Նախօրեի ուշ երեկոյան տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որի վերաբերյալ Հայաստանում, ավանդույթի համաձայն, երկու իրականություն ձեւավորվեց։
Իշխանությունը փորձեց ներկայացնել, թե իբր հերթական դիվանագիտական հաղթանակն է գրանցել, Փաշինյանը կառավարության նիստում հերոսաբար հայտարարեց, թե աշխարհն արձանագրեց, որ Լաչինի միջանցքը փակ է, իսկ ընդդիմադիրները դա ներկայացրին որպես այս ապիկար իշխանությունների հերթական ձախողում:
Արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն առավել քան համոզված է՝ ո՛չ բանաձեւ, ո՛չ էլ հայտարարություն կընդունվի։ Եթե դա լիներ, ապա, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, դրանց մասին կհայտարարվեր նիստից անմիջապես հետո. «Այսինքն, եղան զուտ ելույթներ՝ առանց որեւէ կոնկրետ դիրքորոշման»։ Նկատի ունենալով, թե ՄԱԿ-ի ԱԽ-ն ինչ օրակարգով էր նիստը հրավիրել, ի սկզբանե պարզ էր, որ չի լինելու շոշափելի արդյունք։ «Նիստը հրավիրվել էր ոչ թե Արցախում ստեղծված իրավիճակի խնդրի վերաբերյալ դիմումի հիման վրա, այլ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի վերաբերյալ ՀՀ նամակի։ Այս փաստն ինքնին ցույց էր տալիս, որ առանձնապես անդամ պետությունների մոտ չկա համաձայնություն Լեռնային Ղարաբաղի խնդրի, անգամ այնտեղ առկա հումանիտար ճգնաժամի վերաբերյալ օրակարգ ունենալու հարցում։ Սա շատ բնական է, քանի որ Ադրբեջանն արդեն երկար ժամանակ հետեւողականորեն իրականացնում է այն գաղափարը, որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն գոյություն չունի, իսկ Արեւմտյան հարթակներում տեղի ունեցող բանակցությունների ընթացքում նրանց հաջողվել է (այդ թվում` մեր իշխանությունների գործուն մասնակցությամբ) արձանագրել Արցախի ժողովրդին որպես անհատներ, բնակչություն, որի իրավունքների մասին իրենք պիտի մտահոգվեն։ Սա էր հիմնական գիծը, որը ձգվում էր այդ նիստի ընթացքում արեւմտյան պետությունների ներկայացուցիչների ելույթներում։ Նրանք խուսափում էին օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը, Լաչինի միջանցքի մասին խոսելիս իրենք պարզապես մեջբերում էին Արդարադատության միջազգային դատարանի ձեւակերպումը, որի դեմ Ադրբեջանը խոսել չի կարող»,- ասաց Աղաջանյանը՝ ցավով արձանագրելով, որ ԼՂ կարգավիճակի մասին քննարկումներն այլեւս տեղի են տվել մարդկանց իրավունքների մասին խոսակցություններին, որն օրակարգ է բերվել ՀՀ գործող իշխանությունների կողմից։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: