Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանցիները՝ Ադրբեջանի վարձած կեղծ լրագրողների զոհ. Civilnet

Օգոստոս 18,2023 17:45

Civilnet. Ադրբեջանական իշխանամետ Baku.TV օգոստոսի 16-ին «Baku.TV-ն Հայաստանում։ Տեղի բնապահպանները պատմեցին ողջ ճշմարտությունը․ ԲԱՑԱՌԻԿ» վերնագրով տեսանյութ է հրապարակել։ Դրանում անդրադարձ է կատարվում Հայաստանի հանքարդյունաբերությանը, նշվում է դրա «աղետաբեր ազդեցության մասին»։ Ռեպորտաժում նաև ներկայացված են հայաստանցի զրուցակիցների խոսքեր՝ Կապանի, Քաջարանի բնակիչների, ինչպես նաև «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի մեկնաբանությունները։

Ինչպե՞ս են ադրբեջանցի լրագրողները հայտնվել Հայաստանում ու ռեպորտաժ նկարել։ Պարզվում է՝ ռեպորտաժում խոսող անձինք դարձել են խաբեության զոհ։

Տեսանյութում տեսակետ հայտնող Կապանի «Ծիածան» ՀԿ-ի ղեկավար Սուսաննա Մարտիրոսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնեց, որ փողոցում իրենց մոտեցել են երկու հոգի, ներկայացել են որպես բլոգեր՝ մեկը եղել է օպերատորը, որը խոսել է հայերեն, իսկ մյուսը լրագրող էր՝ խոսափողով ռուս աղջիկ, որը խոսել է ռուսերեն։ Մարտիրոսյանը պատմում է՝ հետաքրքվել է, թե ինչ բլոգ են ներկայացնում, սակայն այդ անձինք խուսափողական պատասխան են տվել՝ հայտնելով, որ ուղղակի հարցումներ են անում։ Եվ կինը պատասխանել է համայնքի մասին հարցերին՝ անդրադառնալով նաև հանքի՝ համայնքի վրա ունեցած ազդեցությանը։

Ռեպորտաժում ներկայացվում է նաև «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքը։ Վերջինիս, սակայն, ոչ թե պատահական դրսում են նկարել, այլ երկար աշխատանք են տարել՝ նրանից մեկնաբանություն ստանալու համար։

Զարաֆյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնեց, որ հուլիսի 29-ին էլեկտրոնային փոստով դիմում էր ստացել Նատալյա Խոխլովա անունով անձից, որը ներկայացել է ռուսական bloknot.ru պարբերականից՝ խնդրելով հարցազրույց տալ Հայաստանում բնապահպանական վիճակի վերաբերյալ։

Ուսումնասիրել են bloknot.ru-ի կայքը, որը բավականին երկար տարիներ գործունեություն է իրականացրել, ինչն էլ շատ կասկածներ չի առաջացրել։

Oգոստոսի 3-ին հանդիպել են Երևանում և կենդանի զրույց ունեցել։

«Հարցազրույցի ժամանակ ես խոսեցի կլիմայական ռիսկերի, Սևանա լճի խնդիրների, Ադրբեջանի կողմից շրջափակման մասին։ Նատալյա Խոխլովան առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերեց հանքարդյունաբերության նկատմամբ»,- նշում է Զարաֆյանը՝ ընդգծելով, որ հարցազրույցի այդ հատվածում Նատալյա Խոխլովային ներկայացրել է բաց պաշտոնական տվյալներ Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտի վիճակի մասին, որն էլ հայտնվել է Baku.TV-ի ռեպորտաժում։

Bloknot.ru-ում այս հարցազրույցը այդպես էլ չի հայտնվել։

Իր հարցազրույցի՝ Baku.TV-ում հայտնվելը մեծ զարմանք է հարուցել Զարաֆյանի մոտ։ «Իմ խոսքերը ծաղկաքաղ են արված և աղավաղված։ Հարցազրույցի համատեքստն ամբողջությամբ խեղաթյուրված է և ադրբեջանական տեսանյութում հարմարեցված է Ադրբեջանի քաղաքական քարոզչությանը՝ ուղղված Հայաստանի դեմ»,- նշում է Զարաֆյանը։

#CivilNetCheck-ը ուսումնասիրեց նաև bloknot.ru-ի հեղինակների ցանկը, որտեղ Նատալյա Խոխլովա անունով լրագրող չկա։ Նման անուն-ազգանունով հեղինակի նյութեր այդ կայքում ևս առկա չեն։ Բաց աղբյուրներում Նատալյա Խոխլովա անունով մեկ լրագրող կարելի է գտնել, որը, սակայն, ըստ Զարաֆյանի, նույն անձը չէ։

Զարաֆյանը նամակ-դիմում է հղել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանին, ինչպես նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ ներկայացնելով տեղի ունեցածը։

«Խնդրում եմ Ձեզ կապ հաստատել Ռուսաստանի Դաշնության համապատասխան գերատեսչությունների հետ, որպեսզի հետաքննվի քաղաքացի Նատալյա Խոխլովայի գործունեության այս ասպեկտը, որը ռուսական անձնագրով մուտք է գործել Հայաստան, ինչպես նաև «Բլոկնոտ» պարբերականի։ Նրանք ամբողջությամբ պատասխանատու են խարդախությամբ հարցազրույց ստանալու համար, որը կեղծվել և օգտագործվել է հակահայկական տրամադրություններ հրահրելու համար, ինչպես նաև դարձել է կեղծ տեղեկությունների տարածման աղբյուր»,- գրել է բնապահպանը։

#CivilNetCheck-ը փորձեց կապ հաստատել bloknot.ru-ի խմբագրության հետ՝ պարզելու, թե արդյոք տեղյակ են եղել կատարվածի վերաբերյալ, սակայն մեր զանգերին այդպես էլ պատասխանող չեղավ։ Մենք խմբագրություն գրավոր հարցում ենք ուղղել։

Անի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031