Շուրջ 5000 քմ տարածք զբաղեցնող Մերգելյանի այգու հիմնանորոգման նախագիծն արդեն պատրաստ է: Հաշվի առնելով բնակիչների դիտարկումներն ու առաջարկները՝ նախնական նախագծերը փոխվեցին և էսքիզային լուծումներում ընտրված է նոր՝ ավելի կանաչապատ տարբերակը։
Ճեմուղիներ, նստարաններ, խաղահրապարակ ու մարզահրապարակ, շատրվանային համալիր, մանկական զարգացման կենտրոն. տասնամյակներ շարունակ տարատեսակ կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված հանգստի գոտին նոր շունչ ու տեսք կստանա:
Նախագծի շրջանակում այգու կանաչ գոտին կընդլայնվի, կտնկվեն նոր՝ շուրջ 50 արժեքավոր և երիտասարդ ծառեր, որոնք տվյալ տարածքում կստեղծեն միկրոկլիմա և առանձնահատուկ տեսք կհաղորդեն:
Հանգստի գոտում այսօր շուրջ 100 ծառ կա: Ոլորտի մասնագետների ուսումնասիրությունների արդյունքում առանձնացվել է կենսունակությունը կորցրած շուրջ 30 ծառ, որոնք պետք է հատվեն:
Տասնամյակներ շարունակ վարձակալությամբ տրված և անխնամ մնացած հանգստի գոտիները քայլ առ քայլ պետք է վերադարձվեն Երևանին ու երևանցիներին. քաղաքային իշխանությունների մոտեցումն այս հարցում հստակ է:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն