ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում նշեց․ «44-օրյա պայմանավորված պատերազմից հետո թշնամիների կողմից մեր ժողովրդին կոտրելու հատուկ աշխատանք է տարվել, բայց ահավասիկ մենք ապացուցում ենք, որ մենք կոտրվողը չենք։ Եկել է գործելու պահը։ Այս փուլի ավարտին, որ հիմա ցուցական դուրս ենք եկել քաղաքական գործողություններով, պետք է բոլորս հիմնավոր կերպով հասնենք մեր նպատակին։ Եվ դա ավելի շուտ է լինելու, քան ակնկալվում է։ Տարածաշրջանում աշխարհաքաղաքական վիճակը մեծ ազդեցություն ունի մեր երկրեն ներս փոփոխություններին։ Առավել եւս, եթե հայ ժողովրդի նվիրյալ շերտը խնդիր է դրել արմատական փոփոխությունների միջոցով հասնել իր երազած ազգային ինքնիշխան պետության ստեղծմանը»։
Ժիրայր Սեֆիլյանի խոսքով գերտերությունների մեծ մասի մոտ այսօր կա որոշում, որ Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը ոչ ադեկվատ անձնավորություն է եւ նրանից պետք է ձերբազատվել։ Եվ նրանք ինչ-որ չափով տարակուսում են, թե հայ ժողովրդի համբերությունն այս ինչքա՜ն մեծ է։ Ուստի ԱԺԲ-ն այս առիթը բաց չի թողնելու եւ գնալու է ամեն ինչի։
«Բայց հաջողության համար կարեւորագույն հանգամանքներ կան, որոնց ուղղությամբ պետք է աշխատենք այսօրվանից սկսյալ։ Դա առաջնահերթորեն ներազգային համերաշխ մթնոլորտ ստեղծելն է, որի խնդիրը ունենք»,-ասաց ժիրայր Սեֆիլյանը՝ նշելով, որ այս միտքը օր-օրի միս ու արյուն է ստանում։ Օգտվելով առիթից՝ նա դիմեց իրենց աջակիցներին, մյուս քաղաքական ուժերին ու գործիչներին, որ իմաստ չունի իրար փնովելը, իրար սեւացնելը, առավել եւս՝ հայհոյելը։
«Այս խորը ճգնաժամին պետք է վեր կանգնենք ամեն ինչից։ Եվ ես վստահ եմ, որ այս հորդորը տեղ հասնելու է եւ այս գիծը առաջիկա օրերին մենք համառորեն տանելու ենք առաջ»,-ասաց Սեֆիլյանը, որից հետո հավաքի մասնակիցները կարճ քայլերթ իրականացրին դեպի Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենք։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Այո, ներազգային համերաշխության մթնոլորտն օդի ու ջրի պես անհրաժեշտ է բոլորիս, իսկ գործող քաղաքական ուժերը նիկոլին հեռացնելու հարցում կամ պետք է միավորվեն կամ էլ դուրս մղվեն քաղաքական դաշտից։