Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրական կողմը միայն այն է, որ այսօր Արցախի հարցը դեռ փակված չէ». Դավիթ Գալստյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստի մասին

Օգոստոս 18,2023 16:57

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի կարծիքով, Արցախում ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած վերջին քննարկումը, մեծ հաշվով, ոչինչ չտվեց մեզ:

Դավիթ Գալստյանն ի սկզբանե էլ առանձնակի ակնկալիքներ չի ունեցել, բայց քննարկման արդյունքում որոշ եզրահանգումներ ունի. «Երբ որ հայկական կողմը ոչ բոլոր փաստարկներն է բերում, երբ որ հայկական կողմը չբերեց փաստարկներ, որ Լաչինի-Բերձորի միջանցքը մինչեւ շրջափակումն էլ անվտանգ չէր, Ադրբեջանն այնտեղ գնդակահարեց մեր ջրմուղ-կայանի աշխատակցին, շրջափակման ժամանակ, Շուշիում, երբ «էկո-ակտիվիստները» փակել էին ճանապարհը, դիվերսիոն խումբ ներթափանցեց Արցախ եւ երեք ոստիկան զոհվեցին եւ այլն. այս փաստարկները երբ չեն բերվում, հասկանում ես, որ ընդհուպ հայկական կողմը ոչ լիարժեք է ներկայացնում ստեղծված իրավիճակը: Ակնկալիքներ ունենալ այլ երկրներից, որոնցից շատերը շատ լավ ելույթներ ունեցան՝ Մալթան, Ֆրանսիան… Ցավոք, ամբողջ միջազգային հանրությունն էլ բոլորիցս էլ լավ հասկանում է՝ եթե հայկական շահը պաշտպանողները՝ հայկական կողմը, գործնական քայլեր չի ձեռնարկում այս իրավիճակը հանգուցալուծելու համար, իրենք ինչո՞ւ պետք է ավելի հայամետ լինեն»:

Մեր զրուցակիցը թվարկում է բազմիցս հնչեցված գործնական քայլերը, որոնց ՀՀ գործող իշխանությունն ականջալուր չի լինում՝ դադարեցնել խաղաղության պայմանագրի շուրջ բոլոր բանակցությունները՝ մինչեւ Ադրբեջանը չապաշրջափակի Արցախի հանրապետությունը, Ադրբեջանի համար սահմանափակել Հայաստանի օդային տարածքը եւ այլն:

Դիտարկմանը՝ այդ դեպքում ո՞րն է պաշտոնական Երեւանի նպատակը, որ նախաձեռնեց ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստը եւ երեկ էլ, կառավարության նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը գոհունակություն էր հայտնում՝ ասելով, թե այդ նիստից հետո աշխարհը տեղեկացավ, որ Արցախը շրջափակման մեջ է ու ողբալի վիճակում, Դավիթ Գալստյանն արձագանքեց. «Իհարկե, դրական կողմը միայն այն է, որ այսօր Արցախի հարցը դեռ փակված չէ, ամբողջ աշխարհը իմացավ այդ մասին, բայց, ցավոք, դա չի բխում Նիկոլ Փաշինյանի շահերից, որովհետեւ նա օր առաջ փորձում է այս խնդիրն իր վրայից գցել՝ ուղղորդելով Արայիկ Հարությունյանին՝ գնալ Բաքվի հետ երկխոսության: Եվ հենց առաջին երկխոսությունը լինի, Նիկոլ Փաշինյանը կսկսի իր ծրագրի շարունակությունը: Նիկոլ Փաշինյանին ինչ ծրագրի համար որ բերել են իշխանության՝ Արցախի հարցը վերջնական փակել եւ անցնել Հայաստանին, այն այսօր դոփում է իր տեղում: Քանի դեռ Արցախի հարցը լիարժեք փակ չի, Նիկոլ Փաշինյանը չի կարողանում Հայաստանի մասով այդ խաղաղության պայմանագիր կոչվածն իր ավարտին հասցնել, որը, իմ խորին համոզմամբ, հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթն է լինելու հայ ազգի համար»:

Մեր զրուցակիցը համամիտ է՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստից առաջ եւ հետո, հայկական պետությունները նույն իրավիճակում են եւ խնդիրներն ու լուծումները դարձյալ նույնն են. «Այդ լուծումները չեն հասնի իրենց հանգրվանին, քանի դեռ ՀՀ օրվա իշխանությունը Արցախի շահը լիարժեք եւ լիիրավ չի ներկայացնում, իսկ Արցախի շահը ինքնորոշման հարցն է, այլ փորձում են աղավաղել այն, մեր նահատակների հիշատակն էլ զրոյացնել. նման ելույթներ բազմիցս տեսել ենք իր ու իր ընտանիքի անդամների կողմից: Այս պարագայում որեւէ հայանպաստ լուծում չենք կարող ունենալ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031