Մի խումբ քաղաքացիներ շրջափակել են «Կարմիր Խաչի» միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակը՝ պահանջելով պարզաբանել, թե ինչ հիմնավորմամբ է Բաքուն մերժել Հելեն Դադայանի աճյունը Արցախ տեղափոխելու դիմումը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունը Բաքուն թույլ չի տալիս տեղափոխել Արցախ։
Ըստ տեղեկատվության՝ «Կարմիր խաչը» նախնական համաձայնության էր եկել Բաքվի հետ, որ այսօր պետք է աճյունը տեղափոխեին Արցախ, բայց այսօր առավոտյան ադրբեջանական կողմը չեղյալ է արել պայմանավորվածությունը։ Գյումրի-Երևան ճանապարհի ողբերգության զոհերից Հելեն Դադայանը Արցախից էր՝ Ճարտարից։ Նա սովորում և աշխատում էր Երեւանում։ Հելեն Դադայանի ընտանիքի անդամներն ու հարազատները Արցախում են՝ շրջափակման մեջ։
Ցույցի մասնակիցներից Վարդան Հարությունյանը հայտարարեց․ «Հարգելի «Կարմիր խաչի» միջազգային կոմիտե, դուք գտնվում եք շրջափակման մեջ, շենքից դուրս չեք գալու, քանի դեռ չեք տվել մեզ հուզող հարցի պատասխանը։ Ուստի՝ բլոկադա բլոկադայի դիմաց։ Դուք բլոկադայի մեջ եք եւ որոշակի ժամանակահատված կզգաք այն, ինչ զգում են այսօր արցախցիները»։
Նա նշեց, որ պահանջում են կամ Ադրբեջանի մերժման պատճառը ներկայացնել, կամ իրացնել Ժնեւյան կոնվենցիայով իրենց տրված իրավունքները եւ աճյունը տեղափոխել Արցախ։ Վարդան Հարությունյանը նշեց, որ «Կարմիր խաչի» ղեկավարներից մեկն է մոտեցել ցույցի մասնակիցներին, իրենք հարցեր են տվել նրան, բայց պատասխան չեն ստացել։ Եվ այդ պատճառով ցուցարարները որոշել են շրջափակել կոմիտեի շենքը։
Կարդացեք նաև
Մասնակիցները «Կարմիր խաչին» կոչ արեցին կանխել այս դաժան իրողությունը։ «Խնդրում ենք, ահազանգեք մինչեւ գլխավոր գրասենյակ, լուծեք այս հարցը, հակառակ դեպքում ձեր առաքելությունը Հայաստանում եւ Արցախում դառնում է անիմաստ»,- հայտարարեց երգահան Միքայել Մարգարյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ