Եթե ընտրելու ենք սովորական համայնքի ղեկավար, ապա Տ. Ավինյանի շանսերը ամենամեծն են։ Վարչական ռեսուրսի և, պայմանական ասած, «MAN» ավտոբուսի (որից իրականում սովորական քաղաքացին օգտվում է) ձայները նրանն են։
Իսկ եթե ընտրելու ենք ղեկավար այն պետության մայրաքաղաքի, որի լինել-չլինելը նույն իշխանությունը հարցականի տակ է դնում, ապա պատկերն էապես խճճվում է։ Այս դեպքում երկու նոր դերակատար է հայտնվում. հանրությունը և Արցախը։ Ի վերջո, սա մարդկանց քվեարկություն է լինելու, և մարդիկ քվեարկելու են որպես անհատ, որպես հասարակություն, ու որպես հայրենակից՝ 120 հազար հայի ։
Այս իմաստով Տ. Ավինյանի ամենամեծ հակառակորդը Ն. Փաշինյանն է։ Բոլորը հասկանում են, որ Ավինյանի հաղթանակը Նիկոլը բնականորեն համարելու է անձամբ իրենը և ձևակերպելու է որպես վստահության քվե՝ իրեն։ Երբ իշխանության ղեկավարը իր իշխանության հինգերորդ տարում հայտարարում է, որ մենք կանգնած ենք պետականության կորստի և ցեղասպանության վտանգի առաջ, ու այդ երկրի մայրաքաղաքի ընտրություններում հաղթում է, ապա թշնամին իրեն կարող է վերապահել «բարոյական իրավունք»՝ անելու ինչ ուզում է այդ մայրաքաղաքի հետ։ Կկարողանա՞ արդյոք Ավինյանը ինչ-որ չափով չեզոքացնել իր համար Փաշինյանի գործոնը, դժվար է ասել։ Դա շատ բարդ, գրագետ, դանակի սայրին պրոցես է։
Ի՞նչ աստիճանով հանրությունը մասնակից կդառնա գալիք ընտրություններին. կախված է մեր բոլորի ջանքերից և, իհարկե, իրավիճակից։ Պետք է ֆիքսել, որ դա միայն ցանկությամբ չի լինում, այլ՝ հանրության հետ հստակ, ճիշտ աշխատանքով։
Կարդացեք նաև
Իրականությունն այն է, որ ընտրությունների պասիվության ֆոնին Տ. Ավինյանին հաջողվելու է կոնսոլիդացնել հայտնի ժողովրդական ներկապնակը՝ ձայն բերողներ, «բեսեդկաներում» նստողներ, շինթույլտվության համար գործարքի գնացողներ, կենցաղային հարցերով հմուտ բանակցողներ, հարատև տնօրեններ և այլն, և այլն։ Սա բնական է, և նրանց կոնսոլիդացնողը ունենալու է բարոյական իրավունք՝ իրեն ընկալելու որպես «հանրության քաղաքապետ»։ Եվ ո՞վ իրավունք կունենա ասել՝ քո ընտրողը հանրություն չէ, այ իմը հանրությունն էր, բայց «իմը» չեկավ ընտրության։ Այս իմաստով ոչ միայն սեփական ընտրողին, այլև ընդհանրապես ընտրողին տեղամաս ուղղորդելը կարևոր խնդիր է նաև մյուս թեկնածուների համար։ Եվ դա կարող է լինել 12 թեկնածուների (բացառությամբ՝ Ավինյանի) համատեղ պրոցեսը՝ 13-1 քաղաքականություն։
Արցախի ներգրավվածությունը երևանյան ընտրություններին մի կողմից բնական է, մյուս կողմից պահանջում է ճիշտ տեխնոլոգիական լուծումներ։ Հակառակ դեպքում այն կմնա զուտ որպես էմոցիա, որը կխեղդեն կենցաղային թեմաների ծավալով։ Պարզ ասած՝ կարող է ստացվել մի վիճակ, երբ քաղաքացին, որի սիրտը իսկապես ցավում է Արցախի համար, վերջացած նիկոլական չէ, բայց կգնա քվեարկելու Արցախի անուն չտված թեկնածուին կամ թեկնածուներին ու կունենա ինքնահիմնավորում՝ «Երևանի քաղաքապետը ի՞նչ կարող է անել Արցախի հարցում»։ Որպեսզի այս հարցադրումը չդառնա էլեկտորալ տրամադրություն, անհրաժեշտ է Արցախի թեման էմոցիայից վերափոխել աշխատանքային ծրագրի։ Արձանագրենք, որ այս պահին մի դաշինք կա առայժմ, որ հայտարարել է այդ նշաձողը վերցնելու մասին։ Սա նույնպես բարդ խնդիր է և պահանջում է գրագետ աշխատանք, որովհետև սրանից շատ բան է կախված։
Ի դեպ, ցինիկ չհնչի, բայց օրերս մի լրիվ իրական թեկնածու էլ հայտնվեց. Ադրբեջանում սկսել են «Իրիվանի Խանի ժառանգորդի» պաշտոնական PR-ը։ Ինչ-որ մի ծաղրածու, որին այդպես է ներկայացնում Բաքուն, ու որը վստահ է, որ հեռու չէ ժամանակը, որ ինքը կստանա «պապերի ժառանգությունը»։ Եթե կրկեսը թողնենք մի կողմ, բայց չէ՞ որ իրական է, որ երևանցին իր ձայնով՝ տված կամ չտված, կարող է մոտեցնել այդ պահը։
Եթե Երևանն ընտրելու է Արցախը Ադրբեջանի մաս համարող ուժին, հետո ՄԱԿ-երում ումի՞ց ինչ ենք պահանջելու։ Սա, ի դեպ, Ավինյանի համար էլ է մտածելու խնդիր. եթե համաձայն չէ այսօրվա պաշտոնական Երևանի տեսակետի հետ, թող գտնի լուծում՝ դա հանրությանն ասելու։
Երևանի ընտրությունը ոչ թե վերջնանպատակ է, այլ՝ միջոց և ընթացք։ Անհավանական է, բայց փաստ. 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո բոլոր ցուցակ գլխավորողները, Նիկոլից բացի, գնացին տուն։ Սա աբսուրդ է, բայց ցավոք այդպես է։
Այսօր շատ կարևոր է հասկանալ և բացատրել ընտրողին, թե Երևանի ընտրություններից հետո ո´վ և ովքե´ր են գնալու տուն, և ով է մնալու հանրային կյանքում և ինչպես՝ անկախ արդյունքներից։ Սա շատ կարևոր է։
Բոլորս լավ գիտակցում ենք, որ Հայաստանին սպասում են լարված, անկանխատեսելի զարգացումներ։ Ամիսներ, երբ ամեն ինչ հնարավոր է։ Եվ վերջապես. ոչ ոք չի կարող կանխորոշել, թե ի´նչ մթնոլորտ, ի´նչ իրավիճակ է լինելու ընտրությունների շեմին։ Այն կարող է էապես տարբերվել այսօրվանից, ընթացքում իրավիճակը կարող է այլ լինել, վերջում՝ լրիվ ուրիշ։ Կարևոր է հաշվարկել տարբեր սցենարներ՝ միավորվել, բոյկոտել, գնալ «խելացի քվեարկության», ինքնաբացարկի, և այլն։ Հնարավոր է ամեն ինչ։
Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ