«Ազգային ժողովրդավարական բեւեռ» քաղաքական կազմակերպությունը այսօր հանրահավաք էր հրավիրել Ազատության հրապարակում՝ հայտարարելով, որ մտնում են վճռական նոր փուլ՝ հանուն Արցախի եւ հանուն Հայաստանի ինքնիշխանության»։
ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը հավաքի մասնակիցներին հավաստիացրեց, որ վերջին հանդիպումից հետո անցած վեց ամիսներին իրենք անգործ չեն մնացել, ծավալել են հսկայական գործունեություն եւ կան արդյունքներ։
«Այսօր՝ օգոստոսի 17-ին, մենք վերսկսում ենք հրապարակային պայքարը, որովհետեւ հաշվի առնելով տարբեր զարգացումներ, գտնում ենք, որ հիմա է ճիշտ պահը վճռորոշ, վճռական, վերջին փուլը թեւակոխելու։ Ինչքա՞ն կտեւի այս փուլը, օրեր, շաբաթներ, գուցե, ամիսներ, բայց վստահ կարող եմ ասել, որ այս փուլը պսակվելու է հաղթանակով, այն է՝ Նիկոլ Փաշինյանը չպիտի լինի Հայաստանի ղեկավարը, որովհետեւ նա չի կարողանում երկիրն այս վիճակից դուրս բերել։ Ավելին, նրա ամեն մի քայլ զգալապես դժվարացնում է մեր բոլորի գործը, նրա ամեն մի հայտարարություն օգտագործվում է մեր դեմ տարբեր միջազգային հարթակներում։
Կարդացեք նաև
Պարզ օրինակ։ Երեկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հակառակորդները, որոնք խոսում էին մեր դեմ, օգտագործում էին Նիկոլ Փաշինյանի ասածները։ Նրանք ասում էին, եթե Հայաստանի Հանրապետության ղեկավարը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս եւ խնդիրը զուտ մարդասիրական է, սնունդ հասցնելու հարց է, խնդիր չկա, Աղդամ-Խանքենդի ճանապարհը բացեք։ Բայց Արցախի հարցը ուտելիքի հարց չէ, Արցախի հարցը երբեք այդպիսին չի եղել։ Արցախի հարցը միասնական հայրենիքի հարց է եւ այն պիտի լուծվի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհով»,-ասաց նա։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ