Հանրային հեռուստաընկերության 08.08.2023թ. լուրեր հաղորդմամբ ՀՀ իրավապահ մարմինները, ի դեմս դատախազության, ներկայացնելով քրեական հետապնդման նախաքննության ինչ-որ անհիմն հանգամանքներ, հերթական անգամ հանրային դաշտում անհիմն և ապօրինի վարկաբեկում են Սանիթեք ընկերությունը:
Հայտարարում ենք, որ Սանիթեք ընկերությունը կամ նրա որևէ պաշտոնատար անձ երբևէ որևէ մեկին կաշառք չի տվել, կաշառքի խոստում կամ առաջարկ որևէ մեկին չի արել՝ դրա որևէ դրսևորմամբ: Ավելին, սկսած 2012 թվականից Սանիթեք ընկերությունը միակն է եղել, որ համաձայնել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած գնով մատուցել ծառայություններ Երևանում, և այդ պայմաններում Սանիթեքը որևէ առավելություն ստանալու նույնիսկ տեսական անհրաժեշտություն չուներ: Թե Սանիթեքից առաջ, և թե Սանիթեքից հետո այդ ծառայությունների համար ծախսվել են ավելի մեծ գումարներ։
Թեև նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հրապարակային հայտարարել էր նոր մրցույթով նոր օպերատոր ներգրավելու մասին, սակայն մինչ օրս որևէ մրցույթ չի իրականացվել, որևէ այլ ընկերություն չի ներգրավել, այդ ծառայությունների կազմակերպումը իրականացվում է ավելի մեծ գումարներով, ինչը ուղղակի խոսում է այլ միջազգային կազմակերպությունների կողմից դրա նկատմամբ հետաքրքրվածության բացակայության մասին։
Ինչ վերաբերվում է Սանիթեքի կողմից դատախազության նշած տարածքի վարձակալությանը, ապա բազմիցս հայտարարել ենք և կրկնում ենք, որ մինչև այդ Սանիթեքը շուրջ երկու տարի վարձակալում էր այլ տարածք, որի փոփոխությունը պայմանավորված էր Սանիթեքի համար վարձակալության ավելի շահավետ պայմաններով, ինչում վստահաբար դատախազությունը կարող էր պարզել:
Կարդացեք նաև
Նշվածով հորդորում ենք ՀՀ իրավապահ մարմիններին, միջազգային արբիտրաժային դատարանում դիրքավորվելու համար, չփորձել կաշառք տվողի անհիմն պիտակ կպցնել Սանիթեք ընկերությանը կամ նրա որևէ ներկայացուցչին:
Սանիթեք ընկերության քրեական գործով իրավաբանական խումբ