Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բյուրականի աստղադիտարանում առաջին անգամ ստացել են ապացույց ակտիվ աստղերի ժայթքումների և արտահոսքերում խտացումների առաջացման կապի մասին

Օգոստոս 18,2023 12:06

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները միջազգային պրակտիկայում առաջին անգամ ստացել են դիտողական ապացույց ակտիվ աստղերի ժայթքումների և արտահոսքերում խտացումների առաջացման միջև կապի առկայության մասին։

Ակտիվ աստղերի ժայթքումների և արտահոսքերում խտացումների առաջացման միջև առկա կապը վաղուց էր ենթադրվում, սակայն առաջին անգամ միջազգային պրակտիկայում այն ստացավ դիտողական ապացույց: Այդպիսի ապացույց է հանդիսացել PV Cep էռուպտիվ աստղի արտահոսքում հայտնաբերված նոր խտացումը, որի կինեմատիկ տարիքը համընկնում է այդ աստղի մոտ դիտված պայծառության շեշտակի աճի ժամանակահատվածի հետ:

Ինչպես նշեց Բյուրականի աստղադիտարանի Երիտասարդ աստղային օբյեկտներ բաժնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Տիգրան Մաղաքյանը, աստղերի զարգացման վաղ փուլերում դիտվող անկայուն երևույթների հետազոտությունները մեծ հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն պայծառության ժայթքումային փոփոխություններով, այլև այնպիսի զարմանահրաշ արտահայտություններով, ինչպիսիք են աստղային շիթերը։

«Մեր աշխատանքներն ընդգրկում են հետազոտություններ էլեկտրամագնիսական  ալիքների լայն սանդղակում և իրականացվել են աշխարհի խոշորագույն դիտակներով, օգտագործվել են առկա բոլոր աստղագիտական շտեմարանները։ Ամենաարժեքավորն այն է, որ խոշորագույն դիտակներով ուսումնասիրվել են օբյեկտներ, որոնք հայտնաբերվել են Բյուրականի աստղադիտարանի 1մ Շմիդտի դասի դիտակով։ Այդ դիտակով հայտնաբերվել են ոչ միայն գերձայնային արտահոսքեր երիտասարդ աստղերից, այլ նաև աստղառաջացման նոր տիրույթներ, ինչպիսին են Mon R1 և Mon R2 աստղասփյուռները, որտեղ աստղառաջացումը շարունակվում է մինչ այժմ։ Հայտնաբերված աստղային շիթերի մանրակրկիտ հետազոտությունները ցույց տվեցին, որ նրանցում դիտվող խտացումներն առաջանում են էպիզոդիկ արտանետումների հետևանքով, ոչ թե հետևանք են նրանցում ընթացող անկյունությունների»,- ասաց Տիգրան Մաղաքյանը։ Ըստ նրա՝ աստղերի զարգացման վաղ փուլերում ընթացող անկայուն երևույթները բնական լաբորատորիաներ են էլեկտրամագնիսական, հիդրոդինամիկական ուսումնասիրությունների համար։

Հետազոտություններն իրականացվել են «Էքստրեմալ բռնկումային ակտիվությամբ երիտասարդ օբյեկտներ» 21T-1C031 թեմատիկ ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է աստղերի զարգացման վաղ փուլերում ընթացող անկայուն երևույթների ֆիզիկական բնույթի բացահայտումը։ Ծրագրի ընթացքում Բյուրականի աստղադիտարանի գիտական խումբը համագործակցել է Ռուսաստանի Հատուկ աստղաֆիզիկական աստղադիտարանի, ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի և Հավայան կղզիների համալսարանների և այլ գիտական հաստատությունների հետ։

Հետազոտությունների արդյունքները տպագրվել են «Astronomy & Astrophysics» և «Monthly Notices of the Royal Astronomical Society (MNRAS)» ամսագրերում, պարբերաբար ներկայացվել են միջազգային գիտաժողովներում և արժանացել բարձր գնահատականների։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031