ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որը մեր հասարակության մոտ լավատեսություն և հույսեր էր առաջացրել, ավարտվեց հուսախաբությամբ։ Չընդունվեց որևէ բանաձև կամ հայտարարություն, և հարցական է, արդյոք երբևէ միջազգային իրավունքի ուժով որևէ բանաձև կլինի, որը Ադրբեջանին կպարտադրի բացել Լաչինի միջանցքը։
Համենայն դեպս, այս ամենի միջից ես ուզում եմ լավատեսության մի հատիկ վերցնել, որի իրականություն դառնալու հնարավորությունը կախված է միայնումիայն Հայաստանի իշխանությունների դիրքից ու գործելակերպից կամ նրանց հրաժարականից։
Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից որևէ մեկն իր ելույթում հատուկ շեշտադրում չարեց այն փաստին, որ Հայաստանն Արցախը վաղաժամկետ ճանաչել է Ադրբեջանի մաս։ Ներկայի բանակցություններում հիմնական միջնորդներից Եվրամիության ներկայացուցիչը հղում արեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին, ինչը, կարծում եմ, պատահականություն չէ։ Միջազգային հանրությունը թերևս բաց է պահում այսօրվա բանակցային օրակարգը փոխելու հնարավորությունը։
Կարդացեք նաև
Օրինակ, ճիշտ կլիներ, որ Անվտանգության խորհրդի նիստում արտգործնախարարը հնչեցներ առնվազն հետևյալը․
«Ադրբեջանի վերջին գործողություններն ու հայտարարությունները մեզ ստիպում են եզրակացնել, որ նրանք ոչ միայն անպատժելիորեն խախտում են պայմանավորվածություներն ու ստորագրած փաստաթղթերը, այլև չարաշահում են հայկական կողմի բարի կամքի դրսևորումները։
Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունում ներառված արտահայտությունը ոչ այլ ինչ էր, քան Հայաստանի փորձը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելու Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում։
Սակայն, ինչպես հայտնի է, դիվանագիտության և բանակցությունների մեջ ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ։ Ինչպես գիտեք, մենք դեռ շատ բան ունենք համաձայնեցնելու։ Հայաստանը պարզապես պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե խաղաղ բանակցությունները հանգեցնելու են արդար և երկարատև խաղաղության մեր երկու ժողովուրդների միջև:
Ադրբեջանն այսօր չի կարող անտեսել և մոռացության տալ այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը, երբեք չլինելով անկախ Ադրբեջանի կազմում, խորհրդային տարիներին ունեցել է ինքնավար կարգավիճակ, ինչը և պետք է լինի նվազագույն այն հենքը, որի վրա կկառուցվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի և կարգավիճակի վերաբերյալ ցանկացած քննարկում»։
Իհարկե, մենք չենք կարող իրադարձությունները հետ պտտել։ Հայկական կողմն այդ հնարավորությունը կորցրել է, բայց ես մնում եմ համոզված, որ վերոնշյալ մոտեցումները, դիրքորոշումները, քաղաքականությունը՝ թեկուզև էությամբ մինիմալիստական, բայց մնում են հնարավոր ճանապարհներից մեկը՝ փոխելու այսօրվա շատ վտանգավոր և փակուղու ու պատերազմի տանող բանակցային նարատիվը։ Այս մոտեցումներով միայն հնարավոր կլինի բանակցային ճանապարհով հասնելու արդար և երկարատև խաղաղության երկու ժողովուրդների միջև։