Լրահոս
Օրվա լրահոսը

Համացանցից հեռացնել երեխայի նկատմամբ բռնության տեսանյութը, վարչական մարմիններից պահանջում ենք՝ գործել. Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

Օգոստոս 18,2023 16:49

Օգոստոսի 17-ին համացանցում է հայտնվել և լայնորեն տարածվել ծնողի կողմից դրդվող երեխաների մասնակցությամբ ու նրանց նկատմամբ բռնության ակնհայտ տարրեր պարունակող տեսանյութ։

Ընդդեմ կանանց բռնության կոալիցիան հորդորում է չտարածել ու համացանցից հեռացնել երեխայի նկատմամբ ֆիզիկական ու սեռական բռնություն պարունակող տեսանյութը։

Տեսանյութի հեռացումը համացանցից, ինչպես նաև դրա չտարածումը բխում է երեխայի լավագույն շահից, ինչից ելնելով պետք է զերծ մնալ երեխա/ներին նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։

Հիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրության հոդված 37-ի երկրորդ կետի համաձայն երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը /կամ երեխայի լավագույն շահը/ պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան: Հետևաբար, մյուս օրենքներում ամրագրված իրավունքների տեսանկյունից հրավիրում ենք բոլոր պատկան մարմինների և շահակիցների ուշադրությունը այն փաստին, որ երեխայի լավագույն շահը գործադրող մեխանիզմներում առկա են խորքային խնդիրներ, որոնք պետք է անհապաղ ուսումնասիրվեն և բացահայտեն վարչական մարմիններում անգործության հնարավորության վրա ազդող բոլոր գործոններն ու անմիջապես քայլեր ձեռնարկվեն դրանք վերացնելու համար: Համակարգային այս լրջագույն բացերը հանգեցնում են նման աղետալի հետևանքների և սպառնում երեխաների ներդաշնակ զարգացմանն ու երաշխավորված խնամքի ապահովման խաթարմանը:

Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը որպես Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան վավերացրած երկիր, այդ փաստաթղթի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե գործադրողները պետական կամ մասնավոր հիմնարկների ներկայացուցիչներ են կամ անհատներ, պարտավոր են առաջնահերթ ուշադրություն դարձնել երեխայի լավագույն շահերին:

Հետևաբար, կարևորում ենք, որ հետաքննվի այն շղթան, որտեղ որոշումների կայացման գործում ներգրավված բոլոր դերակատարները անկախ իրենց իրավակազմակերպական ձևից ներկայացնեն փաստական տվյալներ առ այն, որ այս երեխաների խնամքի հարցերը քննելիս ծնողի շահը արդարացի հավասարակշռվել է երեխաների շահերի հետ՝ տեսանյութում առկա մոր խնամքին հանձնելիս: Եթե պատկան մարմինները տեղեկացված չեն եղել այս երեխաների արժանապատվությունը ոտնահարող, առողջ ու անվտանգ զարգացումը երաշխավորող խնամքի պատասխանատվություն ունեցող ծնողի վարքի և սոցիալական ու այլ հանգամանքների վերաբերյալ, ապա հարկ է հետաքննել նաև այդ անտեղյակության խորքային՝ համակարգային բնույթը: Վերոգրյալից ելնելով, պահանջում ենք՝

  • ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Ոստիկանությունից, որպեսզի այս երեխաների դեպքը քննվի ողջ խորությամբ և պարզվեն ՀՀ քրեական օրենսգրքով տեսանյութից բխող առկա հանցակազմի մանրամասները, մասնավորապես՝
  • ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն;
  • սեքսուալ բնույթի բռնի գործողությունները՝ 198-րդ հոդված 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 5–րդ կետի, 3-րդ մասի 1-ին, միգուցե նաև 2-րդ կետի կամ 4-րդ մասի համաձայն;
  • անչափահասին հանցանքի կատարմանը հակելը կամ դրան մասնակից դարձնելը 238-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն;
  • պոռնոգրաֆիական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը՝ 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն:
  • ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Ոստիկանությունից, որպեսզի այս երեխաների դեպքի առնչությամբ քննվեն բոլոր այն վարչական մարմինները՝ մասնավորապես տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք ՙՙՎարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին՚՚ ՀՀ օրենքի համաձայն պարտավորված են գործել առաջնորդվելով երեխայի լավագույն շահով և պարզել արդյոք իրենց գործողություններում առկա են եղել անգործության հատկանիշներ, որի արդյունքում այս երեխաները մնալով մոր խնամքի տակ կրում են նման դաժան և իրավունքները ոտնահարող փաստական հետևանքներ: Մասնավորապես, պահանջում ենք պարզել՝
  • Գեղարքունիքի մարզպետարանում առկա փաստաթղթերն ու կայացրած որոշումները իրենց լիազորությունների շրջանակներում, ինչը պարզ դարձավ մարզպետի տված պարզաբանումներից;
  • Երեխաների բնակավայրի տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան վարչության փաստաթղթերի առկայությունը այս երեխաների առնչությամբ և խնամակալության և հոգաբարձության խորհրդի որոշման առկայությունը;
  • Երեխաների տեղափոխումից հետո իրենց փաստացի բնակության մարզի և բնակավայրի վարչական մարմինների գործողությունները ապացուցող փաստաթղթերի առկայությունը կամ անգործության պատճառները;
  • Բոլոր այլ կառույցներում, որտեղ երեխաները խնամքի ծառայություններ են ստացել կամ հայտնվել են իրենց ուշադրության կենտրոնում, այդ կառույցների՝ երեխաների վերաբերյալ վարվող փաստաթղթերի առկայությունը ու սույն օրենքով վարչական՝ ՏԻՄ մարմնի անգործությունը բողոքարկելու կամ գործողությունները բեկանելու փորձերի առկայությունը:
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից այս դեպքի քննության հիման վրա պարզել համակարգի բացերը, մասնավորապես կարգավորող օրենքների ներքո գործող մեխանիզմների նկատմամբ նախարարության վերահսկողության գործառույթի անխափան աշխատանքը երաշխավորելու տեսանկյունից և հանրությանը իրազեկել այդ բացերի և ծրագրավորված, ինչպես նաև կատարվող աշխատանքների մասին:
  • ՀՀ վարչապետից մարզպետներին հատուկ հանձնարարական տալ զեկուցելու ընտանիքում բռնության դեպքերի կանխարգելմանը ուղղված՝ իրենց իրավասության շրջանակներում կատարված և ծրագրավորված աշխատանքների մասին:

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031