Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) հրավիրած հանրահավաքի մասնակիցները դեպի կառավարության շենք քայլերթից հետո երեկ վերադարձան Ազատության հրապարակ, որտեղ ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը նրանց ներկայացրեց առաջիկա անելիքների իրենց ծրագիրը։
«Հասկանալի է, որ մտել ենք վճռական փուլ, որի առաջին հանգրվանում պիտի հետեւողական չարչարվենք ժողովրդային եւ քաղաքական համախմբման համար։ Շատ բան կախված է մեր քանակից։ Այս քանակը, որ կա այսօր այս հրապարակում, բոլորիս հուշեց, որ արդեն հասել ենք մի եզրագծի, որից հետո կրկնապատկվելու, եռապատկվելու, քառապատկվելու ենք։ Կարծում եմ, հեռու չէ այն քանակը, երբ մենք որպես առաջին քայլ Ազատության հրապարակից կտեղափոխվենք Ֆրանսիայի հրապարակ եւ այնտեղ կշարունակենք մեր ամենօրյա ընթացքը հայտնի մեթոդներով՝ ընդգծված խաղաղ մեթոդներով։ Եվ երբ կարողանանք այնտեղ էլ քանակը հասցնել հասկանալի որոշակի չափի, Ֆրանսիայի հրապարակից տեղափոխվելու ենք Հանրապետության հրապարակ։ Եվ այնտեղ հավաքվելուց հետո սկսվելու է վերջին փուլը, եթե մինչ այդ հայտնի պատուհասը հանձնված չլինի։ Փաշինյանը որտեղ էլ որ այդ օրերին ֆիզիկապես գտնվելիս լինի՝ կառավարության շենք, ամառանոց, թե Բաղրամյան 26, գնալու ենք, շրջափակենք այնքան ժամանակ, մինչեւ հրաժարական ներկայացնի։ Մենք դա ստիպելու ենք, ժողովրդի կամքով իրեն պարտադրելու ենք։ Վերջնագրի օրը հեռու չէ եւ որքան կլինի մոտիկ, դա մեր գործունեությունից է կախված։
Դրա համար ուզում եմ, որ բոլորս մեզ ու բոլորի համար այստեղ հանձնարարություն ձեւակերպենք։ Հաջորդ գլխավոր հավաքը պետք է լինի մեկ շաբաթից։ Սակայն մինչ այդ պետք է անձնապես յուրաքանչյուրս մեր շրջապատում աշխատենք, մարդկանց իրազեկենք, բացատրենք օրհասական վիճակը։ Մարզերում պետք է իրազեկում իրականացնել, որ օգոստոսի 24-ին Ազատության հրապարակում նորից հավաքվում ենք։ Սակայն մարզերից ովքեր գալու են, պիտի պատրաստված գան չվերադառնալու տրամադրվածությամբ»։
Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ երկուշաբթի օրվանից ինքը մինչեւ հանրահավաքի օրը շուրջօրյա լինելու է Ազատության հրապարակում։ Նա նաեւ ներկայացրեց անելիքների այլ մանրամասներ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ