Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա հետեւանք է նրա, որ Հայաստանի իշխանությունը շտապեց ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»․ քարտեզագիրը՝ Բաքվի կեղծ քարտեզների մասին

Օգոստոս 18,2023 16:00

«Բաքվի այս քաղաքականությունը հետեւանք է նրա, որ Հայաստանի իշխանությունը շտապեց ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- «Առավոտի» հետ զրույցում նման դիտարկում արեց գեոդեզիստ-քարտեզագիր Շահեն Շահինյանը՝ անդրադառնալով Բաքվի ստեղծած կեղծ քարտեզներին, որոնցով Հայաստանի ամբողջ տարածքը որպես «Արեւմտյան Ադրբեջան» է ներկայացվում։

«Շատ կարեւոր է, որ նման երեւույթների դեմ պայքարը լինի անմիջապես, առանց հապաղելու եւ լինի պետական մակարդակով, քանի որ սա ուղիղ ոտնձգություն է ՀՀ տարածքի նկատմամբ։ Եվ սրանով Ադրբեջանի իշխանությունը ցույց է տալիս իր նկրտումները Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։ Այստեղ շատ կարեւոր է մասնագիտական կառույցների արձագանքը, եթե դրանք կան պետական համակարգում։ Եվ շատ մեծ անելիք ունի նաեւ մեր հասարակությունը, որն իր կապերով սոցցանցերում պետք է տարածի իրական քարտեզները, որոնք իրական Հայաստանի Հանրապետությունն են մատնանշում»,- ասաց մասնագետը։

Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունը ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նրանցից պահանջեց նվազագույնը։ «Իսկ նվազագույնը դա Հայաստանի Հանրապետության այն տարածքն է, որը համապատասխանում է Սովետական հայկական հանրապետության սահմաններին։ Այսինքն՝ մենք աշխարհից պահանջեցինք նվազագույնը եւ հիմա կանգնած ենք մի իրավիճակի առաջ, որ չենք ստանա ոչինչ։ Բավական հայտնի խոսք կա, որ նա, ով պահանջում է ամեն ինչ, ստանում է առավելագույնը, նա, ով պահանջում է նվազագույնը, ստանում է ոչինչ։ Մենք հայտնվել ենք երկրորդ տարբերակում, այսինքն՝ առանց նախապայմանների, առանց ծանր ու թեթեւ անելու հայտարարեցինք, որ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նշելով թիվ՝ 86 հազար քկմ եւ ասացինք, որ մենք էլ պահանջում ենք ճանաչել Հայաստանի 29,8 հազար քկմ-ն։ Դա կոպտագույն սխալ էր, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունն իր Անկախության հռչակագրով 29․8 հազար քկմ չէ, Արցախի տարածքն էլ է ներառված ՀՀ տարածքում։ Եթե մենք նման քայլի էինք գնում, առնվազն դա պետք է դիտարկվեր շատ մեծ զիջում Հայաստանի կողմից։ Բայց մենք դա արեցինք այնպես, որ ստացվեց՝ դա ընդամենը փաստերի արձանագրում է, որ մենք ի սկզբանե էլ այդպես ենք մտածել, ուղղակի հիմա արձանագրում ենք։ Եվ հիմա Ադրբեջանն անցել է ՀՀ տարածքին»,- ասաց Շահինյանը։

Նա հավելեց՝ գաղտնիք չէ, որ Ադրբեջանը վերջին 3-4 տարիներին Հայաստանին տարածքներին պահանջներ է ներկայացնում, այդ թվում՝ այսպես կոչված «անկլավները», դրան ավելացել են Սյունիքի, Վայոց Ձորի մարզերը, Գեղարքունիքի մարզի արեւելյան հատվածը, Տավուշի մարզի արեւելյան հատվածը։ «Զուգահեռ նրանք պահանջում են, որպեսզի Ադրբեջանի բնակչությունը վերադառնա Երեւան եւ Հայաստանի մյուս մարզեր։ Սա իրենց հաջորդ քայլն է, որով ամբողջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ է պահանջ ներկայացվում։ Եվ այստեղ ամենացավալին այն է, որ եթե մենք ճանաչում էինք այդ 86 հազար քկմ-ն, ապա պետք էր գոնե հասնել այնպիսի համաձայնության, որ իրենք էլ պետական մակարդակով ոտնձգություն չանեին Հայաստանի այդ 29 հազար քկմ նկատմամբ։ Այսինքն՝ ստացվել է մի իրավիճակ, որ մենք ընդհանրապես պահանջ չունենք, իսկ իրենք պետական հեռուստաընկերության եթերում նման նյութեր են հրապարակում։ Իսկ մենք լավ հասկանում ենք, որ պետական հեռուստաընկերությունը չի կարող ինքնագլուխ նման նյութեր պատրաստել։ Այսինքն՝ սա պետական մոտեցում է Ադրբեջանի կողմից։ Եվ Հայաստանը պետք է պետական մակարդակով սրան հակազդի։ Իհարկե, շատ ճիշտ կլինի, եթե միջազգային մակարդակով էլ լինի արձագանք, բայց մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը ոչինչ չի անում կամ չի ուզում անել ի օգուտ Հայաստանի կամ ի նպաստ տարածաշրջանի խաղաղության»,- նշեց Շահեն Շահինյանը։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվեց Արցախի ժողովրդի սովամահ լինելու հարցը, բայց էական քայլեր չարվեցին միջազգային հանրության կողմից։ Հայտարարությունները, ըստ մասնագետի, անհետեւանք են մնալու Ադրբեջանի համար, քանի դեռ չկան գործողություններ ու պատժամիջոցներ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Շահեն Շահինյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031