Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն գրանցեց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքին

Օգոստոս 18,2023 19:33

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրել էր հերթական նիստ, որի օրակարգում երկու հարց էր․ Երեւանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի հերթական ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների եւ կուսակցությունների  դաշինքի  կողմից  ներկայացված ընտրական ցուցակների գրանցման հարցի  քննարկման մասին եւ թիվ 13 եւ թիվ 32 ընտրատարծքային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու եւ ՀՀ ԿԸՀ-ի 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 89 Ա, որոշման մեջ լրացում կատարելու մասին։

Օրակարգը հաստատելուց հետո նիստը վարող ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը կուսակցությունների եւ դաշինքի լիազոր ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ առաջադրման փաստաթղթերը ստանալուց հետո ԿԸՀ-ն օգոստոսի 14-ին գրությամբ դիմել էր ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիական ծառայությանը՝ խնդրելով պարզաբանում առ այն, թե արդյո՞ք 808 թեկնածուները, որոնք առաջադրվել են, բոլորին տրամադրվել են համապատասխան տեղեկանքներ վերջին վեց ամսում Երեւանում հաշվառված լինելու մասին։

«Նման քայլի դիմելու պատճառն այն էր, որ նախկինում՝ 2021 թվականին, եղել էր դեպք, երբ ԿԸՀ-ն պատգամավորության թեկնածու էր գրանցել եւ միայն գրանցումից հետո պարզվել էր, որ տեղեկանքը եղել է կեղծված։ Պիտի տեղեկացնեմ, որ մենք պատասխանն ստացել ենք եւ ոստիկանությունը հաստատել է, որ բոլոր 808 թեկնածուների հետ կապված խնդիր չունենք։

Մյուս հարցը։ Ինչպես հայտնի է, կուսակցությունների կանոնադրության համապատասխանությունը կուսակցությունների մասին օրենքին,  ընտրական օրենսգրքի պահանջ է։ Եվ եթե կա անհամապատասխանություն, դա հիմք է գրանցումը մերժելու համար։ Ուստի այս հարցի պատասխանը եւս ստանալու համար ԿԸՀ-ն օգոստոսի 14-ին գրությամբ դիմել էր արդարադատության նախարարին՝ բոլոր առաջադրված կուսակցությունների եւ դաշինքի կանոնադրությունների եւ ընտրական օրենսգրքի համապատասխանության վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ Ըստ ստացված պատասխանի, առաջադրված բոլոր 13 կուսակցությունների եւ դաշինքում ընդգրկված երկու կուսակցությունների կանոնադրությունները համապատասխանում են կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի պահանջներին։

Եվ վերջում եւս մեկ հայտարարություն կուսակցությունների լիազոր ներկայացուցիչների համար։ Վաղը ժամը 11։00-ին նշանակված է ԿԸՀ նիստ, որի ընթացքում տեղի է ունենալու վիճակահանությունը։ Կխնդրենք, որ այն լիազոր ներկայացուցիչները, որոնք զբաղվելու են կուսակցությունների հիմնադրամների հետ հաշվապահությամբ, նրանք եւս վաղը ներկա լինեն, որովհետեւ այդ նիստից հետո հատուկ հանդիպում է կազմակերպված, որի ընթացքում պարզաբանումներ կտրվեն ձեր հարցերին»,-ասաց Վահագն Հովակիմյանը։

Դրանից հետո ԿԸՀ-ն ըստ առաջադրման հերթականության անցավ առաջադրված կուսակցությունների գրանցման գործընթացին։ Առաջադրված կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի փաստաթղթերն ուսումնասիրած ԿԸՀ անդամները հերթով զեկուցեցին, որ դրանք համապատասխանում են ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի պահանջներին։ Եվ քանի որ առարկություններ չեղան, ԿԸՀ-ն հաստատեց բոլորի թեկնածությունը։

Այսպիսով, սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցեն «Հայաստանի Եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները եւ «Մայր Հայաստան» դաշինքը, որի մեջ մտնում են «Երկիր ծիրանի» եւ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները։

Օրակարգի երկրորդ հարցով քվեարկությամբ թիվ 13 ընտրատարածքային հանձնաժողովի անդամ նշանակվեց Մուշեղ Հայրիկի Ղազարյանը, իսկ թիվ 32 ընտրատարածքային  հանձնաժողովի անդամ՝ Աստղիկ Արայի Հակոբյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031