, փնտրեք ձեր մեջ:
Քանի դեռ արցախցիների գլխում բան չի փոխվել, քանի դեռ նրանք էս պետությանը (նկատի ունի` Ռուսաստանը) իրենց դաշնակից են համարում, հողի վրա իրավիճակ չի փոխվելու, էս պետության խաղադրույքը ի կատար է ածվելու, տասնյակ հազարավոր փախստականի կարգավիճակ ստացած արցախցիներ լցվելու են Երեւանի փողոցներ ու դավաճան են փնտրելու, դավաճան, հողատու ու հողավաճառ են գոռալու»,-այսօր Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց անցկացվող բողոքի ցույցի ժամանակ ասաց մասնակիցներից մեկը:
Հիշեցնենք, որ քաղաքացիները ՌԴ-ից պահանջում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված անհապաղ միջամտել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը, վերջ տալ Արցախի հայերի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման՝ Ադրբեջանի վարած քաղաքականությանը նպաստելուն, տալ հստակ գնահատական Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամին, ապահովել ՀՀ ուղարկած ու այս պահին դեռ Կոռնիձորում սպասող հումանիտար բեռների մուտքը Արցախ՝ առանց նախապայմանների:
«Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Լաչինի միջանցքը ՌԴ տիրապետության տակ գտնվող տարածք է ու ՌԴ-ն պարտավոր է Լաչինի միջանցքի երկկողմանի, անխափան տեղաշարժն ապահովել: Էկոակտիվիստների շինծու ակցիաերի ժամանակ ռուս խաղաղապահներն արդարանում էին, թե բա տեսեք՝ քաղաքացիական ակցիա է, իրենք էլ ժողովրդավարության ջատագովներն են իրենց տխրահռչակ նախագահի գլխավորությամբ, չեն պատրաստվում միջամտել ու բացել միջանցքը:
Կարդացեք նաև
Այս ամենին հաջորդեց Ադրբեջանի կողմից սահուն միջանցքն իրենց վերահսկողության տակ վերցնելու պատրաստակամությունը, ՌԴ- ն էլ տուրք տվեց դրան: Լաչինի միջանցքը հանձնեց Ադրբեջանին: Հիմա արցախցիները, ՀՀ քաղաքական դաշտում գործող նախկին իշխանությունների շերեփուկները, որոնք հայտարարում են, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ուր են նրանք»,- հավելեց ակցիայի մասնակիցը՝ նախկիններին մեղադրելով միայն խոսելու, իսկ վճռական քայլերի ժամանակ չքվելու մեջ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ