Արցախում սովամահության դեպքի մասին ահազանգ-հաղորդագրության հետ տարածված լուսանկարը միանշանակ չընդունվեց անգամ հայ հանրության կողմից, ասում էին՝ վախենալու նկար է, որը չպետք է տարածեին: Այսօր Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանության վերաբերյալ հրատապ ասուլիսում այս մասին հարցին ի պատասխան՝ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասաց. «Նախ, հրապարակելուց առաջ մենք շատ երկար ծանրութեթեւ ենք արել:
Ուզում եմ հավաստիացնել, որ այդ որոշումը եւս մեզ հեշտ չի տրվել: Բայց 8 ամիս շարունակ, երբ ասում ենք սովամահության սպառնալիքի մասին, հրապարակում ենք տեսանյութեր, որտեղ մարդիկ ուշաթափվում են հացի հերթերում, ջրի հերթերում, ուշաթափվում են հղի կանայք եւ չեն կարողանում միջազգային տարբեր հարթակների, այդ թվում միջազգային մեդիային հասցնել, թե ինչպիսի աստիճանի է գտնվում վտանգը մարդկային կյանքի համար Արցախում, մեզ ստիպում է երբեմն գնալ այնպիսի քայլերի, որոնք այլ պայմաներում երեւի չէինք անի:
Մինչեւ հրապարակելը մեր աշխատակազմի ներկայացուցիչը հանդիպել է հարազատի հետ, խոսել ենք երկար այս թեմայով, ստացել ենք նրա համաձայնությունը եւ միայն դրանից հետո գնացել ենք այդ քայլին՝ հստակ հասկանալով, որ Արցախում իրավիճակի կարգավորման հրատապությամբ պայմանավորված պետք էր գնալ այդ քայլին: Ես ընդունում եմ տարբեր քննադատական կարծիքներ, չենք խուսափել հաշվի առնել դրանք, բայց միեւնույն ժամանակ, ցանկացած գործողություն, քայլ անելիս ունենում ենք դրա հիմնավորումները: Մեր ձեռքի տակ եղած նկարները շատ ավելի սարսափելի են, հանրային ավելի մեծ զգայունություն են ապահովում, որը, իհարկե, չենք հրապարակել, բայց դրանք տրամադրվել են համապատասխան դերակատարներին եւ կազմակերպություններին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ