Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն օգոստոսի 18-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
Տիգրան Խաչատրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ կներդրվեն առավելագույն ջանքերը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ: Փոխվարչապետը բարձր է գնահատել տարածաշրջանում արդարացի խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում Ֆրանսիայի դերակատարությունը՝ հատուկ ընդգծելով նաև Լաչինի միջանցքի շուրջ ութ ամիս շարունակվող և վերջին երկու ամիսներին բացարձակ արգելափակման հետևանքով հումանիտար աղետը կանխելուն ուղղված Ֆրանսիայի հասցեական հայտարարություններն ու ջանքերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար աղետի հարցով ՄԱԿ ԱԽ-ում գումարված արտահերթ նիստի շրջանակներում։
Դեսպան Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել Ֆրանսիայի՝ փոխգործակցությունը խորացնելու և երկկողմ օրակարգը համագործակցության նոր ուղղություններով լրացնելու հանձնառությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգի մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝ երկկողմ տնտեսական և ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ։ Բարձր է գնահատվել նաև Զարգացման ֆրանսիական գործակալության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը ոռոգման համակարգերի արդիականացման, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում՝ կարևորելով նոր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։
Կարդացեք նաև
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակ