Մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ՀՀ կառավարության ծրագիրն ընթացքի մեջ է։
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, ներկայացնելով ծրագրի ընթացքը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշում է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտին հասցնել 18 դպրոցի կառուցման և վերակառուցման, 26 դպրոցի մարզադահլիճների կառուցման, վերանորոգման և մարզագույքով ապահովման, 60-ից ավելի նախադպրոցական ուսումնական հաստատությունների շահագործման աշխատանքները։
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ կրթության ոլորտում չափազանց կարևոր է բովանդակային փոփոխությանը զուգահեռ նաև ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելը՝ հասնելու Կառավարության սահմանած նպատակին՝ մինչև 2026 թվականն ունենալ կառուցված, հիմնանորոգված, վերանորոգված առնվազն 300 դպրոց և 500 մանկապարտեզ։
Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ մարզերում կրթահամալիրների քարտեզագրման և նախագծման աշխատանքներն ավարտվել են, այժմ ընթանում են աշխատանքային, միջգերատեսչական քննարկումներ հետագա քայլերի շուրջ. «Այս պահին հաստատվել են Սյունիքի մարզի կրթահամալիրները, ընթացքի մեջ են Արարատի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում համապատասխան աշխատանքները: Ծրագրի շառավիղը լայն է և ռազմավարական կարևոր նշանակություն ունի, քանի որ աշխատանքները կատարվում են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերի տասնյակ համայնքներում, իսկ ֆինանսավորումն իրականացվում է տարբեր աղբյուրներից՝ պետական բյուջե, սուբվենցիոն և դրամաշնորհային ծրագրեր, վարկային միջոցներ»:
Կարդացեք նաև
Արաքսիա Սվաջյանը շեշտել է, որ ԿԳՄՍ նախարարության կարևորագույն նպատակն է ուսումնական հաստատություններում ապահովել անվտանգ, հագեցած և արդիական միջավայր և ռեսուրսներ։ Ծրագրի բաղադրիչներից մեկը՝ գույքային հագեցվածության ապահովումը, առաջնայինն ուշադրության ներքո է։
Կրթության որակի բարելավման առումով հատկապես կարևոր է համարվում հանրապետության բոլոր դպրոցներում ԲՏՃՄ առարկաների լաբորատորիաների ստեղծումը, որի ուղղությամբ այժմ աշխատանքներ են տարվում:
«ՀՀ բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում իրականացվել է նախադպրոցական, դպրոցական կրթական ծառայության կարիքի որոշում, կատարվել են շենքերի տեղազննում, անհրաժեշտ գույքի ցանկի ճշգրտում, տրանսպորտային երթուղիների քարտեզագրում, նախագծային փաստաթղթերի մշակման մրցույթներ, քննարկվել է նաև ծրագրի ֆինանսական բաղադրիչը»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ դպրոցաշինական լայն ծրագրերում պատասխանատվության և պարտավորության բաժիններ ունեն պետական մի շարք գերատեսչություններ՝ տարածքային մարմիններ, Քաղաքաշինության կոմիտե։
ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից մշակվել է նաև դպրոցական գույքի օրինակելի ցանկ՝ տեխնիկական բնութագրերով, որն առավել չափելի կդարձնի նոր դպրոցների համար գույքի ձեռքբերման գործընթացը։
ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ