Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Քննչական կոմիտեի ինքնասպանության վարկածներին չեմ հավատում, բանակում մահերը կրկնապատկվել են»․ Ժաննա Ալեքսանյան

Օգոստոս 18,2023 17:41
zinvor

Քննչական կոմիտեն օգոստոսի 11-ին մահացած պարտադիր ժամկետային զինծառայող Գրանիկ Խնկոյանի գործով հայտնել է, որ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն առերևույթ կատարել է հրապարակավ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ` համածառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելով նրա նկատմամբ: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ գտնվելով ընկճված հոգեվիճակում՝ Գրանիկ Խնկոյանը 2023թ․ օգոստոսի 11-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում իրեն ամրակցված ինքնաձիգով արձակել է կրակահերթ և ինքն իրեն պատճառել հրազենային մահացու վնասվածքներ, ինչի հետևանքով տեղում մահացել է:

Ժաննա Ալեքսանյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Քննչական կոմիտեի՝ ինքնասպանության վարկածը արժանահավատ չէ։ «Ես Քննչական կոմիտեի որակած ինքնասպանության վարկածներին չեմ հավատում։ Հավատում եմ, որ շտաբի պետը զինծառայողին նվաստացրել է, բանակում զինծառայողների նկատմամբ այդ վերաբերմունքը շարունակական է։ Բայց ես հերթական անգամ կասկած եմ հայտնում ինքնասպանության վարկածի մասին։ Չեմ ուզում մտածեմ, որ դա ինքնասպանություն է, Քննչական կոմիտեն պետք է իրոք բացահայտի, բայց ինքը չի բացահայտում այն դեպքերը, որոնք որակված են որպես ինքնասպանություն։ Բանակում որեւէ բարեփոխում տեղի չի ունենում, դրա մասին են վկայում մահվան դեպքերը։ Այս տարվա առաջին կիսամյակում բանակում ոչ մարտական պայմաններում 54 մահվան դեպք է գրանցվել։ Երբ այս իշխանություններն ամեն ինչ համեմատում էին նախկինների հետ, թող հիմա սա էլ համեմատեն, որ նախկինների ժամանակ այս քանակի մահեր չկային բանակում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մահվան այս դեպքերը կրկնակի են։ Այս հեղափոխական իշխանությունների օրոք մահվան դեպքերը բանակում ավելացել են»։

Ըստ իրավապաշտպանի՝ դեպքերի կանխելու միջոց են Քննչական կոմիտեի բացահայտումները։ Պետք է իրական մեղավորները պատժվեն, որպեսզի չկրկնվեն դեպքերը։ «Մենք ինքնասպանություն որակված մի քանի տասնյակ գործերով քննություններ ենք մասնակցել եւ չենք տեսել մի դեպք, որն իրոք ինքնասպանություն է։ Բանակն է պատասխանատու այս դեպքերի համար, լինի դա սպանություն, թե ինքնասպանություն։ Եվ ինքնասպանություն որակելով՝ բանակը մեղքը փորձում է բարդել ընտանիքի վրա։ Երբ ընտանիքը լսում է ինքնասպանության մասին, դա կարծես խարան լինի, շատ ծանր են տանում։ Դրա համար հենց այդպես են վարվում բանակի ղեկավարությունն ու Քննչական կոմիտեն եւ այդ գործերը որակում են ինքնասպանություններ»,- հավելեց Ժաննա Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին պաշտպանության նախարարությունը հաղորդեց միանգամից երկու զինծառայողների՝ զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանի, եւ  Գրանիկ Վարդանի Խնկոյանի մահվան մասին։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031