Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստի ժամանակ այսօր կրքերը կրկին լարվեցին: Տուժող, պատերազմի ժամանակ գերության մեջ հայտնված զինծառայող Արայիկ Գալստյանի հարցաքննության ժամանակ, զոհված զինծառայողներ Սամվել եւ Նարեկ Ղազարյանների հայրը՝ Գեղամ Ղազարյանը, հարց տվեց՝ եթե այն ժամանակ տուժողն իմանար, թե ո՞ւմ մեղքով է ինքը հայտնվելու գերության մեջ, կգնդակահարե՞ր Իշխան Վահանյանին։
Արայիկ Գալստյանը հարցին անհստակ պատասխան տվեց. առհասարակ, հարցաքննության ընթացքում նա անընդհատ ասում էր, որ ոչինչ չի հիշում, նույնիսկ հրամանատարների անունները, ասում էր, որ չի հիշում, իսկ հարցաքննությունից առաջ էլ նրա ինքնազգացողությունը վատացավ:
Գեղամ Ղազարյանի հարցը դուր չեկավ Վահանյանին. վերջինիս դեմքի արտահայտությունը եւ հայացքը սաստող էին։ Զոհվածի ծնողը՝ դիմեց Վահանյանին՝ «թարս չնայես»։ Զոհվածների ծնողներից մեկին էլ, նրա որդին ընդամենը 11 օրվա ծառայող է եղել, վրդովվեցրեց տուժողի այն պատասխանը, որ ինքն ունակ եղել է կատարելու հրամանները, թեեւ պատերազմի մեկնարկի ժամանակ երկու ամսվա ծառայող էր։ Տուժողի իրավահաջորդը նկատեց, որ զորքը մարտունակ չի ճանաչվել, քանի որ նորակոչիկներ են եղել, ոմանք նույնիսկ երդման արարողության չեն մասնակցել, բայց սպայական կազմը տարել է նրանց պատերազմի։ Ծնողները վրդովվեցին, իրավիճակը լարվեց, վիճաբանություն եւ խառնաշփոթ սկսվեց դատարանում:
«Սատկի: Դու պետք է իմ նման տանջվես : Քո երեսից գերեզմաններում ենք քնում»,-ամբաստանյալին դիմեց զոհվածի ծնողը: Վերջինս պատասխանեց ծնողին, բայց պատասխանը լսելի չէր: Նաեւ հայհոյանքներ հնչեցին:
Կարդացեք նաև
Կարգադրիչները ծնողին հեռացրեցին նիստերի դահլիճից։
Հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը:
Ըստ մեղադրանքի, Վահանյանը 44-օրյա պատերազմի օրերին վերցրել է կապի միակ միջոցը եւ փախել մարտադաշտից՝ դիրքում անպաշտպան թողնելով իր ենթակայության տակ գտնվող զինվորներին. 16 զինծառայող զոհվել է, 7 զինվոր գերեվարվել, 6-ը՝ վիրավորվել, 1-ը մինչ օրս անհետ կորած է համարվում, զինվորների մի մասին էլ 70 օր շրջափակման մեջ մնալուց հետո հրաշքով հաջողվել է փրկվել: Վահանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 380-րդ հոդվածի 1-ին մասով: Նա իրեն մեղավոր չի ճանաչում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ