Լրահոս
Օրվա լրահոսը

«Մա՛մ, կներես, մեզ հաց չի հասել, ոչինչ, հաջորդ օրը մի քիչ շուտ վեր կկենամ, շուտ հերթում կկանգնեմ». արցախցի փոքրիկը արդարացել է, որ 4 ժամ հացի հերթից դատարկ է եկել

Օգոստոս 17,2023 20:33

Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանության վերաբերյալ հրատապ ասուլիսում Շուշիից տեղահանված քաղաքացի Ալվինա Ներսեսյանը ներկայացրեց այն իրավիճակը, որն ունեն Արցախում. «Ես հիմա խոսում եմ ոչ միայն իմ ընտանիքի անունից, այլ 120 Հազար մարդու, հազարավոր մայրերի անունից, ովքեր այսօր անհավասար պայքար են տանում այն իրականության դեմ, որի մեջ մենք հիմա հայտնվել ենք: Ամեն օր հոգալ քո երեխաների հացը, որը ամեն առավոտ վեր կենալուց վստահ չես, որ կարողանալու ես ձեռք բերել, դա սարսափելի երեւույթ է, ես ձեզ վստահեցնում եմ:

Մեր երեխաները արժանի չեն այս իրականությանը, արժանի չեն այն վերաբերմունքին, որին այսօր մենք բոլորս ականատես ենք այստեղ: Ես Շուշիից բռնի տեղահանված եմ, պատերազմից հետո բնակություն եմ հաստատել Ստեփանակերտում, սկսել եմ զրոյից, ունեմ երկու անչափահաս երեխա եւ ամեն օր բախվում եմ հացի խնդրին: Երբ որ ես ասում եմ հացի խնդիր, ես չեմ խոսում ինչ-որ ճոխ ուտելիքի մասին, ես խոսում եմ սովորական հաց առնելու մասին, այն հացը, որը մենք բոլորս հասկանում ենք: Այն հերթերը, որոնք ունենում ենք հացի համար, սարսափելի են ու վստահ չես, որ երբ քո հերթը հասնի, դու հացը կստանաս, որովհետեւ հացի քանակը ահավոր քիչ է: Առանց չափազանցնելու՝ մի 2-3 օր առաջ որդիս գնաց, 4 ժամ կանգնեց հերթում եւ ցավոք սրտի դատարկաձեռն եկավ, ասեց՝ մամ, կներես, մեզ չի հասել, ոչինչ, հաջորդ օրը մի քիչ շուտ վեր կկենամ, շուտ կգնամ հերթում կկանգնեմ: Եվ դա այն իրականությունը չէ, որը ցանկացած մայր ակնկալում է իր երեխայի համար: Չեմ ուզում դա տեսնել ոչ մի ծնողի աչքերում, երբ խոսքեր չունենաս սփոփելու՝ ոչինչ, որ էսօր չի ստացվել, վաղը կստացվի»,- ասաց Ալվինա Ներսեսյանը՝ արցունքները խեղդելով:

Նա ասաց, որ առջեւում նոր ուսումնական տարին է եւ որեւէ կերպ պատրաստ չեն դպրոց ուղարկելու երեխաներին, ո՛չ գրենական պիտույք ունեն, ո՛չ հագուստ, ոչ էլ հոգեպես են պատրաստ. «Որովհետեւ ես չեմ կարող խոսել կրթության կարեւորության մասին իմ երեխաների հետ, երբ որ ես չեմ կարողանում հոգալ տարրական կենցաղային իրենց հոգսերը: Եվ դա այն իրականությունն է, որի հետ մենք այսօր ստիպված ենք պայքարել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031