«Առավոտի» զրուցակիցն է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։
-Ադրբեջանը վերջին օրերին դարձյալ ապատեղեկատվություն է տարածում, թե իբր հայկական զինված ուժերը կրակ են բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Սովորաբար Բաքուն նախ քարոզչական հող է նախապատրաստում, այնուհետեւ ինքն է դիմում սադրանքների ու հարձակման, ի՞նչ են ցույց տալիս այս գործընթացները։
-Իրենք նման հայտարարություններ անելով՝ ոչինչ չեն կորցնում, բայց միաժամանակ մի շարք օգուտներ են ունենում, հետեւաբար, պարբերաբար նման հայտարարություններ են անում։ Դրա առաջին նպատակն այն է, որ ասում են՝ «Հայաստանը ագրեսոր է»։ Միջազգային հանրությանը, որը հիմա Արցախի հարցով լուրջ ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, իրենք ասում են՝ «տեսեք, հայերը ագրեսոր են»։
Երկրորդ նպատակն այն է, որ, այո, իրենք իրենց համար հնարավորությունների պատուհան են բացում։ Բազմիցս են եղել նման էսկալացիաներ, եւ ոչ բոլորն են ավարտվել ագրեսիայով, բայց իրենք իրենց դիվանագիտության համար հնարավորությունների պատուհան են ապահովում։ Կանեն ագրեսիա, կասեն՝ «մենք ի պատասխան երկաթյա բռունցք ցույց տվեցինք»։ Իրենք այս պահին ոչինչ չեն կորցնում, եթե ինչ-որ բան կորցնեին, սա անելուց առաջ կմտածեին։ Եթե Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն այնպիսի քաղաքականություն վարեր, որ նման սադրանքներին մեկին տաս պատասխաներ, այդ պարագայում իրենք կմտածեին՝ արժե սա անել, թե ոչ։ Բայց քանի որ Հայաստանի ղեկավարությունն ամենատարբեր պատճառներով այս կրավորական կեցվածքն է դրսեւորել, Ադրբեջանը ոչինչ չկորցնելով՝ անում է քայլ։ Հայերի վարկանիշը կփչացնեն, իրենց ագրեսիան կկոծկեն ու իրենց հետագա ագրեսիայի համար դուռ կբացեն։
Կարդացեք նաև
–ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ այսօր գիշեր Սյունիքի մարզի Կապանի օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի օդանավակայանի ուղղությամբ եւ հեռացել։ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել է, որ պատրաստ է համատեղ քննություն իրականացնել ադրբեջանական կողմի հետ, ինչպես նաեւ ադրբեջանական կողմին կոչ է արել պատշաճ քննություն իրականացնել՝ միջադեպի կրկնությունը բացառելու համար։ Այսինքն՝ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիներին ոչնչացնելու փոխարեն ԱԱԾ-ն համատեղ քննություն անցկացնելու մասին է խոսում, դա նորմա՞լ է։
-Ընդհանրապես ընդունված միջազգային պրակտիկա է, որ սահմանային միջադեպերի վերաբերյալ պետք է համատեղ հետաքննություն անեն։ Այս առումով, ես կարծում եմ, որ ՀՀ ղեկավարությունը ճիշտ է վարվել։ Այլ հարց է, որ չպիտի նման դեպք լիներ։ Արդեն մտել դուրս են եկել, ի՞նչ անել, քեզ այլ բան չի մնում, քան ասել՝ եկեք համատեղ հետաքննենք։ Եթե մերոնք այդ դիվերսանտին բռնեին, կասեինք՝ ապրեք, բայց չեն բռնել, մտել խուլիգանություն է արել ու գնացել է։
-Ի՞նչն է պատճառը, որ ադրբեջանցի դիվերսանտն անարգել կարող է մուտք գործել ՀՀ տարածք։
-Պատճառը մեր երկրի վատ կառավարումն ու մեր երկրի թույլ վիճակն է։ Դրանից հետո արդեն գալիս է պատճառների բուրգի հաջորդ աստիճանը՝ վատ կառավարում, որը բերում է թուլության, թուլությունը բերում է թշնամու լկտիության, հասարակության մեծ սխալ քարոզ, սխալ շեշտադրումներ։ Պետական միջոցները Սնուփ Դոգի նման թմրամոլի վրա ենք ծախսում, 6 մլն դոլար են հատկացնում նրա համերգի կազմակերպմանը, դրա փոխարեն թող մեր բանակը լավ հանդերձավորված լիներ։ Թող գոնե 10 հազար հոգանոց լավ հանդերձավորված խումբ ունենայինք, թող մեր «սպեցնազը» ունենար 3000-4000 հոգանոց անձնակազմ, թող ԱԹՍ-ներ, հետախուզության կապի միջոցներ ունենայինք, թշնամու ատամներին կխփեինք։ Բայց մեր իշխանություններն այս պահին զբաղված են ժողովրդի համար շոու ապահովելով, իրենց իշխանությունը երկարացնելու էգոիստական հոգսերով։ Մեր իշխանությունները չեն ուզում պայքարել, Արցախից ձեռք են քաշել, Արցախում 120 հազար հայեր սովի եզրին են, իրենք կառավարության նիստում ընդամենն արձանագրում են այդ փաստը, իսկ ենթատեքստում ասում, որ դա Արցախի խնդիրն է։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մհեր Հակոբյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից