Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ զուտ իրավական տեսակետից խախտում չկա, այլ հարց է, որ խնդիրը ես այլ տեղ եմ տեսնում՝ ֆինանսական հնարավորությունների անհավասարությունը»․ Վարուժան Հոկտանյանը՝ ՔՊ-ի դրամահավաքի մասին

Օգոստոս 18,2023 16:32

«Եթե այդ ամենն ուժի մեջ է, ապա պարոն Փամբուխչյանն այստեղ որևէ խախտում թույլ չի տվել՝ որքան տեղյակ եմ նաև ներկա ԸՕ-ից, որովհետև մուծումները կատարվել են կուսակցության հաշվեհամարին, իսկ նախընտրական հիմնադրամներ, որքան գիտեմ՝ դեռևս չեն բացվել։ Եթե չեմ սխալվում, այսօր պետք է բացվեն»,- Aravot.am-ի հարցին՝ ՔՊ-ի նախընտրական դրամաշնորհ-երեկոյի ժամանակ, երբ ԱԻ նախկին նախարար, ՔՊ նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը հորդորեց ներկաներին, ինչպես նաև պետական ապարատի ներկայացուցիչների նվիրատվություն կատարել ՔՊ-ին, սա իրավակա՞ն գործողություն է, այսպես պատասխանեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն»-ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

Լուսանկարն արված է 2019 թվականին

Նա նաև նախապես նշեց, որ հիմա այդ հարցերով այդքան չի զբաղվում․ «Մեր կազմակերպությունում մեկ այլ անձ է զբաղվում, և այն, ինչ ես կասեմ՝ հիմնված է նախ նրա վրա, ինչ ես լսեմ եմ և կարդացել եմ, նաև նրա վրա, երբ ես զբաղվում էի այդ մոնիտորինգով և այն ժամանակ գործող օրենսդրությամբ»։

Նշենք, որ հուլիսի 31-ին տեղի է ունեցել Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ, ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը երեկոյի ընթացքում հայտարարել է․ «Ինչպես նշեցին պարոն վարչապետն ու պարոն Ավինյանը, մենք այսօր կազմակերպել ենք նվիրատվություն, դրամահավաք` նախընտրական փուլին ընդառաջ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, ովքեր իրենց նվիրատվությունն ու ավանդն են ունենում ընտրությունները կազմակերպելու համար նախատեսված ֆինանսական բաղադրիչի մասով: Հիշեցնեմ, որ սրահի ետնամասում բանկի աշխատակիցները ներկա են, ինչպես նաեւ երեք տերմինալ է ներկա, եւ ով ցանկություն ունի իրականացնել նվիրատվություն, կարող է իրականացնել այնտեղ: Ինչպես նաեւ ուզում եմ նշել, որ այսօր ողջ օրվա ընթացքում շատ նվիրատուներ արդեն իսկ կատարել են իրենց նվիրատվությունը` բանկերի միջոցով: Իհարկե, ֆինանսական բաղադրիչը շատ կարեւոր է ընտրություններ կազմակերպելու համար, սակայն էլ ավելի կարեւոր է կամ էլ ոչ պակաս կարեւոր է, կամ գուցե ամենակարեւորն է, որպեսզի մեր թիմը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կուսակցության ակտիվն իր բոլոր ջանքերը եւ կարողությունները, ներուժն օգտագործի այս մեկուկես ամսվա ընթացքում` շտաբին սատար լինելու համար, որպեսզի մենք՝ բոլորս միասին թիմային կարողանանք անցկացնել քարոզարշավ եւ մեզ ապահովել հաղթական արդյունքներ: Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով բոլորիդ, մեզ՝ բոլորիս, մաղթում եմ հաղթական ընտրարշավ եւ հաղթական արդյունքներ»։

Դրամահավաքից օրեր անց Արմեն Փամբուխչյանը տեղեկացրեց՝ նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է 506 532 950 ՀՀ դրամ:

Վարուժան Հոկտանյանն ասաց՝ բնական է, որ երբ նախընտրական հիմնադրամը բացվի, համենայն դեպս նախկինում այդպես էր՝ կուսակցությունը կարող է մուծումներ անել նախընտրական հիմնադրամ, և այդպես էլ կլինի․ «Այնպես որ այստեղ զուտ իրավական տեսակետից խախտում չկա, այլ հարց է, որ խնդիրը ես այլ տեղ եմ տեսնում՝ ֆինանսական հնարավորությունների անհավասարությունը։ Նախընտրական հիմնադրամները ստեղծվել են 1999-ից, երբ առաջին ընտրական օրենսգիրքն ուժի մեջ մտավ, այնպես որ, այդ երևույթն այն ժամանակվանից կա, և կուսակցություններն ու դաշինքները սովորել են այս դեպքում հետևել ԸՕ-ի պահանջներին, և ենթադրում եմ, համարյա համոզված եմ, որ մուծումներն արվել են կուսակցության հաշվեհամարին»։

Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ այստեղ խնդիրն այն է, թե որքան գումարներ են ծախսում, ինչպիսի չափեր ունի իշխող կուսակցության նախընտրական հիմնադրամը․ «Երբ ցուցակները հաստատվեն, դրանից հետո, երբ մինչև օգոստոսի 23-ը սկսվի քարոզարշավը, երբ այդ ընթացքում բացվեն հիմնադրամները, այն ժամանակ պետք է սկսել հետևել՝ ով, ինչքան գումար կունենա հիմնադրամում։ Երբ այդ մոնիտորինգով զբաղվում էի, բացառիկ պատկեր էր ստացվում․ օրինակ՝ 2007-2008-ին գումարների ահռելի տարբերություն կար․ ՀՀԿ-ի կամ Սերժ Սարգսյանի հիմնադրամի կողմից ինչ ծախսեր էր արվում, թե որքան էին այլ կուսակցությունների ծախսերը։ Դա ավելի հետաքրքիր նյութ է տալիս վերլուծությունների համար։ Այդ ժամանակներն արդեն անցել են, դժվար թե Ձեր նշած հարցում օրենքը խախտվեր»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031