Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն ձգձգում է Ադրբեջանին օգնություն տրամադրելու հարցի քննարկումը. Politico

Օգոստոս 18,2023 12:17

Բայդենի վարչակազմը կարծես թե դանդաղում է Ադրբեջանին երկարաժամկետ ռազմական օգնության ծրագրի վերսկսման ուղղությամբ՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների մասին աճող նախազգուշացումների ֆոնին, գրում է ամերիկյան հեղինակավոր Politico-ն:

Թերթը հիշեցնում է, որ 2002 թ․-ից ի վեր ամեն տարի Սպիտակ տունը մեկ տարի ժամկետով չեղարկում էր 907 բանաձևը՝ Ադրբեջանին օգնություն տրամադրելու նպատակով՝ չնայած Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի արշավին: Չեղարկման հերթական՝ տարեկան ժամկետն ավարտվել էր ամառնամուտին, այս տարվա չեղարկումը դեռ քննարկման փուլում է:

Պաշտոնյաները որևէ բացատրություն չեն տալիս ձգձգման համար: Այնուամենայնիվ, դա համընկնում է միջազգային հանրության աճող մտահոգության հետ, որ Ադրբեջանն է պատասխանատու Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վատթարացման համար: Ադրբեջանը վերջին ամիսներին խստացրել է իր դիրքորոշումը տեղի էթնիկ հայ բնակչության նկատմամբ՝ արգելափակելով առևտրային և հումանիտար մեքենաների մուտքը և փակելով տարածաշրջանի հասանելիությունը գազի և էլեկտրաէներգիայի համար։

Զենքի և օգնության թույլտվության տրամադրման (որը նաև կոչվում է Բանաձև 907-ի չեղարկում) հետաձգումը տեղի է ունենում նաև պահին, երբ Բայդենի վարչակազմը փորձում է հասնել երկու երկրների միջև երկար ժամանակ անհասանելի խաղաղության համաձայնագրին, որը, փորձագետների կարծիքով, թվում է, թե մոտ է: Ադրբեջանին օգնության դադարեցումը կարող է բացառել Բաքվի մասնակցությունը ապագա բանակցություններին։

Այս մրցակցող քաղաքական ճնշումները նուրբ լանդշաֆտ են ստեղծում Հարավային Կովկասում Բայդենի վարչակազմի համար, որը հայտնվել է իր արժեքների և աշխարհաքաղաքական պրագմատիկ իրողությունների միջև պայքարի մեջ:

«Հենց այս պահին 907-ի չեղարկում շարունակելը քաղաքական փոթորիկ կստեղծի Բայդենի համար, – թերթի հետ զրույցում ասել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան և Բուշի վարչակազմի պաշտոնյա Մեթյու Բրայզան:- Բայց 907-ի չեղարկումը սպանելը այս նուրբ դիվանագիտական պահին կարող է լրջորեն վտանգի ենթարկել խաղաղության պայմանագիրը, որն ավելի մոտ է, քան երբևէ»:

Պետքարտուղարության և Ազգային անվտանգության խորհրդի խոսնակները հաստատել են, որ 907 բանաձևի չեղարկման հարցը դեռ քննարկման փուլում է, սակայն հերքել են, որ խաղաղ բանակցությունների ներկա վիճակը կամ Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունները ազդում են դրա երկարաձգման ժամանակացույցի վրա:

«Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվել»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ հավելելով, որ «Միացյալ Նահանգները գնահատում է Ադրբեջանի հետ իր ռազմավարական գործընկերությունը»։

Թերթը հիշեցնում է, որ նավթով հարուստ Ադրբեջանը զգալի ռազմական և ֆինանսական աջակցություն է ստանում Վաշինգտոնից։ Մասնավորապես, 2018թ. հարևան Իրանի հետ աճող լարվածության պայմաններում Թրամփի վարչակազմը մեծացրել է Ադրբեջանի սահմանապահների ֆինանսավորումը՝ տրամադրելով 100 միլիոն դոլարի սարքավորումներ և այլ օգնություն՝ Հարավային Կովկասի այդ երկիրը դարձնելով տարածաշրջանում ամերիկյան հարկային դոլարների հիմնական շահառուներից մեկը: 2020թ. պատերազմի ժամանակ ավելի քան մեկ տասնյակ դեմոկրատներ, այդ թվում՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այն ժամանակվա անդամ Բոբ Մենենդեսը, նամակով դիմել են Պետքարտուղարությանը` կոչ անելով դադարեցնել աջակցությունը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031