Համացանցում տարածվել է աղմկահարույց տեսանյութ, որտեղ մայրը՝ Աննա Արեւշատյանը ծեծում է անչափահաս երեխային, սեռական, ֆիզիկական, հոգեբանական բռնության ենթարկում։ Ընտանիքը բնակվել է Գավառ համայնքում։ Երեխայի հայրը դստերը սեռական բռնության է ենթարկել։ Դատախազությունից Aravot.am-ին հայտնեցին, որ հոր նկատմամբ դեռեւս դատավճիռ կայացված չէ, հայրը՝ Թաթուլ Մադաթյանը գտնվում է կալանավայրում։
Գավառի համայնքապետի տեղակալ Գրիգոր Դաշտոյանն Aravot․am-ի հետ զրույցում ասաց, որ ընտանիքը պարբերաբար փոխում էր բնակության վայրը։ Համայնքապետարանը պարբերաբար սոցիալական աջակցություն էր տրամադրում ընտանիքին։
Սեռական բռնությունից հետո արդյոք համայնքապետարանի հոգաբարձության եւ խնամակալության բաժնի աշխատակիցները այցելել են երեխային, ստուգել են, աշխատել են ընտանիքի անդամների հետ, մեր այս հարցին ի պատասխան Դաշտոյանն ասաց՝ պարբերաբար գնացել են, տեսակցել են, հոգեբանը, սոցիալական աշխատողը ե՛ւ երեխայի հետ է աշխատել, ե՛ւ մոր․«Ոչ մի բան չեն բացահայտել։ Էրեխեքը միշտ կոկիկ հագնված են եղել, ուսման առաջադիմությունում էլ փոփոխություն չի եղել։ Արտաքինից ոչ մի բան չի նկատվել։ Էրեխեքի հետ էլ պարբերաբար խոսել են, ոչ մի բան չեն ասել։ Էդ ընտանիքի մասին չի խոսվել մեր համայնքում, աչքի չեն ընկել։ Հարեւաններից մեկն էսօր ասել է, թե իրենց տանից ձայներ է լսել։ Չգիտեմ՝ կարող է, որ արդեն բացահայտվել է, մարդիկ խոսում են»։
Դաշտոյանի ներկայացմամբ՝ երեխային սեռական բռնությունից հետո տեղափոխել էին ՀՕՖ, որտեղ մոտ մեկ ամիս է ապրել։
Կարդացեք նաև
ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանն այսօր news.am տված հարցազրույցում ասել է՝ «․․․Աղջիկը մեզ պատմում էր, որ ոչ միայն իր, այլեւ քրոջն է բռնության ենթարկել՝ այն աղջկան, որը տարածված տեսանյութում խոշտանգվում էր։ Երեխան պատմում էր, որ բռնության պահին մայրիկը տանը չէր լինում, ինքը փորձել էր պատմել, բայց մայրը չէր հավատացել, ասել էր՝ չե՞ս ամաչում, ի՞նչ ես խոսում։ Դե շատ է լինում, որ մայրերը չեն հավատում նման բաների։ Բայց երեխան երբեք չէր ասել, որ մայրն իրենց բռնության է ենթարկել։ Մենք էլ իրենցից անադեկվատ բան չենք զգացել, ուղղակի ինքը չէր աջակցում երեխաներին, ամուսնու կողմից էր, երեխային մեղադրում էր պատմելու համար, ցանկանում էր կոծկել դեպքը։ Հետո, ամենայն հավանականությամբ, մայրը սկսել է փաստն ընդունել, հիասթափություն է ունեցել ամուսնուց, գուցե հոգական առողջության հետ որեւէ բան է կատարվել։ Պետք է հոգեբույժներն ուսումնասիրեն՝ ինչ է կատարվել հետը»։
Sputnik-ին Փոքր դուստրը ՀՕՖ–ում է եղել. ինչո՞ւ են բռնության ենթարկված երեխաները մնացել ընտանիքում ,Միրա Անտոնյանն ասել է․ «Սկզբնական շրջանում նա մերժում էր ընդունել, որ նման բան է եղել։ Հետո նա ընդունեց, սկսեց մեղադրել ամուսնուն, զոհին էր պաշտպանում։ Այն կինը, ում այդ սարսափելի տեսանյութում տեսանք, այն կինը չէր, ում մենք էինք ճանաչում. մեր տեսած Աննան իր երեխայի հանդեպ կատարվածից ցնցված, ամոթի զգացումով տառապող կին էր։ Բացի այդ, նա հոգատար վերաբերմունք էր ցուցաբերում երեխաների հանդեպ, երեխաներից որևէ մեկը զրույցներում չի հայտնել, թե մայրն իրենց հետ վատ է վարվում, ծեծում է և այլն»։
Անտոնյանն ասել է, որ երեխայի ընտանիք այցելություններ է կատարել տարածքային սոցիալական աշխատողը, երեխային պաշտպանության բաժնի աշխատակիցը, խոշտանգման կամ ծեծի ահազանգ որեւէ մեկը չի ստացել։
Երեխայի նկատմամբ սեռական, ֆիզիկական եւ հոգեբանական բռնություն գործադրող կինն, ըստ դատական տեղեկատվական համակարգի, 2017 թվականին դատապարտվել է երեք ամսվա ազատազրկման սուտ մատնություն համար։ Ըստ Datalex-ի Արեւշատյանը իրավապահներին հայտնել է, թե 2009թ-ից մինչև 2017 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում Հ․ Խ․-ն առանց աշխատավարձ վճարելու իրեն եւ ամուսնուն Թաթուլ Մադաթյանին ներգրավել է հակադիր աշխատանքների։
Արեւշատյանը, սակայն պատիժը ազատազրկման ձեւով չի կրել, դատարանը վճռել է նրա նկատմամբ սահմանել է մեկ տարվա փորձաշրջան, նրա վարքի հսկողությունը Պրոբացիայի ծառայության պատասխանատվության տակ է եղել։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ