Ըստ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական հաղորդագրության, օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ եւ հեռացել։ Վնասվել են պատուհաններն ու տանիքը։
Օգոստոսի 18-ի կեսօրին այցելելով օդանավակայան պարզելու միջադեպի հանգամանքները։ Նախ՝ մեկ–երկու աշխատակից դրսում նստած էին։ Նկատելով մեզ՝ նրանք մտան մասնաշենք ու չբացեցին դուռը մեր առջեւ։ Երբ ասացինք, որ տնօրենին ենք ուզում հանդիպել՝ տվյալ աշխատակիցները նշեցին, որ բոլոր պատասխանատուները խիստ զբաղված են։
Կարդացեք նաև
Սկսեցինք նկարահանումները, ինչը ոչ մեկը չարգելեց։ Այդ ընթացքում անընդհատ փորձում էինք զանգահարել «Սյունիք» օդակայանի տնօրեն Կարեն Վարդանյանին, որը մեր հեռախոսազանգերն այդպես էլ անպատասխան թողեց։
Կադրերը տեսագրելուց ու լուսանկարելուց հետո՝ օդանավակայանի մասնաշենքի մոտ տեղադրված նստարաններին նստած՝ սպասում էինք տնօրենին՝ մտածելով, որ ինչ էլ չլինի՝ կգա, սակայն մեզ մոտեցան օդանավակայան ժամանած ոստիկանության աշխատակիցները։ Բնականաբար նրանք ներկայանալուց հետո՝ խնդրեցին մեզ ազատել օդանավակայանի տարածքը՝«քանի որ չի կարելի մնալ այդ տարածքում»։
Բնականաբար՝ հարգեցինք նրանց խնդրանքը՝ դուրս գալով տարածքից, սակայն այդպես էլ անհասկանալի մնաց՝ թե ում էին խանգարում «Ազատություն» ռադիոկայանի եւ Aravot.am-ի լրագրողները։
Իսկ արդեն ճանապարհին նկատեցինք աշխատանքային այցով Սյունիքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանը, որը Կապանից Սիսիան էր մեկնում։
Պատրաստ ենք ներկայացնելու «Սյունիք» օդակայանի տնօրինության տեսակետը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ