Օգոստոսի 16-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում ՀՀ դիմումի հիման վրա քննարկվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար իրավիճակը։
Նիստի ընթացքում ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը հերքել է ԼՂ-ում հումանիտար աղետի մասին հայկական կողմի և ԱԽ անդամ մյուս երկրների ներկայացուցիչների արձանագրումները և, որպես ապացույց, իր ելույթի վերջում ԼՂ-ում ծննդյան առիթների, հարսանյաց հանդիսությունների լուսանկարներ է ներկայացրել։
«Սոցիալական ցանցերը լի են բազմաթիվ տեսահոլովակներով և լուսանկարներով, թե ինչպես են Խանքենդիի (Ստեփանակերտ) հայերը ծննդյան առիթներ, հարսանիքներ ու այլ տոներ նշում․․․։ Այս լուսանկարները հերքում են պնդումները սովի, տառապանքի ու մարդասիրական ճգնաժամի մասին»,— ասել է նա։
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի ցույց տված լուսանկարները չեն կարող հումանիտար աղետի բացակայության մասին Բաքվի քարոզչամեքենայի պնդումների ապացույց լինել։
Կարդացեք նաև
«Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով համացանցը, բազմաթիվ լուսանկարներ ու վկայություններ գտավ Նացիստական Գերմանիայի կողմից հրեաների ցեղասպանության՝ Հոլոքոստի տարիներին գետոներում կամ համակենտրոնացման ճամբարներում ամուսնությունների վերաբերյալ։
Այսպես, Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակի թանգարանի պաշտոնական կայքում հրապարակված են Լեհաստանի Լոձ քաղաքի գետոյում 1942 թվականի մայիսին ավելի քան 40 հրեա զույգերի ամուսնության մասին փաստաթղթեր։
Not Even Past կրթական առցանց ռեսուրսում հրապարակված են թանգարանի ցուցադրությունից մի շարք լուսանկարներ, որոնք պատկերում են Հոլոքոստի տարիներին գետոյում կամ համակենտրոնացման ճամբարներում հրեա զույգերի ամուսնություններ կամ արարողություններ, որոնց մասնակցել են նաև նացիստների կողմից նույնականացված ու նրանց հսկողության տակ գտնվող հրեաներ։
ԱՄՆ Հոլոքոստի հիշատակի թանգարանի հաշվեկշռում գտնվող այս լուսանկարը պատկերում է Վարշավայի գետոյում գտնվող հրեա զույգի՝ հարսանյաց հանդիսության ժամանակ՝ 1941 թվականի նոյեմբերին։
1942 թվականին Ամստերդամում արված լուսանկարում դարձյալ հարսանյաց հանդես է պատկերված, որի մասնակիցների հագուստին կարված է «Դավթի աստղը»․ դա հատուկ տարբերակող նշան էր, որը նացիստների հրամանով պարտավոր էին կրել Գերմանիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ապրող հրեաները Երկրորդ աշխարհամարտի տարիներին, դրանց միջոցով հրեաները պետք է նույնականացվեին հասարակական վայրերում։
Այսպիսով, հարսանյաց և այլ ուրախ արարողություններ եղել են պատմական նույնիսկ ամենադժվար ու աղետալի ժամանակահատվածներում։ Այդպիսի արարողությունների փաստը չի կարող հերքել ռազմաքաղաքական կամ հումանիտար այն իրողությունները, որոնց պայմաններում նման արարողություններ են տեղի ունեցել։
Ինչպես Հոլոքոստի տարիներին հրեաների տոնական արարողությունների վերաբերյալ վկայությունները Հոլոքոստի մերժման փաստ չեն կարող լինել, այնպես էլ շրջափակման պայմաններում Արցախում տեղի ունեցող նմանօրինակ արարողություններից լուսանկարների հայտնվելը սոցցանցերում չի կարող հերքել այնտեղ առաջացած հումանիտար աղետի փաստը։
Նանե Մանասյան