Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Փարիզ քաղաքը, Իլ-դե-Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ-դը-Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր և Պրովանս-Ալպեր-Կոտ դ՛Ազուր ռեգիոնները՝ միասնական լինելով Արցախի ժողովրդին աջակցության տրամադրելու հարցում, համախմբվել են՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր պաշարված Արցախին հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։
Ֆրանսիական տարածքային մարմինների կողմից 20 տոննա տեղափոխող առաջին բեռնատարը Երևանից ուղևորվել է դեպի սահմանամերձ Կոռնիձոր, որտեղ միացել է Հայաստանի կառավարության կողմից արցախցիներին ուղղված առաջին անհրաժեշտության պարագաններ տեղափոխող ևս քսանմեկ բեռնատարներին։ Հունիսի 15-ից ի վեր Ադրբեջանի զինված ուժերը թույլ չեն տալիս անցակետով որևէ տեղաշարժ՝ ո՛չ պարենային օգնության, ո՛չ դեղորայք, ո՛չ բժշկական շարասյան:
«Մեզ անհանգստացնում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջանցքի շարունակվող տևական արգելափակումը, ինչը, մասնավորապես, խոչընդոտում է մարդասիրական օգնության տեղափոխմանը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ կատարել ստանձնած միջազգային պարտավորությունները, և, հատկապես, Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումը», – ասել է ֆրանսիական ՏԻՄ-երի պաշտոնական ներկայացուցիչը։
Տեղափոխվող 20 տոննա օգնությունը նշված ռեգիոնների ու քաղաքների կողմից ֆինանսավորվող բեռնատարների գլխավոր՝ ավելի մեծ ավտոշարասյան միայն առաջին՝ փոքր մասն է: Գլխավոր ավտոշարասյան մեկնարկը կտրվի օգոստոսի վերջին՝ հօգուտ արցախցիների իրականացվող մարդասիրական այս նախաձեռնությանն աջակցող ֆրանսիացի խորհրդարանականների և ՏԻՄ ղեկավարների պատվիրակության առաջնորդությամբ։
ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում