Արցախում հումանիտար աղետի վերաբերյալ տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի կապակցությամբ
հայտարարություն
Ողջունում ենք 2023 թվականի օգոստոսի 16-ին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ծագած հումանիտար աղետի քննարկմանը։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում այն երկրներին, որոնք հավատարիմ մնացին միջազգային իրավունքի և հումանիզմի սկզբունքներին և իրենց ելույթներում ընդգծեցին Լաչինի միջանցքի հրատապ ապաշրջափակման և Արցախի կարիքավոր բնակչությանը կենսական նշանակության ապրանքների մատակարարման անհրաժեշտությունը։
Միևնույն ժամանակ, հիասթափություն է առաջացնում այն, որ առանձին պատվիրակություններ փորձել են երևակայական և չափազանց վտանգավոր հավասարակշռություն գտնել Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու ցանկության և նրան բռնի ուժով հպատակեցնելու և ոչնչացնելու Ադրբեջանի նկրտումների միջև: Չի կարող լինել փոխզիջում, մի կողմից՝ ազատության, մարդկային արժանապատվության, խաղաղության և արդարության համընդհանուր արժեքների և մյուս կողմից՝ մարդկանց ֆիզիկական ոչնչացման նպատակով իրականացվող մարդու իրավունքների համակարգված և լայնածավալ խախտումների ծայրահեղ դրսևորումների միջև:
Կարդացեք նաև
Ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները կցուցաբերեն հետևողականություն և սկզբունքային դիրքորոշում Արցախի ժողովրդի նկատմամբ հետագա հանցավոր գործողությունները կանխելու գործում և իրենց դիրքորոշումը կամրապնդեն բանաձևի ընդունմամբ, որը կպարտավորեցնի Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումն առանց որևէ նախապայմանի և այլընտրանքային երթուղիների հետ փոխկապակցության՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությանը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին խիստ համապատասխան։ Հաշվի առնելով Ադրբեջանի հստակ ցեղասպանական մտադրությունը, ցանկացած փորձ՝ խոչընդոտելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ջանքերը՝ վերջ դնելու Արցախի անմարդկային պաշարմանը և հումանիտար աղետին, հավասարազոր կլինի լռելյայն հավանության, եթե ոչ մեղսակցության Բաքվի կողմից կատարվող հանցագործություններին:
Արցախի ԱԳՆ