Այսօր եզրափակվեց օգոստոսի 13-ից 18-ը Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում անցկացվող շախմատի մինչև 16 տարեկանների օլիմպիադան (FIDE World Youth U16 Chess Olympiad 2023): Վերջին` 9-րդ տուրում, մեր մասնակիցներ` Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը, Բենիկ Ագասարովը և Նվարդ Հայրապետյանը ուժերը չափեցին Ղազախստանի առաջին թիմի իրենց հասակակիցների հետ: Մինչ վերջին այս տուրը մեր հավաքականը հավակնում էր արծաթե պարգևների և միայն հաղթանակը հնարավորություն էր ընձեռնում գոնե նվազագույնը բրոնզե մեդալներ նվաճել:
Ցավոք մեր թիմը` Չինաստանի ու Ադրբեջանի հետ ունեցած վերջին երկու ծանր հանդիպումներից հետո, որոնք ավարտվել էին ոչ ոքի , այդպես էլ չկարողացավ ուժերը կենտրոնացնել կարևոր ու վճռական այս խաղում: Մեր թիմը պարտվեց 3,5-0,5 և զրկվեց անգամ բրոնզե մեդալներից:
Մրցաշարում ոսկե մեդալներ նվաճեց Չինաստանի հավաքականը: Երկրորդ տեղում է Թուրքիայի հավաքականը, իսկ երրորդում մեր այսօրվա մրցակիցներ Ղազախստանի առաջին և Հունաստանի թիմերն են, վերջինս պարտության մատնեց Ադրբեջանի հավաքականին և ունեցավ 13 միավոր: Հայաստանի հավաքականը վաստակեց 12 միավոր և շարք մասնակիցների հետ կիսեց հաջորդ տեղերը:
Հաշվի առնելով թիմերի վարկանիշային գործակիցները մեր թիմի ցուցաբերած արդյունքը պետք է հաջող համարել:
Նիդերլանդներում խաղերին զուգընթաց թիմերի անդամներն հնարավորություն ունեցան հաղորդակցվելու, նրանց համար կազմակերպվեցին բազմապիսի մշակութային ծրագրեր:
Կարդացեք նաև
Օլիմպիադայում մեր թիմի արդյունքներն այսպիսին են.
Հայաստան-Ճապոնիա 4-0,
Հայաստան-Անգլիա 3,5-0,5,
Հայաստան-Սլովակիա 3-1
Հայաստան-Նիդերլանդների առաջին թիմ 3-1
Հայաստան- Հունգարիա 2,5-0,5
Հայաստան-Թուրքիա 1-3
Հայաստան-Չինաստան 2-2
Հայաստան-Ադրբեջան 2-2
Հայաստան-Ղազախստանի առաջին թիմ 0,5-3,5
ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ